Ձերբակալված հայ երեխային հոր հետ տարել են մեկուսարան
Ֆրանսիական «Ֆրանս-Սուաղ» թերթը հունվարի 11-ին Ալբան Տրաքեի հեղինակությամբ հոդված է հրապարակել դպրոցում ձերբակալված, այնուհետեւ հոր հետ մեկուսարան (ֆրանսերեն այն կոչվում է արտաքսումների ճամբար) տարված հայ երեխայի մասին: Ստորեւ` հոդվածը թարգմանաբար:
«Ուրբաթ` հունվարի 7-ին, Լանժակում (Օտ Լուարի շրջան) ոստիկանները 6-ամյա Վազգեն Ասրիյանին են փնտրել իր դպրոցում, որպեսզի նրան ուղեկցեն մեկուսարան` անօրինական կարգավիճակում գտնվող հոր մոտ:
Վտարման սպառնալիքի տակ գտնվող Դավիթ Ասրիյանը Լանժակի ֆուտբոլի թիմի հարձակվողն է: Իրադարձությունները տեղի են ունեցել հունվարի 7-ին, ուրբաթ օրը, Լանժակում: Ոստիկանները 6-ամյա Վազգենին դպրոցից ուղեկցել են հոր մոտ` մեկուսարան: Այնտեղ են ուղեկցել նաեւ Դավիթի երիտասարդ ընկերուհուն: Հայկական ծագումով երիտասարդ տղամարդը ձերբակալվել էր նախօրեին մի գազալցակայանում` գազի ծավալի խախտման համար: Տեղում փոքրիկ Վազգենին եւ նրա հորը` ռուսական երրորդ դիվիզիայի նախկին ֆուտբոլիստին, օգնության են գալիս: Երկուշաբթի երեկոյան Նիմ քաղաքի մեկուսարան տեղափոխված Դավիթ Ասրիյանը բացատրություններ է տալիս:
Ֆրանս-Սուաղ - Ո՞րն է ֆրանսիական տարածքում ձեր կարգավիճակը:
Դավիթ Ասրիյան - Ես օրինականացման խնդրանքով դիմել եմ հոկտեմբերին, սակայն պրեֆեկտուրան մերժել է, այնուհետեւ ես հայց եմ ներկայացրել վարչական դատարան: Միաժամանակ, ես ընթացքի մեջ գտնվող քաղաքական ապաստանի դիմում ունեմ: Դա վերաքննություն է, բայց այդ դիմումն առաջնահերթ է: Փաստացի, ես միաժամանակ եւ օրինական, եւ անօրինական միգրանտ եմ: Ես այստեղ եմ գտնվում իմ տղայի հետ:
Ֆրանս-Սուաղ – Ինչպե՞ս է տեղի ունեցել Ձեր ձերբակալությունը հունվարի 6-ին:
Դավիթ Ասրիյան - Դա տեղի ունեցավ գազալցակայանից դուրս գալիս: Ես մոռացել էի կարգավորել իմ դիզելային վառելիքի հաշիվը, եւ կայանի կառավարիչը մտածել էր, թե ես մեկնել եմ առանց վճարելու, նա զանգահարել է ոստիկաններին, եւ արդյունքում նրանք ինձ ձերբակալեցին: Ես կարգավորեցի գումարի հարցը, բայց ոստիկանը ինձանից անձը հաստատող փաստաթղթեր ուզեց, որոնք ես չկարողացա ներկայացնել նրան: Ինձ հսկողության տակ վերցրին մինչ հաջորդ օրը: Հետո պրեֆեկտուրան ֆաքս ուղարկեց` պահանջելով ինձ տանել մեկուսարան: Ուրբաթ, ժամը 15:30-ին մոտ, ոստիկանների հետ գնացինք դպրոց: Նրանք գնացին իմ որդուն փնտրելու, հետո բոլորով մեկնեցինք եւ կեսգիշերն անց` ուրբաթ գիշեր, լույս շաբաթ, ժամանեցինք Նիմի այս արտաքսումների ճամբար:
«Ֆրանս-Սուաղ» - Ինչպե՞ս է այս իրավիճակն ընկալում Ձեր որդին:
Դավիթ Ասրիյան - Նա դեռ չի հասկանում: Այս վայրը բոլորովին նրա համար չէ: Նա բազմաթիվ հարցեր է տալիս, որոնց պատասխանները ես չունեմ: Նա շատ փոքր է այս ամենը հասկանալու համար: Նա հարցնում է, թե ինչու դպրոց չի գնում, արդյոք մենք բանտում ենք… Ես նրան ասում եմ` ոչ, սա այլ վայր է, սա այն մարդկանց համար է, ովքեր փաստաթղթեր չունեն:
«Ֆրանս-Սուաղ» - Դուք պատրա՞ստ եք հետդարձի ճամփան բռնել:
Դավիթ Ասրիյան - Ոչ, ես չեմ ուզում վերադառնալ: Հայաստանը կայուն երկիր չէ, իսկ Ռուսաստանում ես քաղաքական խնդիրներ ունեմ: Բացի այդ, իմ որդին իր երիտասարդ կյանքի կեսից ավելին անցկացրել է Ֆրանսիայում. նա 2.5 տարեկան էր, երբ եկանք, եւ հիմա 6 տարեկան է:
«Ֆրանս-Սուաղ» - Ի՞նչ խնդիրներ ունեք Ռուսաստանում:
Դավիթ Ասրիյան - Ես աշխատում էի մի կազմակերպությունում` «Այլ Ռուսաստան», որը ցույց էր կազմակերպում ռուսական կառավարության դեմ: Մենք խնդիրներ ունեինք «սքինհեդների» եւ ոստիկանության հետ:
«Ֆրանս-Սուաղ» - Ինչպե՞ս եք փախել:
Դավիթ Ասրիյան - Տուրիստական ավտոբուսով. Սանկտ-Պետերբուրգից մենք ժամանեցինք Փարիզ: Հետո ես տեղափոխվեցի Լա Ռոշել, որտեղ էլ իմ մասին հայտնեցի պրեֆեկտուրայում: Հետո ինձ ուղարկեցին այստեղ, իմ փոքրիկի հետ:
«Ֆրանս-Սուաղ» - Ինչպե՞ս է անցնում Ձեր կյանքը ճամբարում:
Դավիթ Ասրիյան - Այնպես, ինչպես տեսնում ենք հեռուստացույցով. մեկուսացված, սա նման է բանտի: Ոստիկանությունը մեզ ուղեկցում է մեր բոլոր գործողությունների ժամանակ` ուտելիս, բժշկի այցելելիս: Ամեն դեպքում, սա այնպիսի վայր չէ, որտեղ կարելի է երեխաներին պահել: Ես դատավորին ասացի. «Եթե ուզում եք, պահեք ինձ այստեղ, բայց թույլ տվեք իմ որդուն գնալ ընկերուհուս հետ: Հակառակ դեպքում մեզ անմիջապես արտաքսեք»:
«Ֆրանս-Սուաղ» - Որեւէ ուղերձ ունե՞ք հղելու:
Դավիթ Ասրիյան - Ես չգիտեմ` լա՞վ է, որ ես խոսում եմ, բայց ես այլ ընտրություն չունեմ: Ես շնորհակալություն եմ հայտնում մեզ աջակցող մարդկանց եւ ուզում եմ ամեն ինչ անել, որպեսզի որդիս, ես եւ ընկերուհիս դուրս գանք այստեղից: Եվ անել առավելագույնը` Ֆրանսիայում մնալու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել