Անչափահաս պատանին պահում է 5-հոգանոց ընտանիքը

«Ինչ անեի: Որ դպրոցից դուրս չգայի, տունը չէի կարանա պահեի: Հիմա էլ ինչ գործ լինի, անում եմ, մենակ թե փող աշխատեմ»,- ասում է 16-ամյա Գարիկը, ով ապրում է Արարատի մարզի Նորամարգ գյուղում: Գարիկի` ութերորդ դասարանից դուրս գալու որոշումը նրա ծնողներն են ընդունել: «Եթե Գարիկը չաշխատի, մենք չենք կարողանա ապրել: Նա է պահում հաշմանդամ հորը, ինձ, քրոջն ու եղբորը:
Համ խաղողի այգում է աշխատում, համ կոնսերվի գործարանում, համ էլ եզդիների գոմերն է մաքրում»,- ասում է Գարիկի մայրը` Նարինեն: Ընտանիքի հայրը` 39-ամյա Սասունը, երեք տարի առաջ բժիշկների կողմից «ցրված սկլերոզ» ախտորոշումն է ստացել: Նա առաջին կարգի հաշմանդամ է եւ տեղաշարժվում է սայլակի օգնությամբ: «Ես զգում եմ, որ ինձ մի չնչին բուժում է պետք, բայց ոչ ոք չի համաձայնում անվճար ինչ-որ բան անել, բժիշկներն էլ մենակ մի գլուխ թանկ դեղեր են գրում»,- ասում է Սասունը: Սասունի թոշակը բարձրացումից հետո կազմում է 11.200 դրամ, իսկ հաշմանդամության նպաստը 26.000 դրամ է: Պետության կողմից ընտանիքին անվճար տրվել է միայն սայլակը, որի անիվները, սակայն, չեն աշխատում: Հովհաննիսյանները զուրկ են անգամ սեփական կացարանից: Նրանք երկար ժամանակ ապրել են վագոն-տնակում, եւ միայն վերջերս գյուղապետը նրանց է հանձնել մի տան բանալիներ, որի բնակիչները վաղուց արտասահմանում են: Ընտանիքը հույս ունի, որ տան տերերը այլեւս չեն վերադառնա, այլապես իրենք առանց օթեւան կմնան: «Էս տան մեջ հարմարվել ենք: Արդեն ոնց որ մերը լինի, ուրիշ տեղ ու՞ր գնանք»,- ասում է Նարինեն, բայց խոստովանում է, որ ձմեռները տանը ցուրտ է լինում, եւ բոլորը ստիպված հավաքվում են մի սենյակում: Նորամարգը գազաֆիկացված չէ, եւ բնակիչները, այդ թվում` Հովհաննիսյանները, ամեն ձմեռ ստիպված են լինում փայտով ջեռուցել տունը: Երբեմն փայտը տրամադրում է գյուղապետարանը, հակառակ դեպքում այս հոգս էլ է ընկնում Գարիկի ուսերին: Գարիկն անտրտունջ ենթարկվում է այս ամենին, միայն երազում է մի օր այնքան փող ունենալ, որ կարողանա 14-ամյա քրոջը կրթության տալ: «Մենք տղաներ ենք, առանց կրթության էլ կդիմանանք, բայց քույրիկս պիտի սովորի: Ուզում, որ գոնե նա մի մասնագիտություն ունենա»,- ասում է պատանին:
Ռուզան Գիշյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել