
Պոչամբարի վերականգնողական աշխատանքներն ավարտվել են
Ախթալայի Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի արանքում, Նահատակ գետի կիրճում գտնվող «Մեթըլ Փրինս» ընկերությանը պատկանող պոչամբարում վերջին ամիսներին սկսված վերականգնման աշխատանքներն ավարտվել են: Հիշեցնենք, որ պոչամբարի վերջին տարիների վթարայնությունը մտահոգել էր բնապահպաններին:
Պոչամբարի վերականգնման նախագծային աշխատանքները կատարվել են «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող Լեռնամետալուրգիայի ինստիտուտի բնապահպանության բաժնի պետ Հովիկ Նիկողոսյանի հեղինակած նախագծանախահաշվային փաստաթղթերով: Այսօր Հովիկ Նիկողոսյանն ասաց, որ հոկտեմբեր ամսին «Մեթըլ Փրինս» ընկերության կողմից կազմակերպվել է պոչամբարի շահագործման հասարակական լսումներ, որին մասնակցել են Լոռու մարզպետարանի աշխատակիցներ և բնապահպաններ: Ըստ Հովիկ Նիկողոսյանի` վերոնշյալ պոչամբարի ջրերն այլևս բնապահպանական սպառնալիք չեն Նահատակ գետակի և Դեբեդ գետի համար, քանի որ պոչամբարը աշխատելու է շրջանառու ջրերի համակարգով: «150 հազար տոնա հումք մշակելու դեպքում «Նահատակ» պոչամբարը, որն ունի 2,5 մլն տոննա տարողություն, կարող է պոչանքներ ընդունել 15-20 տարի: Պոչամբարում արդեն շահագործման նախապատրաստական աշխատանքներն ավարտվում են: Խողովակներում ճնշումը ստուգելու նպատակով ջրով փորձարկումներ են կատարվել»,- ասաց Հովիկ Նիկողոսյանը: Նա տեղեկացրեց, որ մինչ օրս Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչանքներն ամբարող, Ախթալայից Մեծ Այրում գյուղ գնացող ճանապարհի մոտ գտնվող պոչամբարը, որն ունի 500 000 տ տարողություն և դեռ 3 տարի կարող էր շահագործվել ընկերության կողմից, փակվել է:
Դեկտեմբերի 7-ին «Նահատակի» պոչամբարում հանդիպեցինք արածող 2 կովերի: Պոչամբարի շրջակայքում պոչամբարի վտանգների մասին նախազգուշացնող որևէ ցուցանակ տեղադված չէ: Մուտքն ազատ է անասունների համար:
Պոչամբարի տարածքում հատված ծառեր կային, ինչը նշանակում է, այնտեղ ազատորեն կարող են մուտք գործել նաև հարևան գյուղերի` Մեծ Այրումի և Ճոճկանի բնակիչները: Պոչամբարի արոտում իենց գյուղի անասուններին սպառնացող վտանգը ժխտեց Ճոճկանի գյուղապետ Սամվել Գիգոլյանը. «Պոչամբարում ստուգել ենք` ռադիացիա չկա, համ էլ ինչ գիտենք` պոչամբարը վտանգավո՞ր ա, թե՞ չէ: Որս գիտենք: Ենթադրում ենք ընդամենը: Հա դե իրանք էլ ասում են` պղինձը գետի տակին, թե` ըստի, ի՞նչ տարբերություն: Իրանք ասեին էնօրը` հասարկական լսումներին: Բնապահպանության մասնագետները ասին` էս տարածքում բնապահպանական վտանգներ ներկայացնում է միայն Ալավերդու մկնդեղի գերեզմանոցը»:
Մեկնաբանել