24-ամյա Նորան մահացել է շմոլ գազով թունավորումից
Ալավերդու բնակարաններում գազի օդանցքերը լուրջ սպառնալիք են
Նոյեմբերի 28-ի երեկոյան` Ալավերդու Ս/Սարահարթ թաղամասի 2/ 5 շենքի թիվ 1 բնակարանի բաղնիքում լողանալիս, հանկարծամահ է եղել 24-ամյա Նորա Քառյանը: Ըստ մահվան բժշկական վկայագրի` Նորայի մահվան պատճառը եղել է օրգանիզմի ընդհանուր էկզոգեն սուր թունավորումը ածխածնի մոնոքսիդով (շմոլ գազով):
Նորան կարմիր դիպլոմով ավարտել էր Հյուսիսային համալսարանի Ալավերդու մասնաճյուղը: Նա վերջերս ընդունվել էր ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրոսական ծրագրի բաժին: Նոյեմբերի 28-ին երեկոյան Նորան Երևանից տաքիսով Ալավերդի է վերադարձել իր ուսանողական նոր տոմսով, որն այսօր սփոփանք է դարձել նրա մոր` Գայանե Քառյանի համար: «Նոր շորեր էր իր համար գնել, բոլորը փորձեց, հետո ասաց, որ ուզում է լողանալ: Նա միշտ երկար էր լողանում` երկար, գանգուր մազերի պատճառով: Մեկ ժամ հետո դուռը թակեցի, չպատասխանեց: Անհանգստացած դուռը ուժեղ քաշեցի. Նորան ընկած էր, արդեն չկար»,- պատմեց Նորայի մայրը: «Էյ-ի-ջի Սերվիս» ՍՊԸ-ի Լոռու ԳՀՏՍԾ-ի Թումանյանի տեղամասի պետ Լևոն Կոստանդյանը, անդրադառնալով Փաշո Քառյանի բնակարանի բաղնիքում անթույլատրելի պայմաններում տեղադրված ջրատաքացուցիչին, ասաց. «Էդ մասին գազի մատակարարման Ալավերդու տեղամասին հարցրեք: Սպասարկումը մենք ենք անում, բայց մոնտաժը իրենք են անում: Փաստաթղթով, ամեն ինչով Փաշո Քառյանի բնակարանի բաղնիքում ջրատաքացուցիչի տեղադրումը ձևակերպված է: Մենք էլ գնացել ենք նայել. ծխատարը կա պատի մեջ, հրշեջի տված ակտը կա, որ թույլատրվում է շահագործել: Մենք էլ, որ թույլատրված է, ամեն ինչը կա, էլ ինչի՞ն նայեինք»: Բաղնիքի առանց այն էլ փոքր օդատարը փակված էր ցանցով, որով նորմալ օդափոխություն չէր կարող կատարվել: «Եթե չցանցապատեինք, այդ անցքից առնետներ կլցվեն տուն»,- ասաց տիկին Գայանեն: Լևոն Կոստանդյանը մեզ խորհուրդ տվեց հենց գազի ծառայությանը հարցնել, թե ինչու է թույլտարել ջրատաքացուցիչ տեղադրել մի բաղնիքում, որի օդատարը նման վիճակում է: Շմոլ գազից մահվան ելքով Նորայի թունավորումն այս տարի երկրորդ դեպքն է Ալավերդիում: Մայիսի 8-ին Ալավերդու Շահումյան 10/22 բնակարանի բնակիչներ Կամո Խեչիկյանը և կինը` Արմինե Դավիդյանը, իրենց բաղնիքում լողանալիս նույնպես շմոլ գազից թունավորվել և տեղում մահացել էին: Նրանց մահվան պատճառով երկու անչափահաս երեխա է որբացել: «Էյ-ի-ջի Սերվիս» ՍՊԸ-ի Լոռու ԳՀԱՏԾ-ի Ալավերդու տեղամասի որևէ աշխատակից առ այսօր պատասխանատվության չի ենթարկվել: Իսկ գազի մատակարարման և սպասարկման ծառայությունները Ալավերդիում շարունակում են համարել, որ գազի օգտագործման անվտանգության ապահովումն իրենց խնդիրը չէ: Այսօր էլ Ալավերդու շենքերի բնակարաններում գազի համար նախատեսված օդանցքերը լուրջ սպառնալիք են. դրանք հետխորհրդային ցուրտ ու մութ տարիներին միացված են եղել փայտի վառարանների ծխատարներին և հիմնականում չեն գործում: Թեև 7 ամիս է անցել Կամո Խեչիկյանի և Արմինե Դավիդյանի ողբերգական մահից, սակայն մահվան առթիվ հարուցված քրեական գործը դեռևս չի ավարտվել, և որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Այդ քրգործի քննությունն ակնհայտորեն վերսկսվել է Նորայի ողբերգական մահից հետո: «Քննությունը նոր է սկսվել, ինչ են ասում, Կամո Խեչիկյանի բնակարանում ապօրինի է եղել գազի օգտագործման կետը, որի մասին մենք ակտ ենք կազմել ժամանակին: Էդ ակտով գազի մատակարարման աշխատակիցները պետք է անջատեին գազը: Դե, չեն անջատել: Ճիշտ է` ջրատաքացուցիչ չի եղել դրված, բայց խողովակը անջատված չի եղել»,- ասում է Լևոն Կոստանդյանը:
Մեկնաբանել