HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Էլեկտրական ցանցերը» շարունակում է պարտքերի տակ գցել իր բաժանորդներին

86 տարեկան Անաիդա Թորոսյանը վերջերս անակնկալի է եկել, երբ տեղեկացրել են, որ նրա հաշվին գոյացել է մոտ 90 հազար դրամի էլեկտրաէներգիայի պարտք: Տարեց կինը փորձել է տեսուչներին ապացուցել, որ իր ապրած տարիների ընթացքում ոչ մեկին մեկ լումա պարտք չի եղել, առավել եւս էլեկտրաէներգիայի պարտք չի կուտակել, սակայն ապարդյուն:

Անաիդա տատը «Հետքին» պատմեց, որ միայնակ է ապրում, ոչ հեռուստացույց ունի, ոչ սառնարան, ընդամենը մեկ էլեկտրական լամպ է միացնում եւ չէր կարող 90 հազար դրամի էլեկտրաէներգիա օգտագործել: Իր ասելով` ամսական ծախսում է 600-1000 դրամի էլեկտրաէներգիա եւ այդ գումարն ամեն ամիս թոշակը ստանալուն պես վճարում է: «86 տարեկան կնիկ եմ, չկա մեկը, որ գա ասի` դու ինձ 10 դրամ պարտք ես: Բայց հիմա ասում են, թե այսքան պարտք ես կուտակել: Մինչեւ վերջ բողոքելու եմ, իրենց փող չեմ տալու»,- ասում է 86-ամյա կինը: Նա պատրաստվում է նամակներ գրել ՀՀ նախագահին, դատախազին, որպեսզի հարցին լուծում տրվի: Անաիդա Թորոսյանը «Հայաստանի էլեկտրական ցանցերի» միակ բաժանորդը չէ, որ պարտք ունի չօգտագործած էլեկտրաէներգիայի համար: Արմավիրի մարզի Ծաղկալանջ համայնքում մատների վրա կարելի է հաշվել այն բնակիչներին, որոնց հաշվին էլեկտրաէներգիայի պարտք «գոյացած» չլինի: Երբ Ծաղկալանջում էինք, հերթական անգամ գյուղ էին ժամանել էլեկտրացանցի աշխատակիցները, որպեսզի գանձեն դեռեւս 2002-ից գյուղացիների կուտակած պարտքերը: Իմանալով, որ գյուղում լրագրող կա, աշխատակիցներն անմիջապես նստեցին ավտոմեքենաներն ու հեռացան: Այդ փաստը «ոգեւորեց» գյուղացիներին, նրանք հավաքվեցին համայնքապետարանի դիմաց եւ, միմյանց հերթ չտալով, սկսեցին պատմել, թե տեսուչներն իրենց ինչ անակնկալ են մատուցել` մի քանի տասնյակ հազարի էլէկտրաէներգիայի պարտքերի տեսքով: Արմավիրի մարզում մարդկանց վրա «պարտք հաշվելը» նորություն չէ, այդ ավանդույթը շարունակվում է արդեն մի քանի տարի: Բանն այն է, որ գրեթե բոլոր գյուղերի «Հայփոստի» բաժանմունքներում համակարգիչներ չկան, գյուղացիներն իրենց հողի, ջրի, էլեկտրաէներգիայի վարձավճարներն ամեն ամիս առձեռն տալիս են տեսուչներին, նրանք էլ իրենց մատյաններում «պլյուս»-«մինուս» են անում բաժանորդի անվան դիմաց: Փաստորեն, բաժանորդն ամեն ամիս վճարում է կատարում, սակայն նրան վճարման կտրոն չի տրվում: Երբ հերթական տեսուչը, գումարները յուրացնելով, դիմում է փախուստի կամ հեռացվում աշխատանքից, գյուղացիների անվան դիմաց կուտակվում են կլորիկ գումարներ, եւ նրանց պարտադրվում է անպայման վճարել: Հիմա գյուղացիները չեն կարողանում ապացուցել, որ պարտք չունեն, քանի որ հեռացված կամ փախած էլեկտրիկների հետ անհետացել են նաեւ գրառումների մատյանները: Ծաղկալանջի բնակիչներն ասում են, որ միայն իրենց գյուղի վրա 7 մլն դրամի էլեկտրաէներգիայի պարտք է գրված: Վարդան Մալխասյանը 31,500 դրամի պարտք ունի: Ասում է, որ այդ պարտքը պարզապես գրել են, քանի որ ամեն ամիս վճարումները ժամանակին կատարել է: «Հետաքրքիր է, որ ամբողջ գյուղը պարտք ունի, բա այդ տեսուչը ո՞նց է իր պլանը կատարել: Ամոթ է, սա լրիվ խաբեություն է»,- ասում է Վ. Մալխասյանը: Մեկ այլ ծաղկալանջցի` Ժորա Բալասանյանն էլ բողոքում է, որ անտեղի 45,000 դրամի պարտք է գրված իր վրա: Նա ասում է, որ գյուղացիները չէին կարող այդքան պարտքեր կուտակել, քանի որ տեսուչներն անմիջապես կհոսանքազրկեին տունը: «Որ հազար դրամ պարտք ենք ունենում, էլեկտրիկը գալիս է, ասում` լույսդ կանջատեմ, բեր փակի: Բա ո՞նց եղավ, որ 45,000 դրամ պարտք կուտակեցի ու մի օր իմ լույսը չանջատվեց»,- ավելացնում է Վարդանը: Մինչ նրանք պատմում էին, թե ինչպես է էլեկտրացանցն իրենց խաբում, հավաքվեց մոտ 20 գյուղացի: Նրանք պնդում էին, որ որպես տուժած իրենց անուններն էլ գրվեն` հույս ունենալով, որ բարձրաստիճան պաշտոնյաները կարձագանքեն իրենց բողոքներին: Գյուղացիները չէին թաքցնում, որ գյուղում կլինեն անպարտաճանաչ բաժանորդներ, ովքեր պարտքեր կունենան, սակայն հավաստիացնում էին, որ այդքան պարտք ունեցողի տունն անպայման կհոսանքազրկվեր: Դանիել Եղիազարյանն ասում է, որ ամեն անգամ թոշակ ստանալիս փոստային բաժանմունքում նստած են լինում լույսի, ջրի, հողի վարձեր հավաքողները, եւ առանց վճարում կատարելու անհնար է փոստի շենքից դուրս գալ: Համագյուղացիների նման նա էլ պետք է վճարի չօգտագործած էներգիայի համար` 38,000 դրամ: Արմավիրի մարզում դժվար է գտնել մեկ համայնք, որտեղ բնակիչների հաշվին էլեկտրաէներգիայի պարտք «գոյացած» չլինի: Ահռելի պարտքեր ունեն նաեւ Աղավնատուն գյուղի բնակիչները: Նրանց էլեկտրիկն էլ (անունը` Սամվել) էլեկտրաէներգիայի չհիմնավորված ծախսեր է ներկայացրել ու անհետացել: Գյուղացիների աչքն արդեն վախեցել է, հիմա ստիպված մի քանի հարյուր դրամ էլ ծախսում են, որպեսզի հասնեն Էջմիածին ու «Հայփոստում» վճարումները կատարեն: Գյուղացիների դժգոհությունների կապակցությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» «Մուսալեռ» մասնաճյուղի Էջմիածնի կենտրոնից: Մասնաճյուղի պետ Արայիկ Հովսեփյանն ասաց, որ պարզաբանում չի կարող տալ, քանի որ «իրավունք չունեցող» մարդ է. «Գնացեք այնտեղից պարզաբանում վերցրեք, ես հարցազրույց տալու իրավունք չունեմ»: «Հայաստանի էլեկտրական ցանցերի» «Մուսալեռ» մասնաճյուղի տնօրեն Դավիթ Ղազինյանն ասում է, որ խնդիրը մի քանի անգամ ուսումնասիրվել է, եւ պարզվել է, որ բնակիչների անվան դիմաց գոյացած գումարները հավելագրումներ չեն, դրանք դեբյուտորական պարտքեր են եւ ենթակա են գանձման: Ինչ վերաբերում է Ծաղկալանջ գյուղի բնակիչների բողոքներին, Դ. Ղազինյանի խոսքերով` գյուղացիներն իրենց էլ են ասել, թե պարտքերը վճարել են նախկին տեսուչներին: «Դա քաղաքացիաիրավական հարաբերություն է, մենք պահանջում ենք կտրոններ, որը կհաստատի պարտքը վճարած լինելու մասին, քանի որ մենք ապրանքը մատակարարել ենք: Մենք էլ ասում ենք, որ եթե այդ գումարները տեսուչին եք տվել, գրավոր գրեք, ներկայացրեք, մենք էլ ուղարկենք դատախազություն: Բոլորը բանավոր ասում են, բայց գրավոր չեն գրում»,- ասում է մասնաճյուղի տնօրենը: «Մուսալեռ» մասնաճյուղում որպես տնօրեն Դավիթ Ղազինյանն աշխատում է 2007 թ. սեպտեմբերից: Նրա ղեկավարած տարիներին տարբեր պատճառներով աշխատանքից ազտվել է մոտ 200 տեսուչ: Վերջերս էլ բնակիչների բողոքների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում 4.5 մլն դրամ յուրացնելու համար 2 տարվա ազատազրկման է դատապարտվել Առատաշեն գյուղի տեսուչ Լաերտ Ասատրյանը: Ղազինյանը չի հավատում, որ գյուղացիները 8 տարի վճարումներ են արել, դրա դիմաց կտրոն չեն ստացել ու հանգիստ նստել իրենց տեղը: Չի ընդունում նաեւ այն հիմնավորումը, թե գյուղերի փոստային բաժանմունքներում համակարգիչներ չեն եղել, այդ պատճառով վճարումները կատարել են տեսուչներին առձեռն գումար տալով: «Մի գյուղում թող համակարգիչ չլիներ, կողքի գյուղում հաստատ կլիներ: Թող այդ ժամանակ ժողովուրդը ոտքի կանգներ, ասեր` ես ուզում եմ վճարեմ, բայց չեմ ուզում գումարը տեսուչին տամ»,- ասում է տնօրենը: Մասնաճյուղում աշխատում է 921 մարդ, եւ Դ. Ղազինյանը չի երաշխավորում, որ բոլոր աշխատողները վստահելի են: Այդ պատճառով բնակիչներին հորդորում է վճարումները կատարել այլ եղանակներով եւ տեսուչներին երբեք գումար չտալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter