Հարկադիր կատարման ծառայության ղեկավարն ամենազոր է, արդարադատության նախարարը` քավության նոխազ
«Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանի նամակը` ՀՀ վարչապետին` արդարադատության նախարարի` աշխատանքից հեռացման վերաբերյալ
«Սույն թվականի դեկտեմբերի 9-ին` Կառավարության նիստի ընթացքում, Արդարադատության նախարարին ազատելու մասին Ձեր հայտարարության մեջ նշել եք. «Մենք ձեզ հետ միասին պետք է մեծ կարևորություն տանք էթիկայի կանոնների պահպանմանը, բոլոր գերատեսչություններում պաշտոնատար անձանց պահվածքին:
Հարկադիր կատարման ծառայության ղեկավարը թույլ է տվել էթիկայի կանոնների լուրջ խախտում: Արդարադատության նախարարին հանձնարարվել է հրապարակային պատժել ծառայության պետին իր պահվածքի համար: Արդարադատության նախարարը հանձնարարականը չի կատարել»: Արդյունքում ՀՀ նախագահի հրամանագրով, աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով` աշխատանքից ազատվել է ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը: Իհարկե, պաշտոնատար անձանց պատշաճ պահվածքի Ձեր պահանջին ամբողջությամբ կմիանա մեր հասարակությունը և մենք նույնպես: Շատ ավելի հասկանալի կլիներ այս ամենը, եթե անմիջապես աշխատանքից ազատվեր հենց էթիկայի կանոնները լրջորեն խախտած պաշտոնյան: Սակայն հասարակությունը, պաշտոնապես տեղեկացված չլինելով Հարկադիր կատարման ծառայության ղեկավարի թույլ տված էթիկայի կանոնների լուրջ խախտման մասին, բարձրացնում է մի շարք հարցեր. 1. Ինչո՞ւ հեռուստալրատվամիջոցները պաշտոնապես չեն հրապարակել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի էթիկայի խախտման փաստի մասին լուրը, որպեսզի հասարակությունը ընկալի հրամանագիրը: «ԴԱՀԿ ծառայության մասին» ՀՀ օրենքի 36-րդ` «Կարգապահական տույժը կիրառելու և տույժը հանելու կարգը» հոդվածի 1-ին կետում գրված է. «Կարգապահական տույժը նշանակվում է, եթե 6 ամսից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից` չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը. ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին և վտանգավորության աստիճանին»: 2. Ե՞րբ է խախտումը տեղի ունեցել, անցե՞լ է արդյոք այն վեց ամիսը, որի ընթացքում պետք է նշանակվեր կարգապահական տույժը, կամ գուցե նախարարը, կատարված խախտման վտանգավորության աստիճանը հաշվի առնելով, Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պատրաստվում էր դիմել Նախագահին` ծառայությունից ազատելու միջնորդությամբ: 3. Ի՞նչ է նշանակում էթիկայի կանոնների լուրջ խախտում, և ի՞նչ գործողություն եք ակնկալել նախարարից` իբրև հրապարակային պատիժ: 4. Արդյոք էթիկայի կանոնները լրջորեն խախտած ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շարունակո՞ւմ է աշխատել իր պաշտոնում: 5. Ինչո՞ւ օրենքները խախտած պետական պաշտոնյաները չեն պատժվում: 6. Որպես պատգամավորներ` մենք կարող ենք վկայել, որ Կառավարության անդամներից շատերն են իրենց աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարում և շատ ավելի վատ, քան Արդարադատության նախարարը: Ինչքանո՞վ է արդարացի ՀՀ նախագահի հրամանագիրը` հատկապես նրա նկատմամբ: Խնդրում եմ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` 10-օրյա ժամկետում տրամադրել վերոնշյալ հարցերի պատասխանները, որոնք կհրապարակվեն»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել