Տաթեւ. ինչպես են տնօրինվում գերակա շահ հռչակված հողերը - 3
սկիզբը` Տաթեւ. ինչպես են տնօրինվում «գերակա շահ» հռչակված հողերը - 1, Տաթեւ. ինչպես են տնօրինվում գերակա շահ հռչակված հողերը - 2
2009 թ. հունիսի 26-ի թիվ 848 որոշմամբ Կառավարությունը «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի եւ 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` որոշում էր ընդունել Տաթեւ վանական համալիրը եւ հարակից Խոտի, Շինուհայրի, Հալիձորի, Տաթեւի, Սվարանցի, Տանձատափի, Աղվանիի եւ Բարձրավանի գյուղական համայնքները հայտարարել զբոսաշրջային կենտրոն` անվանելով «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոն:
Նույն օրը մեկ այլ` թիվ 944 որոշմամբ` Կառավարությունը Հալիձոր գյուղի բնակիչների սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու որոշում էր ընդունել: Ճոպանուղու եւ հյուրանոցային համալիրի շինարարության համար նախատեսված տարածքներում գերակա հանրային շահ հռչակված հողերի գնահատումը կատարել էր «Ալտա Վիպ» գնահատման եւ անշարժ գույքի գործակալությունը: Հեռախոսազրույցի ժամանակ գործակալության գործադիր տնօրեն Տիգրան Գրիգորյանը դժվարացավ հիշել, թե Հալիձորում մեկ տարի առաջ հողերը գնահատելիս իրենք քմ-ի համար ինչ գումար են նշել, սակայն բացատրեց գնահատման մեխանիզմը, որով իրենք առաջնորդվել են: «Սովորաբար, երբ մեզ հրավիրում են տարածքներ գնահատելու, մենք նախ ուսումնասիրում ենք, թե վերջին տարիներին նմանատիպ հողատարածքներն ինչ գնով են վաճառվել, իհարկե հաշվի ենք առնում նաեւ տվյալ տարում եղած վաճառքները,- պարզաբանում է Տիգրան Գրիգորյանը,- դա կոչվում է անշարժ գույքի գնահատման համեմատական մեթոդ: Եթե հողերը լավն են, գինն էլ, բնականաբար, բարձր է լինում, եթե որակ չկա, ապա գինն ընկնում է»: Հալիձորցի 3 ընտանիքի չէին բավարարել ոչ արված գնահատումները, ոչ իրենց առաջարկվող գինը, ոչ տարածքներն իրացնող կազմակերպության` «Ինստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփնի» ՓԲԸ-ի գործելակերպը: «Եղել են բազմաթիվ խախտումներ,- պնդում է բողոքող կողմի փաստաբան Կարեն Մեժլումյանը,- նախ սկսեմ Կառավարության որոշումներից: Հունիսի 26-ին որոշում է ընդունվել Տաթեւը զբոսաշրջային կենտրոն համարելու մասին, այնուհետ, նույն օրը, գուցե մեկ ժամ անց, Կառավարությունը որոշում է ընդունել Հալիձորի այս բնակիչների հողամասերը պետական կարիքների համար վերցնելու մասին: Խնդիրն այստեղ հետեւյալն է. քանի դեռ այն որոշումը ուժի մեջ չէր մտել, այսինքն` չէր հրապարակվել պաշտոնական տեղեկագրում եւ այլն, այդ ծրագիրը` որպես այդպիսին, Կառավարության կողմից հաստատված` գոյություն չէր կարող ունենալ: Բայց ստացվում է, որ այդ գոյություն չունեցող ծրագրի իրականացման համար անմիջապես հաջորդ քայլն են արել եւ հողերը գերակա շահ հռչակել»: Ըստ Կ. Մեժլումյանի` սա լուրջ բացթողում է. ուժի մեջ չմտած որոշումը հիմք է ընդունվել, որպեսզի բնակիչների հողամասերը վերցնեն:

12 հալիձորցիներ 2009 թ. նոյեմբերի 16-ին դիմել են դատարան` խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ Կառավարության 26.06.2009 թ. թիվ 944-ն որոշումը` «ՀՀ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղական համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին»: Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի 30.10.2009 թ. որոշումը ստանալուց հետո հայցվորների ներկայացուցիչը 25.02.2010 թ. ստացել է վարչական դատարանի 22.02.2010 թ. գրությունն այն մասին, որ վարչական գործը քննվում է գրավոր ընթացակարգով, եւ գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակումը տեղի կունենա 2010 թ. մարտի 1-ին, ժամը 17:50-ին: Դատարանը վճռի հրապարակումից բացի որեւէ այլ դատական նիստ չի հրավիրել, որին կկարողանար ներկա գտնվել հայցվոր կողմը եւ հնարավորություն կունենար ներկայացնելու հայցադիմումի վերաբերյալ իր փաստարկները, հիմնավորումներն ու լրացուցիչ ապացույցներ: «Հայցվոր կողմը, համարելով, որ Վարչական դատավարության օրենսգրքի 138 հոդվածով նախատեսված` գործը գրավոր ընթացակարգով քննելու կանոնը չի կարող համարվել առանց հրապարակային դատաքննության դատական ակտի հրապարակման դատարանի իրավունք, 01.03.2010 թ., ժամը 11:29 րոպեին դատարան է ներկայացրել դիմում-միջնորդություն` գործը հրապարակային քննելու մասին»,-պարզաբանում է հայցվորների փաստաբանը: Դատարանը մերժել է միջնորդությունը: «Վարչական դատարանը, առանց գործի հրապարակային քննության, 01.03.2010 թ. կայացրեց որոշում, որով մեզ մերժեցին եւ որով սկզբունքորեն խախտվեց հրապարակային դատաքննության հայցվորների իրավունքը,- ասում է Կ. Մեժլումյանը,- փաստորեն, գործով հրապարակային դատաքննություն չիրականացվեց, հայցվորները ծանուցվել էին միայն դատական ակտի հրապարակման տեղի եւ ժամանակի մասին: Դատարանը չէր ստուգել վիճարկվող որոշման համապատասխանությունը ՀՀ Հողային օրենսգրքի 9 եւ 10 հոդվածներին: Դատական ակտում նշված չէր, թե որն է այն հաստատված քաղաքաշինական ծրագիրը, որի նկատմամբ գերակա հանրային շահ է ճանաչվել եւ այլն»: Հայցվորներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական է, որի վրա, ըստ Կ. Մեժլումյանի, քաղաքաշինական ծրագիր հաստատելու դեպքում հողամասերը պետք է օբյեկտիվորեն ստանան բնակավայրի նշանակություն: Արդյունքում սեփականատերը բնակավայրի հողամասի շուկայական արժեքին համարժեք փոխհատուցում կստանար, որն ավելի բարձր է գյուղատնտեսական նշանակության հողերի գնից: «Իսկ հիմա իրենք արել են զուտ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի գնահատում եւ առաջարկել սեփականատերերին 1քմ-ը 83 դրամ, որը շատ ցածր գին է` համեմատած, իհարկե, 222 դրամի հետ, որը Հալիձորում բնակավայրի հողերի օտարման կադաստրային արժեքն է»,- ասում է Կ. Մեժլումյանը: Հողային օրենսգրքի համաձայն` միայն բնակավայրերի նշանակության հողամասերի վրա կարող է կառուցապատում իրականացվել, իսկ հողամասերի նպատակային նշանակությունը սահմանում է ՀՀ Կառավարությունը: Կառավարության 2009 թ. հունիսի 26-ի թիվ 944 որոշման 3-րդ կետով սահմանվել է հետեւյալը. «Սյունիքի մարզի Հալիձորի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող 4.5697 հա գյուղատնտեսական նշանակության հողերը, համաձայն N2 հավելվածի, փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա: 4-րդ կետով առաջարկել Սյունիքի մարզի Հալիձոր գյուղական համայնքի ղեկավարին` ապահովել հողերի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչեւ փոփոխումը: Իսկ 7-րդ կետով սահմանվել է, որ 3-րդ կետն ուժի մեջ է մտնում սույն որոշման 1-ին կետով սահմանված տարածքների նկատմամբ ձեռք բերողի սեփականության իրավունքի գրանցման պահից: «Եթե համարենք, որ Կառավարության 7-րդ կետը դեռ ուժի մեջ չի մտել, եւ տարածքները ձեռք բերողը սեփականության իրավունքը չի գրանցել, կնշանակի` հայցվորների հողերը դեռեւս գյուղատնտեսական նշանակության են, հետեւաբար այդ տարածքներում չպետք է իրականացվեն քաղաքաշինական ծրագրեր,- ասում է փաստաբանը,-իսկ եթե այն ուժի մեջ է մտել, ուրեմն առաջարկվող փոխհատուցումն էլ պետք է համարժեք լինի: Բանն այն է, որ վարչական դատարանը չի անդրադարձել հայցապահանջում առկա մեր այս հիմնավորումներին ու չի հերքել դրանք: Իսկ Սահմանադրության 31 հոդվածն ասում է, որ անձը, եթե իր հողը վերցնում են պետական կարիքների համար, ինքը նախնական համարժեք փոխհատուցման իրավունք ունի»: Հայցվորների նյութական եւ դատավարական իրավունքի խախտման հիմքով 01.04.2010 թ. հայցվորների` Վճռաբեկ դատարան ուղարկված բողոքը վերադարձվել է: Վերաքննիչ քաղաքացիական դատարան նույն հիմքով վերաքննիչ բողոք ուղարկվել է 01.11.2010 թ.: Հայցվորների շահերի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը նույն հայցապահանջով դիմել է Սահմանադրական դատարան: Վերջինս գործը վարույթ է ընդունել, եւ մեկ-երկու ամսից նշանակված է գործի քննությունը: «Դիմել ենք նաեւ Եվրոպական դատարան, սպասում ենք պատասխանի»,- տեղեկացնում է փաստաբանը: Փաստաբանին ամենից շատ ապշեցրել է այս գործում մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի դիրքորոշումը: 2009 թ. աշնանն իրենք դիմել էին պրն Հարությունյանին ու ստացել, Կարեն Մեժլումյանի բնորոշմամբ, շատ զարմանալի պատասխան: «Մինչ այդ մարդու իրավունքների խախտման հիմքով Արմեն Հարությունյանը վարույթ էր հարուցել, բայց հետո մենք ստացանք մի պատասխան, որտեղ ասվում էր. «Քանի որ Կառավարության որոշումով այդ հողերը տրվել են «Ինստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփնի» ՓԲԸ-ին, նրանք էլ իրավասու են այնտեղ աշխատանքներ իրականացնել»: Ամբողջ հարցն այն է, որ մենք չենք վիճարկում տրման օրինական լինելը: Լավ, տվել են ամենաօրինական ձեւով, բայց այն քո սեփականությունը կարող է դառնալ միայն նախնական համարժեք փոխհատուցումից հետո: Դա սկզբունք է` Սահմանադրության 31 հոդվածով նախատեսված,- մեկնաբանում է Կ. Մեժլումյանը,- այս պահանջով ժամանակին մարդու իրավունքների պաշտպանն էր մտել Սահմանադրական դատարան` Երեւանի Հյուսիսային պողոտայի հետ կապված, որտեղ Կառավարության 51 որոշումով նշված չէր նախնական փոխհատուցման գաղափարը, եւ հակասահմանադրական ճանաչվեցին այդ որոշումն ու այն ժամանակվա օրենքը: Բայց այս դեպքում պաշտպանը լրիվ այլ դիրքորոշում ունեցավ»: Փաստաբանը հիշատակում է Հյուսիսային պողոտայի դեպքերը, երբ մարդկանց ուղղակի քշեցին, որպես փոխհատուցում տվեցին այնքան գումար, որ մարդիկ չկարողացան անգամ Երեւանի ծայրամասում նորմալ բնակարաններ ձեռք բերել: «Տեսեք, վերջերս տարածքների իրացման գործընթացներ եղան Գինու կոմբինատի հետեւի մասում, Կոնդ թաղամասում, որեւէ դատական գործի մասին լսե՞լ եք... Ոչ մի դատական գործ: Երբ նորմալ փոխհատուցում է տրվում, մարդիկ վեճ չեն ունենում,-ասում է Կ. Մեժլումյանը,- հասկանում են, որ խելքին մոտ փոխհատուցում է տրվել ու համաձայնվում են»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել