HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիշողության պատառիկներ

Գոլի Թարաղի

Հեղափոխությունից հետո մեր բոլոր աշխատողները թողեցին ու գնացին, նույնիսկ Հասան աղան, որ քառասուն տարուց ավելի մեր տան խոհարարն էր, նրա կինը` Զահրա խանումը, որ բազմիցս երդվել էր, թե մեզ աչքի լույսից շատ է սիրում, այգեպան Մարթազանը, որ նամազի ժամանակ մեր գերդաստանի ու հորս համար էր աղոթում, նանե Քարաջին, որ մեր տանն էր ծերացել ու ընտանիքի անդամ էր համարվում:

Ծեր խոհարարը հեռացավ` իր հետ տանելով մեր կյանքի ու հիշողությունների մի էջը, որ ընծայաբերության, ուրբաթ օրերի հյուրընկալությունների, այլ տոնական երեկույթներով էր լցված: Նրա գնալով տանից անհետացան նաեւ ուրախություն պարգեւող հոտերը, որ հավանաբար մառանից` հյութերով լի սափորներից ու թթվի կճուճներից էր տարածվում, կաթսաների ու սպասքի համաչափ չխչխկոցը, համեղ կերակուրների կախարդական համն ու խոհանոցի դրախտային խաղաղությունը: Նրա ու նանե Քարաջիի հեռանալը, շահի փախուստը, քեռիներիս հապշտապ գաղթը դեպի հեռավոր երկիր, հարեւանի տան բռնագրավումը, Շամսալմալուք խանումի անտեղի վկայությունը Փամնար փողոցում, փակեցին մեր կայուն տան մշտնջենականության ու հավերժի դուռը: Այդ ամենը նման էր մի տոնի ավարտի, որից հետո սկսելու էր անհայտ նորը: Դեպքերի ու իրադարձությունների տրամաբանությունը չէինք հասկանում: Կողոպտվեցին հին սովորություները եւ մեր հիշողությունների առասպելական ընկալումները: Երբ ճղված կտորեղենի վրա մի ուրիշն ես դնում, դրանից միայն կարկատան է ստացվում: Աղա Հասանը առանց հրաժեշտի, պատճառի ու պատրվակի, լուռ անհետացավ: Ենթադրեցինք` հիվանդացել է, ճամփորդության է մեկնել, կամ էլ, Աստված մի արասցե, հեղափոխության ժամանակ գլխին մի փորձանք է բերել ու մահացել: Մտքներովս չէր անցնում, որ մտածված, հոժարակամ է գնացել: Հասանի տղաները թաղային խորհրդի աշխատակիցներ էին, Զահրա խանումի միջոցով մեզ սպառնալիքներ էին ուղարկում: Չէինք ուզում հավատալ, որոշեցինք գնալ, դեմ առ դեմ խոսել Հասան աղայի հետ: Ես ու մայրս էինք: Դուռը չբացեցին: Մեկը վարագույրի հետեւից ծիկրակեց: Պատասխան չեղավ: Վերադարձանք` ամոթահար, նվաստացած: Փողոցում այգեպան Մարթեզանին հանդիպեցինք, երեսը շրջեց, առանց բարեւելու` անցավ: Մնացինք մենակ` սառը, լուռ տան մեջ: Երբ էլեկտրականություն չէր լինում, հավաքվում էինք նավթավառի շուրջ: Եթե մեկը դռանն էր մոտենում, վախից շունչներս էինք պահում: Ընտանիքի ավելի երիտասարդ անդամները որոշել էին Եվրոպա մեկնել: Ծերերի հետ չգիտեինք` ինչպես վարվել: Ոչ կարող էինք նրանց Եվրոպա տանել, ոչ էլ առանց խնամքի, մենակ թողնել: Կիսաշունչ ու անդամալույծ տատիկները մեռնելու ցանկություն չունեին: Նրանցից տարիքով համեմատաբար փոքրերը վախենում էին գաղթելուց, փոփոխություններից եւ սարսափում էին մնալուց` մենակությունից, պատերազմից ու հեղափոխությունից: Հորեղբայրս դասալիք գնդապետ էր: Շուքաթ Ազամ խանումը քուն ու դադարն էր կորցրել, վախենում էր կողոպտիչներից ու սովից: Հորաքույր Մալաքն անդադար աֆղանցի սպասավորներից էր խոսում: Համոզված էր` նրանցից մեկը կկտրի իր գլուխը: Տրտմագին` դողացող ձեռքը կզակի տակով էր սահեցնում, ու ասես զգալով դանակի սայրը իր գեր մարմնի մեջ` հոգոց էր հանում: Քեռիս ավելի խելացի գտնվեց, նախ երկու գամփռ գնեց (նրանք հենց նույն օրը կծեցին մոր ու կնոջ ոտքերը), ազդանշանային, տեսագրող սարքեր տեղադրեց դռների ու պատուհանների քիվերին: Մորս ամենաշատը Հասան աղայի անհավատարմությունն էր ցավ պատճառել: Չէր ցանկանում անունն արտաբերել, բայց նրան չէր էլ մոռանում: Նոր ծառայող ընդունել էլ չէր ուզում: Դժվար էր գտնել մեկին, ում կարելի կլիներ հավատալ ու տուն բերել: Երկրից մեկնելու մտադրություն ունեի, բայց մորս համար խնամող պիտի գտնեի: Հյուսն Մոմեդ աղան ազնիվ ու համեստ մարդ էր: Քսան տարի էր` նրան ճանաչում էինք: Մնացածից տարբերվում էր: Եկել էր, որ դռան կողպեքները մի երեք-չորս հատով եւս ավելացնի: Առիթն օգտագործեցի, անկեղծացա: Ասացի` մորս համար ազնիվ ու հուսալի բարեկամ եմ փնտրում: Եղբայրս` Մոհանդես աղան էլ է իրեն շատ հավանում, առավել վստահելի մարդ չեմ ճանաչում: Հավատացած էի` կասի` ոչ, կամ կեղծ սիրալիրությամբ կհրաժարվի: Բայց, հակառակ սպասմանս, այլ կերպ ընդունեց առաջարկս: Ձեռքի սղոցը գետնին դրեց, գլուխը բարձրացրեց, ասաց. «Աչքիս վրա: Մենք կերել ենք Ձեր հացը, պարոն Մոհանդեսի ասածն էլ ինձ համար օրենք է»: Դժվար էր հավատալ: Շատերն էին խոստացել, հետո մոռացել: Անվստահ հայացքով նրան նայեցի: Կրկին հարցրի. «Գուցե ուրիշ մեկի՞ն նկատի ունեք, Ձեզ նման վստահելի մի մարդու»: Պատասխանեց. «Դուք կարծում եք` ամեն մեկին տիկնոջ մոտ` ծառայությա՞ն կբերեմ: Այս օրերին մարդ նույնիսկ իր ստվերից է վախենում: Աստված վկա, ես ամոթից գետինն եմ մտնում Հասանի հեռանալու պատճառով, չեմ կարողանում Մոհանդես աղայի աչքերին նայել: Զարմանալի ժամանակներ են, շունը տիրոջը չի ճանաչում: Բայց մենք չենք մոռացել Մեծ տիկնոջ լավությունները: Մայրս ամեն օր աղոթում է պարոնի համար»: Մտածեցի` հաճոյախոսում է: Մոմեդ աղան խելացի մարդ էր, կարդաց մտքերս: Ասաց. «Հենց հիմա կգնամ մորաքրոջս տուն, նրա թույլտվությամբ աղջկան կվերցնեմ, կբերեմ` Մեծ տիկնոջ ձեռքը համբուրելու»: Վերջապես գտա փնտրածս: Նշանակություն չուներ` խոհարարություն, դերձակություն, տան գործերն անել գիտի, թե չէ, կարեւորն այն էր, որ Մոմեդ աղայի մորաքրոջ աղջիկն էր: Ասաց` նա երբեւէ չի աշխատել, տանից էլ հազվադեպ է դուրս եկել: Ամաչկոտ, բարեպաշտ, ազնիվ աղջիկ է: Փորձեցի վճարել այդքան մեծ ծառայության համար: Մերժեց, հրաժարվեց ընդունել: Ամոթով մնացի: Մոմեդ աղան գնաց մորաքրոջ աղջկա հետեւից, ես էլ աճապարեցի մորս մոտ` ուրախալի լուրը հայտնելու: Խոհարար Հասան աղան չէր եկել, բայց նրա կնոջ ու տղաների կերպարանքը մինչեւ օրս աչքիս առաջ է: Կանգնել էին միջանցքում` դռան մոտ: Զահրա խանումը կուչ էր եկել տղաների թիկունքում, գլուխը կախ էր, դեմքի կեսը ծածկել էր սեւ չադրայով: Տղաները շփոթված էին, քննարկում էին, չէին որոշել` ինչ են ուզում: Նրանց պարագլուխը Հասանի փեսան էր, որին գրեթե չէինք ճանաչում: Գումար էին ուզում, տան կեսը, այգուց ինչ-որ հատված: Անհեթեթություններ էին դուրս տալիս, նրանց պահանջը ոչ հիմք ուներ, ոչ տրամաբանություն: Մայրս զայրացած էր, նրա ամեն դիտողության ու խիստ հայացքի հետ նրանք սփրթնում էին: Բայց իրենց մի բան պարզ էր` մենք այլեւս նույն դիրքն ու հնարավորությունները չունեինք: Եվ այդ հանգամանքն էր պատճառը, որ ամաչկոտ Զահրա խանումը լեզու էր առել: Տղաների հետեւում կանգնած` երկարացրեց վիզը, նվաղուն ձայնով ասաց. «Բա հեղափոխությունն ինչի՞ համար էր»: Նրա ասածի մեջ ճշմարտություն կար: Առանց ձգձգելու եղբայրս միանգամից հարցրեց. «Ինչքա՞ն եք ուզում»: Տղաները համրացան, Զահրա խանումը կծեց չադրայի ծայրը, կկոցեց աչքերը: Երիտասարդ փեսան պատահական մի թիվ թռցրեց, իրենց կարծիքով` մեծ բան էին ուզել, մեր սպասածից քիչ էր պահանջածները: Փողը տվեցինք ու ազատվեցինք նրանց ներկայությունից:

Պարսկերենից թարգմանեց Նունե Հովհաննիսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter