HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շայդուլինն իր հրամանների հետ վերադարձել է Երևան

Սանահինի երկաթուղայինները չեն հանդարտվում: Դա փաստեց նաև երեկ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինի և ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանի` Սանահին կատարած այցը: Շևքեթ Շայդուլինը Սանահին էր եկել իր թիվ 189/Ն հրամանը կյանքի կոչելու նպատակով: Նա իր հետ բերել էր իր ստեղծած շրջադարձային դեպոյի պետի և վերջինիս տեղակալի նշանակման 2 հրամանները: Աժ պատգամավոր Կարեն Սարիբեկյանն էլ եկել էր դեպոյականներին տեղեկացնելու, որ իր պատգամավորական աշխատանքի արդյունքում Շայդուլինի 189/Ն հրամանի հետ կապված Սանահինում իրավիճակը ուսումնասիրելու նպատակով Ազգային ժողովում ստեղծվել է պատգամավորական հանձնախումբ, իսկ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում հատուկ հանձնաժողով, որոնք առաջիկայում կայցելեն  դեպոյականներին: Դեպոյի  դահլիճը լեփլեցուն էր երկաթուղայիններով: Շայդուլինի անվտանգության համար խստացված վերահսկողություն էին իրականացնում նրա թիկնապահները: Դահլիճում կրքերը լարված էին: Դեպոյականները խոսում էին գոռալով: Իրենց պարտադրված դիմումի համաձայն` դեկտեմբերի 1-ից աշխատանքից արդեն ազատվել էին Սանահինի լոկոմոտիվային դեպոյի պետ Հակոբ Ճուղուրյանը և նրա տեղակալ Ռոբերտ Ճուղուրյանը, ովքեր նույնպես դահլիճում էին: Մինչ հրամանները ընթերցելը Շայդուլինը ներկայացրեց գործադուլային իրավիճակի պատճառով արդեն շուրջ 2 ամիս Սանահինի երկաթուղային դեպոյում շարունակվող «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի շուրջ բեռնափոխադրումների պատվիրատուների մոտ առաջացած անվստահության և ընկերության վրա դրանց տնտեսական ազդեցությունների մասին: Շայդուլինը իր խոսքում կադրային նոր նշանակումները կարևոր խնդիր համարեց. «Մի բան պետք է հասկանանք. մեզանից բացի ոլորտում ոչ ոք բարենորոգումներ չի կարող կատարել: Եթե մենք այսօր չնշանակենք ղեկավարներ, չենք կարող ձևակերպել 2011թ.-ի բյուջեն: Արդեն փող է հարկավոր Սանահինում վերակառուցման աշխատանքներ կատարելու համար: Եթե դա մենք չկատարենք, կհայտնվենք 11թ-ին»: Շայդուլինը դահլիճին ներկայացրեց շրջադրձային դեպոյի ղեկավարների ընտրության իր սկզբունքները: Պարզվեց, որ նրա նշանակած ղեկավարը դեռ սեպտեմբերին Շայդուլինի հետ առաջին հանդիպման ժամանակ կարողացել է իր և կոլեկտիվի տեսակետը կարճ, կոնկրետ և հստակ ներկայացնել ղեկավարությանը. «Ինձ դուր եկավ, որ մարդը կարողանում է լսել, ունի սեփական աշխարհայացք և գիտե իր կոլեկտիվի աշխարհայացքը: Մենք նրա հետ շատ երկար զրուցել ենք և եկել ենք այն հետևության, որ պետք է անենք ամեն ինչ, որ երկաթուղայինները այլևս չկասկածեն ոչ ինձ, ոչ էլ «Հարավկովկասյան երկաթուղուն»»,- ասաց Շայդուլինը: Պարզվեց, որ վերջինս հրամանը գրելիս մտածել է նաև այնպիսի ղեկավար նշանակել, որ 2011թ.-ի ապրիլ, մայիս ամիսներին մարդիկ իրենից շնորհակալ լինեն: Հրամանը ընթերցելուց առաջ դեպոյականները փորձեցին լքել դահլիճը: ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը նրանց խնդրեց չլքել դահլիճը. «Հլա կուլտուրա ունեցեք, ամոթ ա, տղերք: Մինչև վերջ լսենք, մարդը բան ա ասում, նոր ինչ անելու ա, կանենք: Մարդը նստած` թողնում եք, գնում: Երկու ամիս ուզում էիք, որ էս մարդը գա` հասնի ստեղ, հասել ա»: Շայդուլինի առաջին հրամանով շրջադարձային դեպոյի պետ էր նշանակվել Սանահինի լոկոմոտիվային դեպոյի մեքենավար Գառնիկ Գրիգորյանը, 2-րդ հրամանով` պետի տեղակալի պաշտոնում նշանակվել էր մեքենավար Յուրիկ Մատինյանը: Վերջինս հանդիպման ավարտին Շայդուլինին դիմում ներկայացրեց նշանակված պաշտոնից հրաժարվելու մասին: Շայդուլինը զարմացած ասաց, որ իրեն զեկուցել են նշանակված կադրերին կոլեկտիվի հետ համաձայնեցված լինելու մասին: Յուրիկ Մատինյանն էլ լրագրողներին հայտնեց, որ իր կոլեկտիվը չի ընդունում կադրային նոր նշանակումները, իսկ ինքն առանց կոլեկտիվի համաձայնության չի կարող ընդունել Շայդուլինի առաջարկած պաշտոնը: Շայդուլինը  կոչ արեց երկաթուղայիններին հանդարտվել. «Մենք պետք է շարժվենք առաջ: Մենք պետք է բաց խոսենք: Ժամանակը ի վնաս մեզ է խոսում»: Նա մեկ անգամ ևս անդրադարձավ պատվիրատուների դժգոհություններին: «Պատվիրատուները հրաժարվում են մեր միջոցով բեռնափոխադրումներ կատարել: Նրանք ասում են, որ մեզ մոտ դժվարություններ, գործադուլներ և ըմբոստություններ են լինում: Բայց ես օրենքով աշխատող մարդ եմ»,- ասաց Շայդուլինը: Նրա կարծիքով, Սանահինում հատուկ խմբավորումներ և կազմակերպություններ են գործում իր դեմ: Հայտարարեց, որ այդ մարդկանց գործերը ուղարկել է դատախազություն «Հարավկովկասյան երկաթուղուն» պատճառած վնասները վերականգնելու համար. «Նրանք պետք է ճանաչվեն օրենքից դուրս մարդիկ»,- ասաց Շայդուլինը: Շայդուլինը խնդրեց երկաթուղայիններին աջակցել իրեն: Երկաթուղայինները մնացին անդրդվելի: Վերջիններիս աջակցում էր նաև պատգամավոր Կարեն Սարիբեկյանը: Նա «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի տնօրենին մեղադրեց, որ տնօրենը երկաթուղայիններին աշխատանք է առաջարկում մի արտադրամասում, որի պատրաստ լինելու համար անհրաժեշտ կլինի առնվազն 8-10 ամիս ժամանակ: Մեքենավար Սեյրան Խեչիկյանը այս անգամ էլ Շայդուլինին ուղղեց իր հերթական հարցը. «Պրն Շայդուլին, լոկոմոտիվային դեպոն պահպանվո՞ւմ է, թե՞ դառնում է շրջադարձային»: «Դառնում է շրջադարձային»,- հետևեց Շայդուլինի պատասխանը: Երկաթուղայիններն անմիջապես լքեցին դահլիճը: Շայդուլինը իր հրամանների հետ վերադարձավ Երևան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter