«Ռազմական արկածախնդրության դեպքում Հայաստանը դե յուրե կճանաչի ԼՂՀ-ն և կապահովի նրա անվտանգությունը»
Սերժ Սարգսյանի ելույթը այսօր կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում
Հարգելի գործընկերներ, Ցանկանում եմ խոսքս սկսել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին ուղղված անկեղծ շնորհակալությամբ` Մոսկվայում ջերմ ընդունելության, հյուրընկալության, այս նստաշրջանի հրաշալի կազմակերպման և, իհարկե, Հավաքական անվտանգության խորհրդի ու ՀԱՊԿ կանոնադրական մարմինների արգասավոր գործունեության համար, որն անցյալ տարի անցկացվեց Ռուսաստանի նախագահությամբ:
Ես նաև միանում եմ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահի լիազորություններն այսօր ստանձնած Բելառուսի Հանրապետության նախագահին ուղղված շնորհավորանքներին: Շնորհավորում եմ Ձեզ, Ալեքսանդր Գրիգորիի, ցանկանում եմ հաջողություններ մեր ընդհանուր աշխատանքում: Ցանկանում եմ նաև ընդգծել կազմակերպության քարտուղարության և անձամբ Նիկոլայ Բորդյուժայի աշխատանքը, որն ուղղված էր մոսկովյան նստաշրջանի 2009թ. որոշումների, ինչպես նաև մայիսին Մոսկվայում և օգոստոսին Երևանում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը: Հարգելի գործընկերներ, Միջնստաշրջանային ժամանակահատվածում ծանրակշիռ աշխատանք է կատարվել քաղաքական փոխգործակցության հետագա զարգացման ապահովման, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության կատարելագործման, արդի մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցության ուղղությամբ: Այս ամենի հետ միասին, մեր երևանյան պայմանավորվածությունների համաձայն` ներկա նստաշրջանի ընթացքում առաջնային պլանում քննարկեցինք և դիտարկման ներկայացրինք հարցեր, որոնք ուղղված են ՀԱՊԿ-ը հակաճգնաժամային արձագանքման նոր, ավելի արդյունավետ մեխանիզմով օժտելուն: Այս կապակցությամբ կցանկանայի նշել այնպիսի հիմնարար փաստաթղթերում կատարված փոփոխությունների կարևորությունը, ինչպիսիք են ՀԱՊԿ պայամանագիրն ու կանոնադրությունը: Առաջարկված փոփոխությունները ոչ միայն էականորեն ընդլայնում են այս կամ այն ճգնաժամային իրավիճակներին արձագանքմանն ուղղված կազմակերպության գործիքակազմը, այլև կարգավորում են իր շրջանակները ևս ընդլայնած սպառնալիքների վերացմանն առնչվող միջոցառումների ձեռնարկման և մշակման հարցերը: Երկրորդ կարևոր պահը, որի վրա ես կցանկանայի կենտրոնացնել ուշադրությունը, մեր կազմակերպության փաստաթղթերում սահմանափակ ձևաչափով որոշումներ կայացնելու հնարավորության ամրապնդումն է: Այս տարվա գարնան-ամռան ողբերգական իրադարձություններն ի հայտ բերեցին իրավական բաց, որը փաստացի արգելափակեց ՀԱՊԿ գծով անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու հետ կապված օպերատիվ որոշում կայացնելու հնարավորությունը: Վստահ եմ, որ նման որոշումների կայացման գործող մեխանիզմի առկայությունը, նախազգուշական արձագանքման մեխանիզմի հետ մեկտեղ, թույլ կտա ապահովել կազմակերպության ներուժի իրականացումը ճգնաժամային իրավիճակի ամենավաղ փուլում` չթողնելով, որ այն անցնի ակտիվ փուլի: Հավասարապես կարևոր նշանակություն եմ տալիս այսօրվա նստաշրջանում ընդունված` գործող իրավական բազայի կատարելագործմանն ուղղված այն փաստաթղթերի փաթեթին, որոնք կանոնակարգում են հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ձևավորման և գործարկման կարգավիճակն ու հաջորդականությունը, ինչպես նաև դրանց կիրարկման համար որոշումների ընդունման կարգը: Այն հատկապես կարևոր է արագ արձագանքման հավաքական ուժերի լիարժեք գործարկման ապահովման լույսի ներքո: Իսկ դա իր հերթին մեծացնում է ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ խորհրդի կողմից նորմատիվ իրավական ակտերի ընդունման կարևորությունը, որոնք պատրաստվել են ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի գծով: Հարգելի գործընկերներ, Մենք հաճախ ենք խոսում մեր երկրների արտաքին քաղաքականության սկզբունքային հարցերի ուղղությամբ մեր գործողությունների կոորդինացիայի մակարդակի բարձրացման անհրաժեշտության մասին: Այդ ուղղությամբ կարևոր քայլ եղավ ՀԱՊԿ-ում որպես նախագահող հանդես գալու վերաբերյալ Ղազախստանի թեկնածությանը համախմբված աջակցության մասին մեր որոշումը: Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Նուրսուլթան Աբիշևիչին` Աստանայի գագաթնաժողովի հիանալի կազմակերպման և այս կարևոր կազմակերպության գործունեությանը նոր խթան հաղորդելուն ուղղված մեծ ջանքերի առթիվ: Աստանայում անցկացված գագաթնաժողովը ակներևաբար ցուցադրեց ՀԱՊԿ-ի առջև ծառացած օրակարգային հարցերի արդիականությունը, նրա ձևաչափում խոր և որակական քննարկումների անհրաժեշտությունը: Աստանայի գագաթնաժողովի ընթացքում Մինսկի խմբի համանախագահող երկրների և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև ընդունվեց հնգակողմ հայտարարություն: Դրանում խոսվում է այն մասին, որ բանակցությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման փնտրտուքները ազգերի միջև կայունության, հաստատուն խաղաղության, փոխըմբռնման ոչ այլընտրանքային ճանապարհ են համարվում: Ընդգծվել է հիմնախնդրի լուծման անհրաժեշտությունը` ՄԱԿ կանոնադրության և ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերի հիման վրա, Աքվիլայում և Մուսկոկայում համանախագահող երկրների հայտարարության ոգով: Ռուսաստանի նախագահը, Ֆրանսիայի վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեցին ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության մասին, այն մասին, որ այդ առաջարկվող տարրերը որոշվել են որպես մի ամբողջություն, և դրանց մի մասը ի վնաս մյուսների գերադասելու ցանկացած փորձ անհնար է դարձնում հավասարակշռված լուծման հասնելը: Գագաթնաժողովի իմ ելույթում ես գրեթե կրկնեցի այն, ինչ բազմիցս ասել եմ մեր պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ: Այսինքն, որ Հայաստանը կտրականապես դեմ է հարցը ռազմական ճանապարհով լուծելուն և Ադրբեջանի կողմից նոր ռազմական արկածախնդրության սանձազերծման դեպքում, Հայաստանն այլ ընտրություն չի ունենա, քան դե յուրե ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և ապահովել նրա բնակչության անվտանգությունը բոլոր հասանելի միջոցներով: Հարգելի գործընկերներ, Վստահ եմ, որ եղած պայմանավորվածությունները կոնկրետ բովանդակությամբ լցնելու ուղղությամբ մեր հետագա ջանքերը և այսօր քննարկման ու ընդունման պատրաստված փաստաթղթերը ուղղված կլինեն տարածաշրջանային և միջազգային անվտանգության ամրապնդման գործում ՀԱՊԿ իրական ներդրման բարձրացմանը: Շնորհակալություն ուշադրության համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել