HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անվտանգ թռիչքն ու փափուկ վայրէջքը կանխատեսում են «Զվարթնոցի» օդերեւութաբանները

Դեկտեմբերի 12-13-ին տեղումներ են սպասվում` սկզբում անձրեւի, հետո նաեւ ձյան տեսքով, կլինի նաեւ ջերմաստիճանի նվազում, բայց ձյունը, հնարավոր է, արագ հալվի: Սա «Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոնի մասնագետների կանխատեսումն է ավիացիայի համար, որը վերջին շրջանում մոտ 100 տոկոս ճշգրտություն է ապահովում: Հայաստանում իջեւանող եւ Հայաստանից ուղեւորվող օդանավերն իրենց թռիչքի եւ երթուղու եղանակի մասին տեղեկությունները ստանում են «Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոնից: 2008 թ. վերջին ներդրված նորագույն տեխնոլոգիաների եւ կենտրոնում աշխատող հմուտ մասնագետների շնորհիվ «Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոնի կանխատեսումների ճշգրտությունը 90-100 տոկոս է կազմում: Կենտրոնը թռիչքների օդերեւութաբանական սպասարկումն իրականացնում է 24-ժամյա ռեժիմով: 2008-ի վերջին ներմուծվել են նոր տեխնոլոգիաներ, եւ օդաչու-հրամանատարը «բրիֆինգ» կոչվող ծառայության միջոցով ստանում է իր թռիչքի ընթացքում (այդ թվում նաեւ պահեստային օդանավակայաններում իջնելու դեպքում) սպասվող եղանակի մասին ամբողջ տեղեկատվությունը: «Ամառվա շոգին, ձմռան ցրտին թռիչքից երկու ժամ առաջ թռիչքի անձնակազմն էր գալիս եղանակի մասին տեղեկությունները վերցնելու, դժվար էր իրենց համար, հիմա այդ ամբողջը մենք տեղում ապահովում ենք»,- ասում է ««Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Լեւոն Լեւոնյանը: Դիտարկումների բաժինը, որը թռիչքուղու վերջնամասում է, հավաքում ու արձանագրում է եղանակի մասին տվյալները` քամու արագությունը եւ ուղղությունը, ամպերի բարձրությունը, օդի ջերմաստիճանը, ճնշումը եւ այլն, փոխանցում կանխատեսումների բաժին, որտեղ մասնագետ-կանխատեսողները եղանակի մասին ստացած փաստացի տվյալները աերոսինոպտիկական նյութերի մշակմամբ վերլուծում են ու տրամադրում օդանավի անձնակազմին: «Բնության երեւույթները 100 %-ով կանխատեսելը շատ դժվար է»,- ասում է տնօրենը եւ միեւնույն ժամանակ նշում, որ անցած տարի կանխատեսումների 89-90% ճշգրտությունը միջին սահմանն է եղել, իսկ վերջին ամիսներին մոտ 100 %-ոց կանխատեսումներ են արվել, չնայած ինչ-որ չափով եղանակն էլ բարենպաստ է եղել: Կենտրոնը թռիչքից առաջ տեղեկատվություն է հաղորդում նաեւ հնարավոր վտանգավոր երեւույթների, օջախների առաջացման մասին. եթե եղանակը փոփոխվում է, 1-2 րոպեների ընթացքում ինֆորմացիան եւ օջախները քարտեզների տեսքով հասնում են օդանավի անձնակազմին: Կանխատեսումների բաժնի պետ Արմենուհի Հարությունյանն ասում է, որ իրենց յուրաքանչյուր կանխատեսում, աննշան թերացում կարող է ճակատագրական լինել, քանի որ իրենց գործից է կախված օդանավերի ու ուղեւորների անվտանգությունը: Կենտրոնի տեխնիկական զինումը թույլ է տալիս աշխատել զարգացած երկրների նման: Մասնագետներն ամեն տարի վերապատրաստվում են Մոսկվայում: Ուկրաինուհի Մարիա Պետրոսյանը բուհն ավարտելուց հետո Ուկրաինայից գործուղվել է Հայաստան եւ աշխատել այս կենտրոնում, ամուսնացել հայ օդաչուի հետ ու մնացել Հայաստանում: Նա կենտրոնի ամենահին աշխատակիցն է: Ասում է, որ կանխատեսումների գնահատման ներմուծված համակարգի շնորհիվ բարձրացել է իրենց աշխատանքի որակը. «Առաջ գնալու քայլեր անում ենք»: Կառավարության որոշմամբ 2002 թ. «Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոնն ընդգրկվել է ՀՀ բնապահպանության նախարարության կազմում: Կենտրոնը պետբյուջեից գումար չի ստանում. ինքնաֆինանսավորվում է թռիչքների հաշվին: Յուրաքանչյուր թռիչքի ժամանակ եղանակի մասին կանխատեսումներ ստանալու համար թռիչքն իրականացնող ավիաընկերությունը պետք է վճարի: Կենտրոնը տարեկան 9000-ից ավելի թռիչք է սպասարկում: «Զվարթնոց» ԱՕԿ-ն սպասարկում է նաեւ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի թռիչքները: Հաջորդ տարի ԱՕԿ-ն նախատեսում է նորագույն սարքավորումներով զինել կենտրոնի Գյումրիի «Շիրակ» օդերեւութաբանական բաժինը: R

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter