HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Պաշտոնաթողությո՞ւն, թե՞ քրեական պատասխանատվություն

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականի պատճառը, ըստ շրջանառվող լուրերի, երկրի նախագահի աշխատակազմի աշխատակցին ծեծի ենթարկելն է: Իսկ այն, որ Բեգլարյանի մասնակցությամբ միջադեպ իրոք գրանցվել է, հաստատել է նաեւ նախագահի մամուլի քարտուղարը:

Անդրադառնալով կատարվածին` ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը նշում է, թե երկրի նախագահի գնահատականը շատ հստակ հնչեցրել է վերջինիս մամուլի խոսնակը. «Կարծում եմ, որ իրականում պետք է գնահատական տրվի այսպիսի երեւույթներին, եւ գնահատականը շատ արդարացի էր»: Հիշեցնենք` նախագահի մամուլի քարտուղարը Սերժ Սարգսյանի անունից հայտնել էր, թե «նման վարքագիծն անընդունելի է եւ անհանդուրժելի, իսկ պետական պաշտոնյայի դեպքում` առավել եւս»: «Հետքը» պատգամավոր Կ. Աճեմյանին խնդրեց մանրամասնել, թե ինչքանո՞վ էր նախագահի «գնահատականը»` փաստացի քաղաքապետի պաշտոնաթողությունը, համարժեք վերջինիս վարքագծին, արդյոք այն չի՞ ենթադրում քրեական պատասխանատվություն: «Ես չեմ կարող դրան անդրադառնալ, որովհետեւ, նախ` այնքան գիտեմ, ինչքան մամուլում հնչեցվել է, այսինքն` ավել տեղեկություն ես չունեմ, երկրորդ` դա էլ է նախագահի որոշելու հարցը»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորն ու խնդրեց թեմային այլեւս չանրադառնալ, քանզի «ավելացնելու բան այլեւս չունի»: Կարինե Աճեմյանն իր գործընկերուհու` դաշնակցական պատգամավոր Ռուզան Առաքելյանի հետ այսօր «Հայելի» ակումբի հյուրն էր: Նրան եւս «Հետքը» խնդրեց նույն հարցին պատասխանել: «Ես կարծում եմ, որ երկրի նախագահի գնահատականը ճիշտ էր: Իհարկե, վարքագիծը տվյալ դեպքում նաեւ կարող էր իրավաբաններին հետաքրքրել: Բայց կոնկրետ քաղաքապետի պարագայումն արդեն որակավորումը տրվեց եւ ճիշտ տրվեց, մնացյալն արդեն երկրի ղեկավարի որոշումն էր` պաշտոնանկությո՞ւն, թե՞ դա թողներ իրավաբաններին»,- ասաց Ռ. Առաքելյանը: Նախագահ Սարգսյանը, սական, քաղաքապետին, ըստ էության, կանգնեցրել էր բոլորովին այլ երկընտրանքի առջեւ` կամ պաշտոնաթողություն, կամ ներողության հայցում: Այնպես որ, քաղաքապետը կարող էր մարդ ծեծելու համար ուղղակի ներողություն խնդրել, եւ վերջ: Այլ հարց է, որ ինչպես մամուլն է գրել, «Բեգլարյանը ներողություն խնդրող տղա չէ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter