HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Wikileaks-ից առաջ, կամ բրիտանական հետախույզի բացահայտումները Աթաթուրքի մասին

«Թուրք մեկնաբանները չեն կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ է մեղադրական գործերով լցված դարակներից մեկում դրված Աթաթուրքի լուսանկարը: Որոշները կարծում են, որ դա կապված է հայերի և հույների ցեղասպանություններին նրա առնչության հետ» (3 դեկտեմբերի, 2010թ., www.news.am):

Այս օրերին աշխարհը խոսում է Wikileaks-ի մասին, քանզի Wikileaks-ն է խոսում աշխարհի մասին: Բազմաթիվ հաղորդագրությունների մեջ եղավ հետևյալը. Wikileaks-ի տեղեկատվական պահոցներից մեկում` դարակի վրա, դրված է Քեմալ Աթաթուրքի լուսանկարը:

Կարծիքներ հնչեցին, որ լուսանկարն ակնարկ է առ այն, որ Wikileaks-ն իր տրամադրության տակ ունի Աթաթուրքի մասին վարկաբեկիչ նյութեր և պատրաստվում է դրանք հրապարակել: Ոմանք շտապեցին հայտարարել, որ այդ նյութերը կարող են վերաբերել հայերի և հույների ջարդերին Մուստաֆա Քեմալի առնչությանը: Միգուցե, սակայն դա վաղուց արդեն գաղտնիք չէ, պարզապես մոռացված է կամ ավելի ճիշտ քաղաքական ու տնտեսական շահերով պայմանավորված ուրացում: Առաջ այսպես չէր: Ի տարբերություն ներկայի` առաջ լրագրողներն ավելի անկախ էին, իսկ դիվանագետներն` ավելի ազնիվ: Ժամանակի մամուլն ու դիվանագիտական զեկուցագրերը լեցուն են քեմալականների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում (1920թ. սեպտեմբեր - 1921թ. ապրիլ) և Կիլիկիայում (1920թ. փետրվար) հայկական քաղաքացիական բնակչության ջարդերի, ինչպես նաև Զմյուռնիայում (1922թ. սեպտեմբեր) հույների և հայերի կոտորածի մասին տեղեկություններով: Իզուր չէ, որ 1921թ. քեմալականների գլխամասային կառույցը` Թուրքիայի ազգային մեծ ժողովը, Մուստաֆա Քեմալին շնորհել է ղազի` անհավատներին ոչնչացնող (Destroyer of Infidels) (John Gunter, Procession, New York, 1965, p. 95.) կամ քրիստոնյաներին ոչնչացնող (The Destroyer of Christians) (Harold C. Armstrong, Gray Wolf, Mustafa Kemal, An Intimate Study of a Dictator, New Yor, 1933, p. 152.) մականունը: Իհարկե, այդ նույն օրերին նա և նրա կողմնակիցները Եվրոպայում հայտնի էին բոլորովին այլ մականուններով: Ահա թե ինչ է գրում Մուստաֆա Քեմալի մասին 1936թ.-ին ամերիկյան հայտնի լրագրող և բազմաթիվ արժեքավոր գրքերի հեղինակ Ջոն Գյունտերը [John Gunter]. «Աթաթուրքը բռնակալների միջի ամենաբռին է: Նրա կողքին Հիտլերը փափկասուն է, Մուսսոլինին բուրումնախեղդ թիթիզ» (Ataturk is the roughneck of dictators. Beside him, Hitler is a milksop, Mussolini a perfumed dandy (John Gunter, նշվ. աշխ., էջ  96). John Gunter, Inside Europe, 1936): Իսկ Բրիտանական կայսրության նախարարական չորս կաբինետների (1916-1930թթ.) փոխքարտուղար «Եվրոպայի կարևորագույն վեց մարդկանցից մեկը» ("one of the six most important men in Europe") (http://en.wikipedia.org/wiki/Thomas_Jones_(T._J.))` Թոմաս Ջոնսը (Thomas Jones, Deputy Secretary to the Cabinet), երբ իր խղճի հետ միայնակ էր մնում, ապա քեմալականներին անվանում էր «Անկարայի մսագործներ» (“Angora butchers”) (Thomas Jones, Whitehall Diary, (ed. by Keith Middlemas), Volume III, London, 1971, p. 55): Այսուհանդերձ, չեմ կարծում, որ եթե Wikileaks-ը ինչ-որ բան հրապարակի Աթաթուրքի մասին, ապա դա կվերաբերի քրիստոնյաների նկատմամբ նրա վարած քաղաքականությանը: Wikileaks-ի տեղեկատվական արտահոսքը ոչ առաջինն էր և ոչ էլ վերջինն է լինելու: Պարզապես, եթե առաջ այդ բանն արվում էր տպագիր մամուլի միջոցով, այսինքն` դանդաղ էր մատչելի դառնում հազարավորների, գուցեև տասնյակ հազարավորների համար, ապա այսօր ինտերնետը ցանկացած տեղեկություն անմիջապես հասանելի է դարձնում տասնյակ միլիոնավորների համար: Ժամանակին, երբ Թուրքիան կարողություն չուներ` փակելու ուրիշների բերանը, և եվրոպացիներն ազատ էին իրենց տանը իրենց մտքերն արտահայտելու հարցում, եվրոպացի դիվանագետները, այսօրվա բառապաշարով ասած, պարբերաբար տեղեկատվական արտահոսք էին կազմակերպում: Դա դրսևորվում էր իրենց աշխատած երկրների և նրանց ղեկավարների մասին անկեղծ հոդվածներ և գրքեր գրելով: Այդ ժամանակ կեղծ բարեպաշտությունը դեռևս պետական քաղաքականության մակարդակի չէր բարձրացված: Մեզ հետաքրքրող հարցի, այն է Քեմալ Աթաթուրքի մասին թերևս ամենահետաքրքիր և ամենահավաստի տեղեկությունների հեղինակը Հարըլդ Արմսթրոնգն (Harold Armstrong) է: Արմսթրոնգն առաջին աշխարհամարտից հետո` 1919թ. ապրիլից (Harold Armstrong, Turkey in Travail, The Birth of a New Nation, London, 1925, p. 66) մինչև 1922թ. հունիս (նույն տեղում, էջ  230), եղել է Կ.Պոլսում Բրիտանիայի Գերագույն հանձնակատարի ռազմական կցորդի պաշտոնակատարը (մինչև 1923թ., այսինքն` մինչև Թուրքիայի ինքնիշխանության վերականգնումը Թուրքիայի հետ չէին կարող լինել հավասարազոր իրավական  հարաբերություններ: Ուստի, դեսպանների փոխարեն Թուրքիայում Գերագույն հանձնակատարներ էին, իսկ ռազմական կցորդների փոխարեն` պաշտոնակատարներ), Բրիտանական կայսրության պաշտպանության նախարարությունում հատուկ ծառայությունների սպա և թուրքական ժանդարմերիայի վերահսկիչը (Acting Military Attach to the High Commissioner, Constantinople; Special Service Officer in War Office and Supervisor of Turkish Gendarmerie) (Harold Armstrong, Travail, նշվ. աշխ., էջ  iii, 75): Այսինքն` մեկը, որն, անմիջականորեն վերահսկելով Թուրքիայի ներսում գործող գործակալական ցանցը, իրազեկ է դարձել բազմաթիվ քաղաքական գործիչների կյանքի մանրամասներին: Դրա համար նա ուներ լիազարություններ և կարողություններ, ինչպես նաև կատարելապես տիրապետում էր թուրքերենին: Ավելի քան 3 տարի Թուրքիայում պաշտոնավարելուց հետո Հարըլդ Արմսթրոնգը, օգտագործելով տարիների իր հավաքած տեղեկությունները, Թուրքիայի մասին սկզբնաղբյուրային նշանակություն ունեցող երկու գիրք է գրում` “Harold Armstrong, Turkey in Travail, The Birth of a New Nation”, London, 1925 [Թուրքիան երկունքի ցավերի մեջ, մի նոր ազգի ծնունդ] և “H.C. Armstrong, Gray Wolf, Mustafa Kemal - An Intimate Study of a Dictator”, N.Y., 1933 [Գորշ գայլը` Մուստաֆա Քեմալ- մի բռնակալի անձնականի ուսումնասիրություն]: Հատկապես բացառիկորեն արժեքավոր է նրա երկրորդ գիրքը: Առ այսօր Քեմալ Աթաթուրքի մասին հարյուրավոր գրքեր են գրվել: Սակայն դրանք ավելի շատ հիշեցնում են Ստալինի ժամանակ Ստալինի մասին գրված գրքերը, քան լուրջ գիտական ուսումնասիրություններ են: Դրա համար մի շարք պատճառներ կան: Պատճառներից մեկն այն է, որ Թուրքիայի Հանրապետության քրեական օրենսգիրքը (հոդվածներ 301; 305; 306) հնարավորություն է տալիս հետապնդել Աթաթուրքի մասին ցանկացած հրապարակման հեղինակի, որի բովանդակությունը իշխանությունները կհամարեն վիրավորանք, թեև իրականում այդպիսին կարող է և չլինել: Քանի որ բրիտանացի դիվանագետ և հետախույզ Հարըլդ Արմսթրոնգը վաղուց է մահացել, ուստի մտահոգություն չունենք նրա համար: Պարզապես հատվածաբար մեջբերումներ անենք նրա գրքից` լուսաբանելու համար Մուստաֆա Քեմալի (հետագայում Աթաթուրք կամ Աթաթյուրք) կյանքի պակաս հայտնի կողմերը: Ամենայն հավանականությամբ Wiikileaks-ի ունեցած նյութերը վերաբերում են Աթաթուրքի անձնական կյանքի ծածուկ կողմերին: Իսկ որ այդպիսի նյութեր շատ կան, փաստ է: Ես ինքս եմ տարբեր արխիվներում կարդացել 1920-30-ական թվականների զանազան դիվանագիտական զեկուցագրեր Աթաթուրքի մասին, որոնք արժանի են տպագրվելու Playboy-ի կամ Instinct-ի էջերում: Հարկ եմ համարում ընդգծել, որ քաղաքական գործիչների անձնական կյանքի մանրամասները արդեն անձնական չեն իրենց բուն էությամբ: Անձնականը զգալապես պայմանավորում է մարդկային մտածողությունը, որն էլ իր հերթին որոշումներ կայացնելու հիմքն է: Որոշումներ, որոնցից հազարավոր մարդկային կյանքեր և պատմական շրջադարձեր են կախված: Անձնականի գործոնը քաղաքական գործչի դեպքում միշտ հասարակական հնչեղություն և հեռագնա ազդեցություն ունի: Քաղաքական գործիչը չունի և չի կարող ունենալ անձնական կյանք: Քաղաքական գործչի կենսաձևը կամավոր ընտրություն է, որն ամեն անհատ անում է գիտակցված: Սեռական կյանքը մարդու անձնական կյանքի կարևորագույն կողմերից է: Հետևաբար, սեռական վարքագիծը շատ բան կարող է վկայել մարդու մասին, հսկայան նյութ տալ` հասկանալու համար նրա ներաշխարհը և մտածողությունը: Մուստաֆայի սկզբնական սեռական հարաբերությունների և կողմնորոշման մասին Արմսթրոնգի առաջին տեղեկությունը վերաբերում է Սալոնիկի կադետական դպրոցի (Military Cadet School in Salonika) երկրորդ տարուն (1894թ.): Այստեղ է, որ Մուստաֆայի թվաբանության ուսուցիչը` նրա անվանակից կապիտան Մուստաֆան, իր «հովանու» տակ է վերցնում 13-14-ամյա պատանուն. «Նրա [Մուստաֆա Քեմալի] ուսման երկրորդ տարում ուսուցիչներից մեկի` ոմն կապիտան Մուստաֆայի սիրտը կպավ նրան» (In his second year one of the masters, a Capitan Mustafa, took a fancy to him) (H. C. Armstrong, Gray Wolf, Mustafa Kemal – An Intimate Study of a Dictator, N.Y., 1933, p. 7): Հետաքրքրական է to take fancy (= to have a fancy, to fancy) դարձվածքի գործածումը Արմսթրոնգի կողմից: Անգլերենում այն մի շարք իմաստներ ունի` սիրել, դուր գալ, տարվել (Անգլերեն-հայերեն բառարան, [խմբ. Հ.Ա.Ասմանգուլյանի, Մ.Ի.Հովհաննիսյանի], Երևան, 1984, էջ 331-332), մեկի հետ կապված զգալ, հատկապես սեքսուալ կապով (to feel attached to, especially in sexual way) (Collins Cobuild on CD.  4th ed, 2003): Ի դեպ, հենց այս կապիտան Մուստաֆան էլ կապուտաչյա դեռատի Մուստաֆային տալիս է Քեմալ` կատարյալ, գեղեցիկ, սիրունիկ մականունը (H. C. Armstrong, Gray Wolf, նշվ. աշխ., էջ 7): Իր հետագա վկայություններում Արմսթրոնգն ավելի է հստակեցնում իր միտքը. «Կապիտան Մուսթաֆայի ընկերությունն ու խնամքը նրան որևէ լավ բան չտվեց: Ընկերությունն անառողջ էր: Նա հասունացավ չափազանց արագ: Նախքան 14 տարեկան դառնալը նա արդեն անցել էր տղայության աստիճանը. խարխափումները սեքսի հետևից. մանր կեղտոտություններ. նաև սկսել էր հարաբերություններ ունենալ հարևանի աղջկա հետ» (The friendship and protection of Captain Mustafa did him no good. The friendship was unhealthy. He developed overrapidly. Before he was fourteen he had passed the boy stage: the gropings after sex: the petty dirtiness: and he had started an affair with a neighbor’s daughter) (նույն տեղում): Ուսումը շարունակելու համար Մուստաֆա Քեմալը նախ Սալոնիկից փոխադրվում է Մոնաստիր (Monastir, 1895թ.), ապա Կ.Պոլիս (1899թ.): Կ.Պոլսում երիտասարդ Մուստաֆա Քեմալը գլխովին խրվում է մեծ քաղաքի գիշերային կյանքի մեջ. «Նա միանգամից հախուռն ընկղմվեց մեծ քաղաք Կ.Պոլիս կյանքի մեջ: Գիշերը գիշերի հետևից նա սրճատներում և ռեստորաններում ղումար էր խաղում և խմում: Կանանց հարցում նա բծախնդիր չէր: Մարմնի մի ուրվագիծ, մի կիսադեմ, մի ծիծաղ կարող էր նրա մեջ կրակ բորբոքել և մղել նրան ունենալու այդ կնոջը, ինչպիսինն էլ նա լիներ: Երբեմն դրանք կարող էին լինել Ղալաթիո [կամրջի] գարշահոտ փողոցների բոզանոցների հույն կամ հայ պոռնիկները, ուր գալիս էին կավատներն ու հոմոսեքսուալները` հագուրդ տալու իրենց բոլոր անառակություններին. հետո մի կամ երկու շաբաթ [կարող էր լինել] մի լևանտյան (արևելամիջերկրյածովյան ժողովուրդների ընդհանուր անվանումը) տիկին նրա Փանգալդիում գտնվող տանը; կամ որևէ թուրք աղջիկ Փերայի կամ Ստամբուլի ժամադրատներում, ով ոստիկանության ահից գալիս էր քողածածկ և հետևի դռնից: Նա ոչ մեկին չսիրահարվեց: Նա երբեք չեղավ սենտիմենտալ կամ ռոմանտիկ: Առանց խղճի խայթի` նա անցնում էր մի կնոջից մյուսը: Նա բավարարում էր իր ախորժակը և վերջ: Նա իր մտածողության մեջ ամբողջապես արևելքցի էր. կանայք որևէ տեղ չունեին նրա կյանքում` բացի նրա սեքսուալ պահանջները բավարարելուց: Նա մինչև հատակը խրվեց քաղաքի վավաշոտ կյանքի մեջ» (At once he plunged wildly into the unclean life of the great metropolis of Constantinople. Night after night he gambled and drank in the cafes and restaurants. With women he was not fastidious. A figure, a face in profile, a laugh, could set him on fire and reaching out to get the woman, whatever she was. Sometimes it would be with the Greek and Armenian harlots in the bawdy-houses in the garbage-stinking streets by Galata Bridge, where came the pimps and the homosexuals to cater for all the vices; then for a week or two a Levantine lady in her house in Pangaldi; or some Turkish girl who came veiled and by back-ways in fear of the police to some maison de rendez-vous in Pera or Stambul. He fell in love with none of them. He was never sentimental or romantic. Without a pang of conscience he passed rapidly from one to next. He satisfied his appetite and was gone. He was completely Oriental in his mentality: women had no place in his life except to satisfy his sex. He plunged deep down into the lecherous life of the city) (H. C. Armstrong, Gray Wolf, նշվ. աշխ., էջ 11): Արմսթրոնգի հաջորդ վկայությունը Մուստաֆա Քեմալի անձնական կյանքի մասին վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ վերջինս Օսմանյան կայսրության ռազմական կցորդն էր Սոֆիայում (27-ի հոկտեմբերի, 1913թ. - 2 փետրվարի, 1915թ.): Նա հետևողականորեն սենեկային պարեր սովորեց պարուսույցի հետ և հետո պարում էր, երբ կար դրա հնարավորությունը, սակայն միշտ այնպես, կարծես ռազմական շքերթում լիներ: Նա սկսեց հաճախ այցելել հյուրասենյակներ և ջանում էր հասարակության վրա թողնել նրբագեղ տպավորություն, սեր էր անում Սոֆիայի տիկնանց հետ, բայց տիկնայք գտնում էին, որ նա չափազանց անճարակ է (He learnt ball-room dancing, methodically with a teacher, and then danced whenever possible, but always as if he was on parade. He frequented the drawing-rooms and tried to become the society gallant, making love to the ladies of Sofia, but they found him excessively gauche) (նույն տեղում, էջ 43): Սոֆիայում Մուստաֆա Քեմալը սիրահարվում է Բուլղարիայի պաշտպանության նախկին նախարար, գեներալ Ստիլիան Կովաչևի (Stiliyan Kovachev) դստերը` Դիմիտրինային (Dimitrina), սակայն մերժում է ստանում (նույն տեղում): «Եվ Մուստաֆա Քեմալը` նեղացկոտ ու զգայուն, քան երբևէ, դարձավ ավելի միայնացած ու ինքնամփոփ: Նա սկսեց ատել հասարակությունը» (And Mustafa Kemal, touchy and sensitive, became more lofty and aloof then ever. He began to hate the society) (նույն տեղում, էջ 44): Խուսափելով բարձրաշխարհիկ հասարակությունից` Մուստաֆ Քեմալն ավելի ու ավելի էր ձգտում այլ միջավայրի. «Մուստաֆա Քեմալն իրեն շատ ավելի հանգիստ էր զգում մայրաքաղաքի տղամարդկանց, հատկապես հաճոյակատար տղամարդկանց և թեթևաբարո կանանց հետ: Սրանց հետ սրճատներում և բորդելներում խմում էր և գիշերներ լուսացնում: Նա ժամեր շարունակ ղումար և զառ էր խաղում յուրաքանչյուրի հետ, ով կնստեր իր դիմաց: Նա տրվում էր բոլոր շվայտություններին և առլեցուն էր դրանցով: Նա փորձեց բոլոր զեխությունները, որի համար հատուցեց` վարակվեց վեներական հիվանդությամբ և քայքայեց առողջությունը: Այս պատճառով կորցրեց կանանց նկատմամբ ունեցած հավատը և միառժամանակ հմայվեց սեփական սեռով» (With men – and especially men who were deferential – and with the loose women of the capital, Mustafa Kemal was far more at ease. With these, in the cafes and the brothels, he drank and reveled night after night far into the dawn. He gambled and diced for hours against any one who would sit against him. He heaped up all the indulgences and glutted himself with them. He tried all the vices. He paid the penalty in sex disease and damaged health.  In the reaction he lost all belief in women and for the time being became enamored of his own sex) (նույն տեղում): 1914թ.-ին սկսվեց առաջին աշխարհամարտը: 1914թ. հոկտեմբերի 28-ին թուրքական նավերն ուխտադրժորեն ռմբակոծեցին Սև ծովի ռուսական նավահանգիստները, որի հետևանքով նոյեմբերի 3-ին Ռուսաստանը, իսկ նոյեմբերի 5-ին Ֆրանսիան և Բրիտանիան պատերազմ հայտարարեցին Թուրքիային: Թուրքիան կրկին պատերազմի մեջ էր: Մուստաֆա Քեմալի` պատերազմի տարիների անձնական կյանքի մասին ընդհանրապես քիչ բան է հայտնի, և Արմսթրոնգն էլ իր հերթին քիչ բան է հաղորդում: Ակնհայտ է մի բան` այդ տարիներին ոգելից խմիչքներն այն աստիճան են քայքայում նրա առողջությունը, որ նա 1918թ. ապրիլ-օգոստոսին (Erik Jan Zurcher, The Unionist Factor, Leiden, 1984, p. 60)`  պատերազմի ամենաթեժ պահին, ստիպված բուժման նպատակով մեկնում է Կարլսբադ (Carlsbad, Karlovy Vary) [ներկայումս Չեխիա]: Նա, ինչպես վկայում է Արմսթրոնգը,   այցելում է ավստրիացի հայտնի բժիշկ Օտտո Զուքերքանդլին (Zuckerkandl), որն էլ  նրան զգուշացնում է, որ «եթե չդադարեցնի խմելը, ապա կմահանա մեկ տարվա ընթացքում (If he did not stop drinking he would die in a year) (John Gunter, նշվ. աշխ., էջ  97): Հարկ է ընդգծել, որ ավստրիացի բժիշկը սխալվեց. թեև Մուստաֆա Քեմալը շարունակեց խմել առաջվանից ոչ քիչ, այնուամենայնիվ ապրեց ևս 20 տարի` մինչև 1938թ.: Օսմանյան կայսրության պարտությունից և Մուդրոսի զինադադարի ստորագրումից հետո (30 հոկտեմբերի, 1918թ.) Մուստաֆա Քեմալը Սիրիական ռազմաճակատից վերադառնում է Կ.Պոլիս: Չնայած բազում ջանքերին` Քեմալը դարձյալ որևէ պաշտոն չի ստանում նոր կառավարության մեջ: Ավելին, անգործ մնալով` մի փոքր տուն է վարձում Կ.Պոլսի արվարձան Շիշլիում և տրվում կյանքի վայելքներին: Այդ ընթացքում նրա միակ ընկերը գնդապետ Արիֆն (Arif) էր. «Նա քիչ ընկերներ ուներ և միակ մոտիկը գնդապետ Արիֆն էր (խոսքը Մեհմետ Արիֆ Այիչիի (արջ պարացնող) [Mehmet Arif Ayici] (1883-1926թթ.) մասին է, որին Քեմալը 1926թ. շինծու մեղադրանքով կախաղան բարձրացրեց): Արիֆը Գերմանիայում կրթություն ստացած շտաբային ունակ սպա էր: Նա Մուստաֆա Քեմալից երիտասարդ էր (Մուստաֆա Քեմալը ծնվել է 1880թ. կամ 1981թ.-ին): Նրանք իրար գիտեին դեռևս Սալոնիկի և Մոնաստիրի օրերից; նրանք միասին ծառայել էին Սիրիայում, Բալկաններում և Գալիպոլիում: Զինադադարից հետո նրանք հաստատեցին սերտ ընկերություն: Նրանք միանման ճաշակ ունեին; երկուսն էլ կլանված էին բոլոր ռազմական հարցերով; երկուսն էլ հաճույք էին ստանում նույն անբռնազբոս խոսակցությունից, շատ խմելուց և կանանց հետ անցկացրած խենթ գիշերներից: Մուստաֆա Քեմալի թշնամիներն ասում էին, որ նրանք սիրեկաններ են, քանի որ Արիֆը միակ մարդն էր, ում նկատմամբ Մուստաֆան բացահայտ սեթևեթանք էր ցուցաբերում, գրկելով նրա վիզը` փաղաքշական անուններ էր տալիս (He had few friends and only one intimate, a Colonel Arif. Arif was a capable staff officer trained in Germany. He was a younger man than Mustafa Kemal. They had known each other since the days in Salonika and Monastir; they had served together in Syria, the Balkans and Gallipoli. After the Armistice they struck up a close friendship. They had common tastes; both were absorbed in all military matters; both enjoyed the same loose talk, the heavy drinking and the wild nights with women. Mustafa Kemal’s enemies said they were lovers, for Arif was the only person for whom Mustafa showed open affection, putting his arm round his shoulders and calling him endearing names) (H. C. Armstrong, Gray Wolf, նշվ. աշխ., էջ 95): Հետագա տարիներին ևս Մուստաֆա Քեմալը պահպանում է իր հախուռն և ոչ խտրական սեռական կյանքը: 1921-1922թթ. Աթաթյուրքի անձնական կյանքի մասին Արմսթրոնգը գրում է հետևյալը. «Քանի դեռ աշխատանք կար, դա խլում էր Մուստաֆա Քեմալի յուրաքանչյուր րոպեն. ոչինչ չէր կարող նրան շեղել: Երբ գործը թեթևանում էր, նա դառնում էր դյուրագրգիռ և իր տեղը չէր գտնում և սկսում էր բախումներ ունենալ իր ենթակաների հետ: Այդ ժամանակ էր, որ Արիֆի և մեկ-երկու այլ տղամարդու հետ խրվում էր թունդ խմելու մեջ, որը զուգորդվում էր մինչև լույս թղթախաղով; կամ բոզության էր գնում քաղաքի էժանագին բորդելների ներկված կանանց մոտ» ("As long as there was work, it absorbed Mustafa Kemal’s every minute: nothing could divert him. When work slackened, he grew irritable and restless and began to interfere with his subordinates. It was then that with Arif and one or two other men he would disappear on heavy drinking bouts which, with gambling, would last whole nights; or he went a whoring with the painted women of the poor brothels of the town (նույն տեղում, էջ 139): Բնական է, որ նման կյանքն իր բացասական ազդեցություն էր թողնում Մուստաֆա Քեմալի առողջության վրա: Բժիշկը նրան խորհուրդ է տալիս «աշխատել և խմել քիչ, կանոնավոր կյանք վարել մեկի հետ, ով կհոգա նրա մասին» (work and drink less, and lead a regular life with someone to look after him) (նույն տեղում, էջ 142): Այդ ժամանակ էլ նրա կյանքում հայտնվում է Ֆիքրիյե Հանըմը. [Fikriye Hanum]. «Կործանումից նրան փրկեց Ֆիկրիյե Հանըմը: Նա (Քեմալի) հեռավոր բարեկամն էր Ստամբուլից (Partick Kinross, Ataturk, The Rebirth of a Nation, London, 1998, p. 97), ով բանակին կամավորագրվել էր որպես բուժքույր և եկել Անկարա: Հենց որ Քեմալը տեսավ նրան, իսկույն վերցրեց իր տուն (From a break-down he was saved by Fikriye Hanum. She was a distant relative of his from Stambul who had volunteered as an army nurse and come to Angora. As soon as he saw her, Mustafa Kemal took her to his house) (H. C. Armstrong, Gray Wolf, նշվ. աշխ., էջ 143): Արմսթրոնգն այստեղ սխալվում է. Ֆիքրիյեն (1887-1924) Մուստաֆայի հեռավոր բարեկամը չէր, այլ հարազատ մորեղբոր աղջիկը, որոնց տանը մանկության տարիներին 2 տարի ապրել էր Մուստաֆան: Ֆիքրիյեն ժամանակին ամուսնացած էր եղել մի հարուստ եգիպտացի արաբի հետ, սակայն վաղուց բաժանվել էր (Partick Kinross, նշվ. աշխ., էջ 141): «Նա (Ֆիքրիյեն) հոգ էր տանում նրա (Քեմալի) բոլոր կարիքները, երբ հիվանդ էր լինում, խնամում էր նրան: Նա նրա (Քեմալի) սիրուհին էր և բացարձակ ստրուկը, որովհետև թուրք էր և արևելցի: (…) Առժամանակ Մուստաֆա Քեմալը տարված էր նրանով: Բայց շուտով հոգնեց: Ավելի ու ավելի հաճախ սկսեց գնալ իր ներկված կանանց, իր հարբեցողության և թղթախաղի ընկերների մոտ (She watched over all his needs. When he was ill, she nursed him. She was his mistress and his absolute slave, for she was Turkish and oriental.(…) For a while Mustafa Kemal was absorbed in her.  But very soon he tired. He went back more and more to his painted women, his drinking companions and his cards) (H. C. Armstrong, Gray Wolf, նշվ. աշխ., էջ 143-144): Մուստաֆա Քեմալի 1922-24թթ. կյանքը սիրային դասական եռանկյունի է հիշեցնում: 1922թ. սեպտեմբերին Մուստաֆա Քեմալը Զմյուռնիայում հանդիպում է Լաթիֆային [Latifa Usakligil (1898-1975թթ.)]: Հանդիպումը առժամանակ փոխում է նրա կյանքը: Ֆիքրիյեն դառնում է միանգամայան ավելորդ, դառնում է բեռ: Քեմալը նրան 1922թ. վերջին «բուժման» է ուղարկում Մյունխեն: 1923թ. հունվարի 14-ին մահանում է Մուստաֆա Քեմալի միակ ամենամոտ մարդը` մայրը` Զուբեյդան [Zubeida]: Նրա մահից հազիվ 15 օր հետո Քեմալն ամուսնանում է Լաթիֆայի հետ, որի հետ ապրում է 2,5 տարի (Մուստաֆա Քեմալը և Լաթիֆան պաշտոնապես բաժանվել են 1925թ. օգոստոսի 5-ին, թեև արդեն մինչ այդ մեկ տարի առանձին են ապրել): 1924թ.-ին Մյունխենից վերադառնում է Ֆիքրիյեն, հանդիպում և փորձում է Մուստաֆա Քեմալից պարզաբանումներ ստանալ իր հետագայի մասին: Հանդիպման հաջորդ օրը Ֆիքրիյեին սպանված են գտնում Մուստաֆա Քեմալի տան հետևի փոսերից մեկում (H. C. Armstrong, Gray Wolf, նշվ. աշխ., էջ  212): Ինքնասպանության առաջ քաշված վարկածն առ այսօր լուրջ կասկածների տեղիք է տալիս (Dagobert von Mikusch, Mustapha Kemal, (trans. From German) New York, 1931, p. 334): Ուրիշ ի՞նչ: Ոչինչ: Խնդալու կամ լալու կարծեմ պատճառ չիք: Սպասենք Wikileaks-ի հետագա բացահայտումներին: Եթե նոր բան չլինի, ապա նախկին wikileaks-երը կան ու կան: Ի վերջո, նորը լավ մոռացված հինն է:

Արա Պապյան

Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար 12 դեկտեմբերի 2010թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter