HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Ու՞մ գրպանն են մտնում ավազահանքի փողերը

Շուրջ 20 տարի առաջ Իջեւան քաղաքի հարավային մուտքի մոտ, Աղստեւ գետի վրա գործարկվեց «Սպիտակ ջուր» ջրամբարը: Արհեստական լիճը շուտով տեղացի բանաստեղծներն ու լրագրողներն անվանեցին Աղստեւի ձորաշխարհի գեղեցկուհի:

Արհեստական ջրամբարը 4 մլն խմ տարողություն ունի: Գարնանային վարարումների ժամանակ Աղստեւը մեծ չափերի ավազ ու կոպիճ է բերում: «Սպիտակ ջուր» լճի հայելանման մակերեսի մոտ կեսը ցամաքի է վերածվել: Արհեստական փոքրիկ թերակղզիներն ու կղզյակները գոյացել են հեղեղների բերած ավազի կուտակումից: Ամենահամեստ հաշվարկներով` այստեղ 2 մլն խմ ավազա-կոպճային կուտակվածք կա: 

Լճի երկայնքով է ձգվում դեպի Երեւան տանող մայրուղին, եւ ամեն օր հազարավոր ուղեւորներ ականատես են լինում լճից ավազի արդյունահանմանը: Արդեն մի քանի տարի այստեղ գործում են հզոր էքսկավատորներ ու ամբարձիչներ: Իջեւանի եւ Դիլիջանի վարչատարածքներում հիմա շինարարական բում է, եւ ավազի կարիք շատ է զգացվում: Դիլիջան քաղաքում ընթացող շինարարության համար այստեղից ավազ տեղափոխող վարորդը վկայեց, որ լճից մի մեքենա ավազ վերցնելու համար 8 հազար դրամ են վճարում: Ավելի մեծ տարողությամբ մեքենան ավազով բեռնելու համար մինչեւ 20 հազար դրամ է պահանջվում: Ովքե՞ր են այս ջրամբարի հարստությունից օգտվողները, որոնք, լիճը տիղմից մաքրելու պատճառաբանությամբ, անօրինական, չհարկվող մեծ եկամուտներ են ստանում: 

Մեր ունեցած տեղեկությամբ` այս բիզնեսը գտնվում է Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի վերահսկողության ներքո: Այն պաշտոնապես ճշտելու համար 2007 թ. հոկտեմբերին լճից ավազի արդյունահանման կապակցությամբ նամակով դիմեցի Տավուշի մարզի դատախազություն: Անցյալ տարվա հոկտեմբերի 22-ին Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ Վ. Առաքելյանի ստորագրությամբ ստացված գրության մեջ ասվում է. «Իջեւանի քաղաքապետարանի կողմից «Սպիտակ ջուր» կոչվող արհեստական ջրամբարի ավազն ապօրինի օգտագործելու վերաբերյալ Տավուշի մարզի դատախազությունում ստացված Ձեր գրության կապակցությամբ կատարվել է ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ քաղաքում իրականացվում է զբոսայգու տարածքի բարեկարգման եւ կառուցապատման ծրագիր, որի աշխատանքների ցանկում նախատեսված է 2 հա կանաչապատ տարածքի հարթեցում տիղմով` սիզախոտ ցանելու նպատակով: Ինչպես նշված է քաղաքապետարանից ստացված գրության մեջ, քաղաքապետարանի այգու տարածքի հարթեցման համար վերոհիշյալ լճի ավազանից տեղափոխվել է միայն տիղմ, իսկ ավազ չի օգտագործվել եւ չի օգտագործվելու: Եթե քաղաքապետարանի ապօրինի ավազ օգտագործելու վերաբերյալ կան հավաստի տվյալներ, ապա այդ մասին կարող եք հաղորդում ներկայացնել ոստիկանության Իջեւանի բաժնին կամ մարզի դատախազությանը»:

Ուշադրության է արժանի նախ այն ձեւակերպումը, թե Իջեւանի քաղաքային զբոսայգին ոչ թե համայնքին, այլ քաղաքապետարանին է պատկանում: Տավուշի մարզի դատախազությունը չի ստուգել իր նստավայրից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորությամբ ամեն օր տեղի ունեցող գործընթացը եւ ապավինել է քաղաքապետարանի հավաստիացումներին: Իսկ դրանք կարելի է հերքել հենց քաղաքապետարանից ստացված պաշտոնական տեղեկատվությամբ: Ահավասիկ տվյալներ զբոսայգու 2 հա կանաչապատ տարածքը տիղմով հարթեցնելու վերաբերյալ: Իջեւանի քաղաքապետի 2007 թ. դեկտեմբերի 16-ի հերթական ընտրություններից քիչ առաջ տպագրվել է Իջեւանի քաղաքապետարանի «Իջեւան» թերթի գովազդային-նախընտրական համարը: Այնտեղ քաղաքային զբոսայգու կառուցապատման ծրագրի վերաբերյալ նշված է հետեւյալը. ««Վորլդ Վիժնի» եւ քաղաքապետարանի համագործակցությամբ կատարվել է զբոսայգու գազոնների, հողի լիցքի եւ հոլանդական խոտի ցանում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 7 մլն 166 հազար դրամ, որից 2 մլն 28 հազար դրամը քաղաքապետարանի կողմից, որպես աշխատավարձի ներդրում: Ներկրվել եւ փռվել է 1500 խմ հող, 4000 քմ տարածքում ցանվել է խոտ»: 

Նույնիսկ մաթեմատիկայից դպրոցում «2» ստացածները կարող են հասկանալ, որ 4000 քմ-ը 5 անգամ պակաս է 2 հեկտարից: Բայց թողնենք չարչրկված 2 հեկտարը. գետը ավազի հետ նաեւ տիղմ կարող է բերել: Սակայն այս տարածքում օրական հարյուրավոր տոննա ավազ է արդյունահանվում, որը տիղմով չես «քողարկի»: Բացի այդ, ներկայացված լուսանկարներում երեւում է, որ ավազի արդյունահանումը կատարվում է ոչ միայն «Սպիտակ ջուր» ջրամբարից, այլեւ հենց Աղստեւի ափերից: 

Ո՞ր կազմակերպության հաշվեկշռում են գտնվում Իջեւան քաղաքի «Սպիտակ ջուր» արհեստական ջրամբարը եւ դրա շրջակա տարածքը: Որեւէ կազմակերպության կամ ֆիզիկական անձի տրվա՞ծ է այդ ջրամբարի ավազն օգտագործելու իրավունք, եւ արդյոք այն օգտագործելու համար հարկեր մուծվու՞մ են պետական բյուջե: Այս հարցադրումներով, վկայակոչելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, նամակով դիմել եմ Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին եւ Բնապահպանական պետական տեսչության Տավուշի մարզային բաժին: Չնայած արդեն 20 օր է անցել, սակայն մարզպետը եւ Իջեւանի քաղաքապետն այդպես էլ չեն բարեհաճել նամակին պատասխանել: 

Բնապահպանական պետական տեսչության Տավուշի մարզային բաժնի պետ Ժորա Սահաբալյանը գրավոր խորհուրդ է տվել այս առնչությամբ դիմել ՀՀ բնապահպանության նախարարություն: Սակայն այս նախարարություն ուղարկված դիմումին էլ դեռ պատասխան չի տրվել: Մինչդեռ Բնապահպանական պետական տեսչության Տավուշի մարզային բաժնի հետ սերտ առնչություն ունեցող մի պաշտոնյա, ով չցանկացավ իր անունը հրապարակել, ասաց, որ անցյալ տարի Բնապահպանական պետական տեսչությունը համալիր ստուգումներ է իրականացրել «Սպիտակ ջուր» ջրամբարից ավազի ապօրինի արդյունահանման առնչությամբ, որոնց արդյունքում Իջեւանի քաղաքապետարանը տուգանվել է մեծ չափերով: Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն այդ ժամանակ արձակուրդում է եղել, եւ ակտերի տակ դրված է եղել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի տեղակալ Կարեն Օթարյանի ստորագրությունը: 

Բնապահպանական պետական տեսչությունն այս կապակցությամբ դատական հայց է ներկայացրել Սեւանի վարչական դատարան: Սակայն քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը հեշտ հանձնվողներից չէ: Հետին թվով «պարզվել է», որ իբր նա քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ոչ թե իր տեղակալին, այլ` քաղաքապետարանի քարտուղար Բորիս Թանանյանին: Դա նկատի ունենալով` դատարանը ներկայացված տուգանքների ակտերը հիմք չի ընդունել եւ հայցը մերժել է:

Հայաստանի ղեկավար այրերը խոսում են օրենքի գերակայության, պետական բյուջեն լցնելու, ստվերի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին, մինչդեռ Իջեւանի Սպիտակ լճի ավազի թալանը տեղի է ունենում բոլորի աչքի առաջ: Այն այնքան ակնհայտ է, որ ստվեր էլ չի կարող համարվել: Պարզապես տեսնել է հարկավոր, եթե նման ցանկություն ընդհանրապես կա:

Տավուշ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter