HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կառավարությունը պետք է կա'մ ներողություն հայցի, կա'մ վայր դնի լիազորությունները

Կարծում է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը

Կառավարությունն այսօր Ազգային ժողովից հետ է վերցրել 24 օրինագիծ, որոնք պետք է այս օրերին քննարկվեին եւ ընդունվեին արտահերթ ընթացակարգով: Արծվիկ Մինասյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ եթե ուշադիր դիտարկենք արտահերթ նստաշրջան պահանջելու կառավարության ներկայացրած օրակարգը, միանգամից երեւում է, որ կառավարության վարքագիծն իսկապես անտրամաբանական է:

Կան օրենքի նախագծեր, որոնց մի մասը տնտեսական-սոցիալական ոլորտից են, եթե դրանք էականորեն ազդելու են 2011թ. սոցիալ-տնտեսական զարգացումների վրա, ապա անհասկանալի է, թե կառավարությունն ինչու է տարեվերջին դրանք բերում ԱԺ եւ արագընթաց կարգով փորձում ընդունել տալ: Ըստ պատգամավորի` առնվազն դա պետք է արվեր բյուջեի քննարկումների ընթացքում, եթե ոչ ավելի վաղ: «Կան օրինագծեր, որ պետք է հասարակական քննարկումների առարկա լինեն եւ այդ օրենքները հապճեպորեն ընդունելը նշանակում է, որ կառավարությունն առհարամում է թե' Ազգային ժողովին, թե' հասարակությանը: Պարզապես որոշել է շարժվել սեփական քմահաճույքով»,- ասում է Արծվիկ Մինասյանը: Եթե դիտարկենք վիճակագրությունը, ապա ԱԺ կողմից ընդունված իրավական ակտերի 76 տոկոսը պատկանում է կառավարության նախաձեռնություններին: Ա. Մինասյանը նշում է, որ կառավարությունը դադարել է Սահնանադրությամբ նախատեսված գործադիրի գործառույթներն իրականացնելուց, փոխարենը ներխուժում է ԱԺ տիրույթ եւ խաղի այնպիսի  համապարտադիր կանոնների պահանջներ է դնում, որոնք հաճախ ոչ մի առնչություն չունեն հասարակության իրական խնդիրների եւ ծառացած մարտահրավերների հետ: «Օրինակ մի շարք օրինագծեր ներկայացվում են որպես բիզնես միջավայրի բարելավմանը միտված քայլեր, բայց եթե մի փոքր ավելի խորն ենք նայում, թե ինչ է կառավարությունը  հասկանում բիզնես միջավայրի բարելավում ասելով, ապա մենք կտեսնենք, որ դա միայն ձեւական է: Կառավարությունը ոչ միայն չի տիրապետում առկա իրավիճակի մարտահրավերներին, այլեւ պատրաստ էլ չէ այդ մարտահրավերներին դիմագրավելու կոնկրետ գործիքներ եւ քաղաքականություն առաջարկել: Այժմ իմիտացիոն մի պրոցես է գնում, թե իբր կառավարությունը փոփոխությունների է գնում տնտեսական մրցակցության, սոցիալական ոլորտի բարելավման եւ այլ ուղղություններում»,- ավելացնում է Ա. Մինասյանը: Դաշնակցական պատգամավորը կարծում է, որ ի դեմս քաղաքական մեծամասնության եւ կառավարության, հասարակությանը պարտադրվում է այնպիսի խաղի կանոններ, եւ նրանց այնպիսի բեռի տակ են դնում, որի տակից դուրս գալու ամենանախընտրելի տարբերակը դառնում է հայրենիքը լքելը, կամ ընդհանրապես հիասթափվելը երկրից եւ ապագայից: Արծվիկ Մինասյանի խոսքերով` սա չի կարող խոստանալ լավ ապագա Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զարգացման համար, հակառակ արդյունքը կարող է լինել` կաթվածահար անել ամբողջ սոցիալ-տնտեսական համակարգը: «Այսքանից հետո կառավարությունը պետք է գիտակցի, կամ պետք է կանգնի եւ հասկանա, որ իր ընտրած ճանապարհը սխալ է, կամ առնվազն պետք է հասարակությունից հայցի ներողամտություն, որ ինքը չի տիրապետում իրավիճակին եւ վայր դնի լիազորությունները, որպեսզի գան նոր ուժեր, նոր մարդիկ, նոր որակով անձինք եւ կարողանան նոր ծրագրեր ներկայացնեն մարտահրավերներին դիմակայելու համար»,- ավելացրեց Արծվիկ Մինասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter