HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Անկեղծության «վնասը» եւ «փոխադարձ հարգանքը»` ըստ մարզպետի

Տավուշի մարզխորհրդի նիստերի մասին մարզի լրագրողները իմանում են` այցելելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության կայքի Տավուշի մարզպետարանի բաժին: Սակայն հաճախ լրագրողները նիստերից անտեղյակ են, որովհետեւ այս բաժինը չի գործում, տեխնիկական խնդիր կա:

Մարզխորհրդի նիստերի ժամանակ հաճախ մարզպետ Արմեն Ղուլարյանը հիշեցնում է ելույթ ունեցողներին, որ դահլիճում լրագրողներ կան, եւ հարկ չկա անկեղծանալու, «բացվելու»: Դեկտեմբերի 3-ին Տավուշի մարզխորհրդի հերթական նիստն էր: Ի թիվս այլ հարցերի, ազգային վիճակագրական ծառայության Տավուշի մարզային գործակալության պետ Աիդա Աչինյանը խոսեց այս տարի մարզի 4 համայնքներում անցկացված փորձնական մարդահամարի, այդ գործընթացի ժամանակ բացահայտված թերությունների մասին: Փորձնական մարդահամարի արդյունքները, դասերը կարեւոր են, քանզի հաջորդ տարի ամբողջ հանրապետությունում մարդահամար է անցկացվելու: Աիդա Աչինյանը մարզի համայնքապետերի ուշադրությունը հրավիրեց համայնքային գրքերի վարման թերությունների վրա: Նա ասաց, որ այդ սխալների մասին ինքը բազմիցս է նշել, սակայն դրանք այդպես էլ չեն շտկվում: Աչինյանի վկայությամբ` փորձնական մարդահամարի ժամանակ հաշվարարներ կային, որոնց ամբողջ աշխատանքը զուր եղավ, իրենք ստիպված եղան արտագրել նրանց լրացրած բոլոր` 55 հարցաթերթերը, քանզի այլ կերպ հնարավոր չէր: Գործը երբեմն զավեշտի է վերածվել, երբ զանգահարել են եւ դժգոհել համայնքապետարանի քարտուղարից, համայնքապետն ասել է. «Լավ նկարիչ է»: Այս խոսքերից հետո Տավուշի մարզպետը դժգոհեց Աիդա Աչինյանից, թե ինքը նրան թույլատրեց ազատ խոսել, բայց` ոչ այդ աստիճան: Օրակարգի մեկ այլ հարցի շրջանակում խոսելով մարզում կառուցվող շինությունների քաղաքաշինական նորմերի մասին` Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ Միսակ Մելքումյանը հայտարարեց, որ թեեւ վերջին տարիներին այս ոլորտում որոշակի առաջընթաց կա, սակայն Տավուշի մարզից քաղաքաշինության նախարարություն ուղարկված 5 գործերից 3-ը ետ է վերադարձվում: Սովորաբար իր խոսքի մեջ զուսպ մարզպետը կոպիտ հակադարձեց. «Ախմախ-մախմախ մի խոսա, լրագրողները գրում են»: Միսակ Մելքումյանը համեստ եւ պարտաճանաչ աշխատող է համարվում. նրան հասցված վիրավորանքն անհաճո էր նիստին ներկա 60-ից ավել համայնքապետերի, նաեւ լրագրողների համար: Օրակարգի հարցերից մեկն էլ վերաբերում էր համայնքների եկամուտների հավաքագրմանը: Տավուշի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանը նշեց, որ Տավուշի մարզի համայնքները դեկտեմբերի 1-ի դրությամբ սեփական եկամուտների հավաքագրումը կատարել են նախատեսվածի 87.5 տոկոսով: Թերհավաքագրվել է 64.9 մլն դրամ, որից հողի հարկ` 41 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ` մարզի համայնքները սեփական եկամուտները 10.9 մլն դրամով ավել են հավաքագրել: Ընթացիկ տարում համայնքապետարաններն աշխատավարձի պարտք չեն ունեցել: Նախորդ տարիներից մնացած` համայնքապետարանների աշխատավարձի պարտքը 8.1 մլն դրամից նվազել է 4.4 մլն դրամի, որից 3.8 մլն դրամը բաժին է ընկնում սահմանամերձ Բերքաբերի համայնքապետարանին: Խոսելով հողի հարկի թերհավաքագրման մասին` մարզպետը հիշեցրեց, թե օրենքը համայնքապետերի նկատմամբ իրեն քիչ իրավունքներ է տալիս, որ որեւէ համայնքապետի պաշտոնանկ անելու համար ինքը պետք է Սահմանադրական դատարան դիմի. «Կամ պիտի կռիվ անենք, կամ պիտի հարգենք իրար: Իսկ հարգանքը միակողմանի չի կարող լինել»,- ասաց Ա. Ղուլարյանը: Մարզպետը սեփական եկամուտների պլանը չկատարած համայնքապետերի վերաբերմունքն իր հանդեպ անարդարացի համարեց, որովհետեւ իր խոսքերով` ինքն ու համայնքապետերն օրենքով հավասար հնարավորություններ չունեն: Եկամուտների թերհավաքագրման պատճառների մասին էլ Արմեն Ղուլարյանն ասաց. «Հասկանում եմ բոլոր օբյեկտիվ պատճառները, սակայն ինձնից այդ օբյեկտիվ պատճառները չեն ընդունում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter