Կաքավաբերդի տխուր ճակատագիրը (տեսանյութ)
Հայերը սիրում են անդադար խոսել թշնամի երկրների տարածքում անտերությունից կործանվող հայկական կոթողների մասին՝ չնկատելով նույն խնդիրը իրենց քթի տակ: Այնինչ, Հայաստանի Հանրապետության տարածքում կործանվող ժառանգության առանձնահատկությունն այն է, որ այդ ժառանգությունը դեռ կարելի է փրկել: Փրկել այսօր: Վաղը ուշ է լինելու:
Կաքավաբերդը (Գեղի բերդ) գտնվում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Մազազ գավառում՝ Ազատ գետի աջ ափին։ Առաջին անգամ հիշատակում է Հովհաննես Դրասխանակերտցին (IX-Xդդ.) որպես Բագրատունիների տոհմական տիրույթ։ XIդ. այն անցել է Պահլավունիներին, XII-XIIIդդ.՝ Պռոշյաններին։
Դրասխանակերտցին հաղորդում է, որ 924թ. Կաքավաբերդի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշիրը և պարտվել Գևորգ Մարզպետունուց։ Բերդը հիշատակում է Մուրացանը իր «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում։ Գեղին վերջին անգամ հիշատակվում է 1224թ., երբ Գառնու մոտ մարտում պարտված Իվանե Զաքարյանը պատսպարվել է այնտեղ:
Կաքավաբերդն այսօր կատարյալ անտերության է մատնված Խոսրովի արգելոցի տարածքում, որի ղեկավարությունը էկոտուրիզմի զարգացման անվան տակ յուրաքանչյուր արշավականից 3000 դրամ է պահանջում միայն այնտեղ այցելելու թույլտվություն տալու համար: Որտեղ են գնում այդ գումարները՝ անհայտ է, բայց որ Կաքավաբերդն իր մաշկի վրա դրանք չի զգում, ակնհայտ է:
Ներկայացնում ենք «Չենք լռելու»-ի պատրաստած, Կաքավաբերդի վիճակը ներկայացնող տեսանյութը, որի նկարահանումները կատարվել են սեպտեմբերի 6-ին:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել