Ո՞վ է կարևոր` օլիգարխնե՞րը, Սևա՞նը, թե՞ 30 հազար բնակչությունը
Արգիճի գետի Գայլաձոր վտակի վրա «Զանգեզուր Էքսիմպ» ընկերության կառուցած ապօրինի փոքր ՀԷԿ-ի ապամոնտաժման ուղղությամբ որևէ գործողություն չի ձեռնարկվում: Միակ բանը, որ արել է ընկերությունը, հեռացրել է մետաղական խողովակները, որոնցով գետը պետք է հոսեր Վայոց Ձոր:
Նշենք, որ ապամոնտաժման և տարածքը վերականգնելու ժամկետը, որը հստակեցվել էր մարզպետի` ընկերությանն ուղղված հանձնարարական նամակով, լրացել է դեռ նոյեմբերի 19-ին:
«ԷկոԼուր»-ի հետ զրույցում S.O.S. Արգիճի խմբի ակտիվիստ Վարդան Գալստյանը գործողությունների ձգձգման հիմնական պատճառը համարեց այն, որ կառավարությանը և պետական այլ կառույցների ճնշում է օլիգարխների մի խումբ, որի մատը խառն է այդ կառուցապատման գործում:
«Իր` Սևանա լճի էկոհամակարգը պահպանելու հիմնական գործառույթը կատարելու փոխարեն բնապահպանության նախարարությունը խնդիրն այնպես ներկայացրեց, որ դա ուղղակի Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի համայնքերի միջև ջրի վեճ է: Այդ կերպ վարվեց նաև ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը: Իսկ ու՞ր է Սևանը, նրա մասին մոռացե՞լ են»,- ասաց Գալստյանը:
Նա ընդգծեց, որ նախարարությունը չի գնահատել անօրինական կառուցապատմամբ Սևանա լճի ջրահավաք ավազանին հասցված վնասը, թեպետ նախարարությանը ներկայացվել են լուսանկարներ, որոնք վկայում են, որ Գայլաձորի ջրահավաք ավազանը խախտվել է խրամուղի անցկացման աշխատանքների հետևանքով: Տարածքում արդեն սկսվել են սողանքային գործընթացներ, իսկ ստորգետնյա ջրային աղբյուրները գետի փոխարեն լցվում են խրամուղի մեջ:
«Զանգակ» հեռուստաընկերության լրագրող Վրույր Մալխասյանն էլ ասաց. «Ստացվում է, որ նախարարությունը չկարողացավ կամ էլ չցանկացավ կատարել վարչապետի հանձնարարականը: Գեղարքունիքի մարզպետարանը, չտիրապետելով համապատասխան մեխանիզմների, միայն նեղ գործառույթ կատարեց, այսինքն` տուգանեց ընկերությանը շինարարության թույլտվության բացակայության համար, և հանձնարարական նամակ գրեց: Հարցը մնաց հենց այդ մակարդակում»:
Վայոց Ձորի մարզի Աղնջաձոր համայնքը նույնպես ոգևորված չէ «Զանգեզուր Էքսիմպ» ընկերության գործողություններից: «ԷկոԼուրի» աղբյուրի փոխանցմամբ` Աղնջաձորի բնակիչները մտահոգված են, որ եթե նախագծին կանաչ լույս տան, ապա ջուրը խողովակներով կուղղեն դեպի այլ երկիր, իսկ իրենք ընդհանրապես կմնան առանց ջրի:
Այս մասին լուրերը նոր չեն: Միևնույն աղբյուրի համաձայն` 30-ական թթ. վերջերին սկսվեց մշակվել Նախիջևանի ԱՍՍՀ-ին (Ադրբեջանի ՍՍՀ) Գայլաձորից խմելու ջուր մատակարարելու նախագիծը: Ջրագիծը պետք է անցներ Խաչիկ գյուղի միջով մինչև Սադար գյուղ (անվանումը, հնարավոր է, ներկայումս փոխվել է): Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, նախագիծը կանգնեցվեց:
«Նախիջևանի փոխարեն (շրջանի հայկական անվանում) դժվար չէ ընդամենը մի քանի կիլոմետր էլ ավելացնել և խողովակը հասցնել Իրան կամ Արաբական Էմիրություններ»,- ասաց «ԷկոԼուրի» աղբյուրը:
Հարցին, թե ինչով կարող են հաստատվել նմանատիպ ենթադրությունները` «ԷկոԼրին» պատասխանեցին. «Այժմ հեռացրել են մետաղական խողովակները, գարնանը կբերեն նորերը, որոնք ունակ կլինեն դիմանալ ուժեղ ճնշմանը: Այ, այդ ժամանակ էլ կխոսենք»:
«Կշեռքի մի նժարին թանկարժեք ջուրն է, Սևանը և 30 հազար բնակիչները, մյուսին` մասնավոր շահը: Մենք արդեն ցույց ենք տվել մեր վերաբերմունքն այս հարցի կապակցությամբ: Ցույց ենք տվել, որ կանգնած ենք մեր հողի, մեր ջրի համար: Մնում է, որ իրենց վերաբերմունքը ներկայացնեն իշխանությունները»,- ասացին տեղի բնակիչները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել