HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Փախստականներ. 21 տարի անց

Նոյեմբերյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող «անկյունային» կոչվող շենքում ապրում, ավելի ճիշտ գոյատեւում են հայր ու որդի Յուրիկ եւ Քրիստափոր (Սուրեն) Մելքոնյանները: Առաջին հարկում գտնվող երկու սենյակները շատ խոնավ ու ցուրտ են:

Տան երեք պատուհանները ապակեպատ չեն, ուշ աշնան ցուրտը ներս է թափանցում, միայն խոհանոցի պատուհանն է պատված պոլիէթիլենով: Տուն մտնելով` տեսա, որ աթոռները շրջված են: «Յուրիկն է արել»,- բացատրեց 53-ամյա հարեւանուհին` Սուսաննա Անանյանը: Նրա խոսքերով, վերջերս Յուրիկը պլաստմասսայե շիշը հոր դեմքին շպրտելով` կապտուկներ էր առաջացրել: Յուրիկ Մելքոնյանը կողքի սենյակում զինվորական տաք տաբատով անկողնում պառկած էր` վերմակը գլխին քաշած: Նա այդ կերպ հաղթահարում էր ցուրտը: Ընդհանրապես, տան ոչ մի անկողին սպիտակեղեն չունի: Յուրիկը 50 տարեկան է, Բաքվի «Մոսկվա» կինոթատրոնում 11 տարի կինոմեխանիկ է աշխատել: Նա դեռ Բաքվում հոգեկան որոշ խանգարումներ է ունեցել, որոնք խորացել են ադրբեջանցիների ամբոխի ծեծի հետեւանքով: «Ներխուժեցին մեր տուն: Հորս` Սուրենի գլխին էին խփում: 3 հոգի էլ իմ վրա հարձակվեցին, նրանց հարվածներից քթիցս արյուն էր հոսում»,- պատմում է Յուրիկը: Երկրորդ կարգի հաշմանդամ է: Նրա մկանները կծկվում են, տանից գրեթե դուրս չի գալիս: Գլխին մի քանի ուռուցքներ կան, որոնցից թարախ է հոսում: Յուրիկ Մելքոնյանի ներքեւի շրթունքին ինչ-որ հավելուկ կա, որի հեռացման համար բժիշկներին չի դիմում: Տնից մոտ 100 մ հեռավորությամբ քաղաքային պոլիկլինիկան է, սակայն այնտեղ չի հաճախում` գոնե հոգեկան հիվանդներին անվճար հասանելիք դեղորայքը ստանալու համար: Հանգուցյալ քրոջ` Սվետայի դուստրը` Էլինան, նրա համար «Ցինարիզին» դեղ է բերել: Յուրիկը կուլ է տալիս հաբերը` չիմանալով` դրանք օգո՞ւտ, թե՞ վնաս կտան իրեն: Հայրը` 80-ամյա Սուրենը, մինչ օրս զգում է ադրբեջանական ծեծի սարսափները: 1989 թ. ընտանիքով Բաքվից Նոյեմբերյան տեղափոխվելուց հետո նա, վախը սրտում, օրերով տանից դուրս չէր գալիս: 13 տարի առաջ Նոյեմբերյանում 40 տարեկան հասակում աղիների քաղցկեղից վախճանվել է ընտանիքի դուստրը` Սվետան: Երկու տարի առաջ 71 տարեկան հասակում մահացավ Սուրենի կինը` Նինան: Ռուսաստանում ապրում է Սուրենի մյուս դուստրը` Նելլան, սակայն ինքն էլ կարիքավոր լինելով` չի կարողանում օգնել եղբորն ու հորը: Հիմա անհաշտ ապրում են երկուսով` հայր եւ որդի: «Մի գիշեր Յուրիկը կացինը վերցրել, ցանկանում էր հորը մորթել, մի կերպ կանխել ենք, չենք թողել»,- ասում է հարեւանուհի Սուսաննան: Նրա խոսքերով` Սուրենի հիշողությունը կայուն չէ, մի քանի օր առաջ տնից դուրս գալով` նա կորել է, հարեւաններով որոնել, քաղաքի ծայրում գտել են: Մելքոնյանները ծայրահեղ աղքատ են: Տանը կահույք գրեթե չկա, գրադարակին ռուսերեն լեզվով գեղարվեստական շուրջ երկու տասնյակ գրքեր են, որոնք Յուրիկն է վերընթեցում: Այստեղ կենցաղային բազում չլուծված խնդիրներ կան, խցանված է բնակարանի ծխատար ուղին: Հեռուստացույցն անսարք է, հեռախոս չունեն: «Մի քանի օր առաջ էլ կոյուղագիծն էր փակվել, մի կերպ քանդել-սարքել եմ»,- ասում է տիկին Սուսանը: Ընտանիքի մայրը` տիկին Նինան, մի կերպ կարողացել է գազաֆիկացնել տունը, սակայն հիմա ծխատարի խցանման պատճառով չեն կարողանում տունը ջեռուցել: Պատուհաններից մեկի տակ պատը փլուզվել է: Քանդված քարերը հավաքել են, դրել պատուհանի տակ: Յուրիկը դժգոհում է հորից, ով Բաքվում «կամենչիկ» է եղել, սակայն չի նորոգում քանդվածը: Բայց 80 տարեկան ծերունին աշխատունակ չէ: Յուրիկը զայրանում է հոր վրա. «Օրական մի «պաչկա» պապիրոս է ծխում, «էկոնոմնի» չի ծխում»: Յուրիկը խոսում է Ղարաբաղի բարբառով, նյարդային, շատ արագ: Նրա ծնողները ժամանակին Արցախի Հադրութի շրջանից են մեկնել Բաքու: Ընտանիքը հարկադրված շտապ լքել է այդ քաղաքը` վերցնելով միայն անձնական իրերը: Յուրիկի առողջական վիճակը վատ է: Նա, չնայած հոգեկան դժվարին վիճակին, հստակ տրամաբանում է: Դրսում կոնֆլիկտների մեջ չի ընկնում: Նրա նյարդայնանալու, հոր վրա զայրանալու պատճառներից գլխավորը վերջինիս թողտվությամբ ընտանիքի ֆինանսական գործերին հանգուցյալ Սվետայի աղջկա` Էլինայի շահադիտական նպատակներով խառվելն է: Մոտ 7 տարի առաջ Էլինան ամուսնացել, Իջեւան հարս է գնացել: Սակայն ամեն ամիս թոշակը ստանալու ժամանակ գալիս է Իջեւանից, տանը մի քանի աման լվանում, ստանում քեռու եւ պապի կենսաթոշակները: Այդ գումարից մի 5 հազար դրամ է ծախսում էժան մակարոն, բրինձ գնելու համար, մի 5 հազար դրամ էլ թողնում ծախսերի համար եւ մնացած գումարը վերցրած` վերադառնում Իջեւան: Սուրենի կենսաթոշակը 31 հազար, Յուրիկի հաշմանդամության թոշակը` 14 հազար դրամ է, ընտանիքը նաեւ 13 հազար 500 դրամ ընտանեկան նպաստ է ստանում: Այդ գումարով հայր եւ որդի կարող էին մի կերպ յոլա գնալ, եթե Էլինան չգար, գումարները չտաներ: «Հարեւանները զանգել են Էլինայի ամուսնուն, ով տաքսու շոֆեր է, ասել են` կնոջդ այլեւս Նոյեմբերյան չուղակես»,- ասում է հարեւանուհի Սուսանը: Նրա խոսքերով` մի անգամ էլ բակում հարեւանները Էլինայի հետ վիճել են, թե ինչու՞ է գալիս, կարիքավոր ընտանիքի գումարները վերցնում: Էլինան քեռուն եւ պապին հորդորել է խանութներից այլեւս «նիսյա» սնունդ չվերցնել, քանի որ ինքն է նրանց կենսաթոշակից փակում պարտքերը: Սակայն ինչպե՞ս կարող են հայր եւ որդի մի ամիս յոլա գնալ նրա թողած 5 հազար դրամով: Նոյեմբերյանում լոկ մի խանութ կա, որ մարդասիրությունից դրդված` նրանց ապառիկ սնունդ է տալիս: Յուրիկը ցույց է տալիս իրենց տան սննդի ողջ պաշարը` 1կգ ամենաէժան մակարոն, 1կգ բրինձ: Հարեւաններից միայն տիկին Սուսանն է ինչ-որ չափով օգնում. նա օրերս իր աղջկա նվիրածից մի պայուսակ կարտոֆիլ է տվել Մելքոնյաններին: Սակայն ինքն էլ աղքատ է, քաղաքային տնտեսությունը սպասարկող հիմնարկությունում հավաքարար է աշխատում, ավլում Նոյեմբերյան քաղաքի փողոցները: Անցյալ տարի Նոյեմբերյանի քաղաքապետարանը 10 հազար դրամ աջակցություն է ցուցաբերել Մելքոնյաններին: Ոչ ոք չգիտի այս բազմաչարչար ընտանիքի մասին եւ, բնականաբար, չի մտածում նրանց օգնելու մասին: 21 տարի առաջ Բաքվից փախած այս ընտանիքը այդպես էլ չինտեգրվեց Նոյեմբերյան քաղաքի հասարակությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter