Սյունիքում կրկին հրդեհ է գրանցվել
Արդեն 2 օր է` Գորիսի տարածաշրջանի Հարժիս-Հալիձոր գյուղերի հատվածում հրդեհ է բռնկվել: Այս պահի դրությամբ Գորիսի հրդեհ ջոկատները հրդեհի վայրում են եւ հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում: Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Հարությունյանի փոխանցմամբ` հրդեհը գրեթե մեկուսացվել է եւ մարման փուլում է:
«Դեռեւս հրդեհաշիջման աշխատանքները չեն ավարտվել, ավարտից հետո պարզ կլինի, թե հրդեհը ինչքան տարածք է ընդգրկել: Հրդեհի վայրում հիմնականում ժայռոտ տարածք է, եւ ծառեր չկան վնասված, չոր խոտածածկույթն է հիմնականում վառվում: Հրդեհներն իրենք-իրենք չեն բռնկվում, մարդկային միտումնավոր կամ ոչ միտումնավոր վերաբերմունքի հետեւանքով են տարածաշրջանում այսքան հրդեհներ գրանցվում»,- ասում է պարոն Հարությունյանը: Հիշեցնենք, որ տարվա այս սեզոնին, եղանակային եւ մարդկային գործոնով պայմանավորված, Սյունիքի մարզում բազմաթիվ հրդեհի դեպքեր են գրանցվել: Միայն անցած շաբաթ 4 դեպք է գրանցվել մարզում` Կապանի, Մեղրու, Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններում: Մինչ այսօր բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չեն եղել:
Մերի Սողոմոնյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել