Եռաչափ գրաֆիկայով մուլտիմեդիա բեմադրությունները՝ հայաստանյան բեմում
Հոկտեմբերի 2-ից 8-ը Երևանի պետական տիկնիկային թատրոնում կներկայացվի բրիտանացի պարուսույց Բիլլի Քաուիի՝ նոր, եռաչափ գրաֆիկայով համակցված «Tango de Soledad» 10 րոպեանոց պարային բեմադրությունը: Այն առաջին անգամ հայաստանյան բեմում է Բրիտանական խորհրդի աջակցությամբ և HighFest միջազգային թատերական փառատոնի շրջանակում:
«Tango de Soledad»-ը (Միայնության տանգոն) հինգ րոպեանոց մենապար է, որը բեմադրել է Բիլլի Քաուին, և ներկայացնում է Էմի Հոլինգսոուրթը: Պարային բեմադրությունը եռաչափ պատկերների շարքի շնորհիվ հնարավորություն է ընձեռում դերասանի պրոյեկտված կերպարները էկրանից տեղափոխել հանդիսատեսի տարածք՝ այսպիսով հանդիսատեսին հնարավորություն ընձեռելով զգալ իրեն դերասանի հետ միևնույն հարթությունում:
«Արտառոց, լիրիկական, պատկերավոր, գրավիչ... Բիլլի Քաուիի ռոմանտիկ ֆանտազիաները խոր տպավորություն են թողնում ինձ վրա»,- նշել է հանրահայտ բալետմայստեր Միխաիլ Բարիշնիկովը:
Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 7-ին և 8-ին Պետական համազգային թատրոնի բեմում HighFest փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը ներկայացնում է նաև բրիտանական Proto-type թատրոնի «Third Person: Bonnie & Clyde» (Երրորդ անձ՝ Բոնի և Քլայդ) մուլտիմեդիա բեմադրությունը:
Այն պատմում է 20-րդ դարի սկզբին իրենց քրեական կյանքով և սիրո մեծ պատմությամբ հանրահայտ դարձած Բոնի Փարքերի և Քլայդ Բարոուի կյանքի մասին: Սիրո և մահվան սահմանները ջնջած այս պատմությունը հարուստ է սյուժետային գծերով և ժամանակակից մուլտիմեդիա հնարավորություններով ու հնարքներով:
Այս տարի Բրիտանական խորհուրդը, թատերական բեմադրություններից բացի, հանդես է գալիս նաև Արվեստի թվայնացմանն առնչվող առցանց քննարկումներով: Ոլորտի փորձագետներն առցանց քննարկումների միջոցով դիտարկում են Միացյալ Թագավորությունում կատարողական արվեստի զարգացման համար թվային միջոցների ընձեռած հնարավորությունները: Հայ մասնագետները ևս կարող են միանալ քննարկումներին և հետևել թեմայի զարգացումներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել