HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրակտատ փողի մասին

Արարատ Գյուլբանգյան

Պարզապես խոսել Փողի մասին` անշնորհակալ ու ծիծաղելի մի գործ է, պետք է կարողանալ այն շինել... Բայց եւ այնպես... *** Ի վերջո գիտակցել, որ Նա սիրահարված է Փողին, նշանակում է անվերապահորեն ենթարկվել կապիտուլյացիայի:

Այդ պարագայում պարտությունը քո իսկ հաղթանակն է: Դրամական հոսքերը կարգավորող Հրեշտակն այս ձեւով է տնօրինում ճակատագիրդ. լսի՛ր Նրա ձայնը... Ուրեմն՝ Փո՛ղ, միա՛յն Փող... *** Այն կարծիքը, թե հնարավոր է Փողը վերածել սեռական էներգիայի, դեպքերի մեծ հաճախականությամբ հաստատվում է: Գնել դեռատի սիրուհի կամ թարմ սիրեկան՝ հնարավոր է: Ստեղծել (ծախսելով Փող) սիրահարույց ու կրքոտ միջավայր՝ հնարավոր է: Վիրահատական միջամտությամբ (վճարելով Փող) կամ այլ միջոցներով ակտիվացնել սեռական կարողությունը կամ ցանկասիրությունը` հնարավոր է: «Իսկ հետո՞»,- կհարցնեք դուք: Հետո այն, որ E=mc2. E - սեռական էներգիայի ակնկալվող քանակը m - Փողի ներդրվող զանգվածը c - լույսի արագությունը Եվ ինչպիսի՜ ժայթքում Լաբիրինթոսի ծալքերում: Փո՛ղ, շա՛տ Փող... *** Իսկ ահա մտածողության այն կարծրատիպը, ըստ որի մեծ Փողերով կարելի է ձեռք բերել անվտանգություն, առողջություն եւ կյանքի բազմազանություն, դեպքերի 70 տոկոսի պարագայում չի հաստատվում: Հետազոտողն այսպես է շարադրում իր փաստարկները. լավագույն ու խոցելի թիրախ՝ ինչպես մեծ Փողերն են, չկա աշխարհում: Նա, ինչպես կնոջ հետույք, տեսանելի է նույնիսկ յոթ սարից այն կողմ: Մեծ Փողերը մշտապես ինքնաոչնչացման հակում ունեն: Մեռնող Փողի զանգվածը մեծագույն ատելությամբ ու անասելի խանդով է լցված նորաթուխ թղթադրամների հանդեպ. դա կենաց ու մահու պատերազմ է: Շարունակելով իր փաստարկները՝ հետազոտողը գրում է. - Օրվա հացի Փողի պահանջը մարդուն միշտ զգոն է պահում, նա դառնում է հարմարվող կենդանի իր շրջապատում, կարողանում է գոյատեւել նույնիսկ անելանելի վիճակներում: Սրվում են նրա զգայարանները. նա լավ է լսում, խոսում է քիչ, կարգավորում է շնչառությունը, չի հոտոտում այն, ինչ անհրաժեշտ չէ, շոշափում է միայն փափուկ ու հաճելի բաներ: Իսկ սա, անկասկած, առողջության բանաձեւ է... Փո՛ղ, մի՛ քիչ, Փող... Եվս մեկ վիճահարույց կարծիք. - Եվ հարուստները, տեսնելով, որ հնարավոր չէ մեծ Փողերով գնել Դրախտի ուղեգիր, որոշեցին այն կառուցել Երկրի վրա... Այս դիտարկման անհաշտ ընդդիմախոսը՝ պարոն Սեմը, իր «Հակափող» աշխատության 99-րդ էջում գրում է. - Դրախտի կառուցումը Երկրի վրա պոպուլիստական ակցիա է: Դա մի հավակնոտ ծրագիր է, որի նպատակը հայտնի չէ: Այդ գաղափարի կրողները սադրիչներ են, ովքեր ցանկանում են հակամարտություն հրահրել Դրախտի եւ Դժոխքի միջեւ: Տիեզերքի Սահմանադրությունն արգելում է այդ գործը: Շինարարության Կապալառուն եւ նրան աջակցողները պետք է դատի տրվեն: Պետք է սառեցվեն նրանց բոլոր հաշվեհամարները բանկերում: Ի վերջո, ի՞նչ է նշանակում շինել Դրախտ... Փողով... Դա պոռնկություն է: Դուք երբեւէ մտածե՞լ եք այդ մասին... Փո՞ղ, ո՛չ միայն Փող... *** Փոքր քաղաքների անհաղթահարելի թախիծ, մառախլապատ արշալույսներ, շաքարախտով հիվանդ ճնճղուկներ, բարձիթողի արված պրոստատիտ, անհուսորեն պճնված չվճարվող պոռնիկներ, բռնաբարված աղբարկղեր, գարշահոտություն, կիրք, սեր, լաց, քնքուշ համբույր, Փողի խրոնիկական անբավարարվածության սինդրոմ... Փո՛ղ, շա՛տ Փող... *** - Հանրապետության լավագույն condom-ները վաճառվում են Ազատության հրապարակում գործող դեղատանը: - Հավատա՞լ այս գովազդին, երբ դեղատան աշխատակցուհիները պարբերաբար ծննդաբերում են ապօրինի զավակներ... Փո՛ղ, միա՛յն Փող... *** - Ո՞ւմ Փողը՝ ում գրպանը... - Պարոնայք, մենք երեսպաշտ չենք, եւ այս հարցի պատասխանից է սկսվում մեր սերը Հայրենիքի հանդեպ... Փո՛ղ, դարձյա՛լ Փող... *** Երբ առավոտյան արթնանաս ու սկսես կարգի բերել քո Դրամապանակը եւ հանկարծ դրա մեջ հայտնաբերես ուրիշ տարադրամների ծիլեր, մի՛ շտապիր արմատախիլ անել դրանք: Սպասիր մի քանի օր, թող նրանք աճեն, եւ նրանց հետ զրույցի ընթացքում պարզիր՝ ինչ է որոնում քո հոգին: Դա երբեք ամոթալի չէ, դա իսկական տղամարդուն վայել արարք է: Գնա այնտեղ, ուր կա Փող եւ Արժանապատվություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter