HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում մեկնարկել է գրական մեկամսյակը

Երևանում և մարզերում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 28-ը կանցկացվի գրական մեկամսյակ, որի շրջանակներում կկազմակերպվեն հանդիպումներ, համաժողովներ, ընթերցումներ, թեմատիկ բանավեճեր, քննարկումներ, որակավորման դասընթաց և այլն:

Գրական այս գործընթացներին, ի թիվս հայ գրողների ու հրատարակիչների, կմասնակցեն գրողներ ու հրատարակիչներ եվրոպական և ԱՊՀ մի շարք երկրներից, ԱՄՆ-ից, Կանադայից, Իրանից և այլն:

Հոկտեմբերի 5-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կանցկացվի ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» միջազգային և հանրապետական մրցույթների դիպլոմների հանձնման արարողությունը:

Հոկտեմբերի 5-ին 25-ին Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում կանցկացվի «Դարձ առ գիրք» գրքարվեստի միջազգային 2-րդ փառատոնը:

Հոկտեմբերի 7-ին Հայաստանի բոլոր մարզերում կնշվի Գրադարանավարի օրը:

Հոկտեմբերի 8-ին Արագածոտնի մարզի Ուջան համայնքում կանցկացվի «Սասնա ծռեր» էպոսին նվիրված միջոցառում, իսկ Օշականում կնշվի Թարգմանչաց տոնը, որի շրջանակներում կկայանան գրական թարգմանիչների հավաք և «Կանթեղ» թարգմանական մրցանակի շնորհման արարողությունը:

Հոկտեմբերի 11-ից 15-ը կանցկացվի Օտարագիր գրողների 3-րդ համաժողովը, որին կմասնակցի 35 գրող Կանադայից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Բուլղարիայից և այլ երկրներից:

Հոկտեմբերի 19-ից 28-ը «Գրական տապան. 10 տարի անց» ծրագրին կմասնակցի 25 գրող Հոլանդիայից, Գերմանիայից, Բելգիայից, Ֆրանսիայից, Էստոնիայից, Իտալիայից, Շվեդիայից, Ռումինիայից և Սլովակիայից:

Հոկտեմբերի 24-ից 25-ը Գյոթեի ինստիտուտի հետ համատեղ կկազմակերպվեն ԱՊՀ երկրների հրատարակիչների որակավորման բարձրացման դասընթացներ, որոնց կմասնակցի շուրջ 20 հրատարակիչ Հայաստանից և ԱՊՀ այլ երկրներից: Սեմինարները կվարեն գերմանացի մասնագետները:

Հոկտեմբերի 26-ից 28-ը կանցկացվի արդեն ավանդական դարձած ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների 5-րդ համաժողովը, որին այս տարի ԱՊՀ երկրներից կմասնակցի ավելի քան 60 թարգմանիչ ու հրատարակիչ:

Գրական մեկամսյակի մեկնարկին սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը՝ Հայ- իրանական բարեկամության օրերին, Մեղրիում կանցկացվեն հայ-իրանական գրականության օրեր:

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ անցկացվող գրական մեկամսյակի նպատակն է խթանել գրականությունների փոխադարձ ներթափանցումը, միջազգային համագործակցությունն ու մշակութային փոխճանաչումը: Այն նաև հնարավորություն կընձեռի հայ գրողների արտերկրի գրչակիցներին առավելագույնս ճանաչելու Հայաստանը, ծանոթանալու հայ մշակույթին և արդի գրական զարգացումներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter