Շայդուլինը զիջել է
Այսօր ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը «Հետք»-ին հայտնեց, որ դեկտեմբերի 15-ին Սանահինի երկաթուղայինների հետ հանդիպումից հետո, իր և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինի առանձնազրույցի արդյունքում, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը համաձայնել է զիջումներ անել: Նա խոստացել է 5 տարի պայմանագրային երաշխիքով Սանահինի արդեն նախկին լոկոմոտիվային դեպոյի հաստիքացուցակում չկատարել աշխատողների կրճատումներ, բոլոր աշխատողներին թողնել իրենց աշխատատեղերում, չնչին փոփոխություններով պահպանել նաև դեպոյականների ներկա աշխատավարձը: Սակայն լոկոմոտիվային դեպոն, Շայդուլինի 189/Ն հրամանի համաձայն, կդառնա շրջադարձային:
Շայդուլինը համաձայնել է զիջել նաև Սանահինի շրադարձային դեպոյի պետի ընտրության հարցում` թողնելով այն դեպոյի աշխատանքային կոլեկտիվին:
Առանձնազրույցից հետո ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի շարժակազմի ղեկավար Ռոման Ստեփանյանը և Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը վերստին հանդիպել են երկաթուղայինների հետ և ներկայացրել Շայդուլինի առաջարկները:
Կարեն Սարիբեկյանը հայտնեց, որ երկաթուղայինները համաձայնել են Շայդուլինի առաջարկներին և սպասում են նրա կողմից ներկայացվելիք պայմանագրային քննարկումններին:
Ըստ ԱԺ պատգամավորի տեղեկատվության` երկաթուղայինները Սանահինի շրջադարձային դեպոյի պետ են ընտրել մեքենավար Յուրիկ Մատինյանին: Սանահինի դեպոյի փորձառու շատ աշխատողներ, սակայն, այսօր արդեն կասկածում էին Շայդուլինի խոստումներին: Նրանք բացատրում են, որ Սանահինի լոկոմոտիվային դեպոյի շոգեքարշերի և էլեկտրաքարշերի թվով 52 մեքենավար և նրանց օգնականներ սահմանված գրաֆիկով Գյումրի-Այրում երթուղում գյումրեցի մեքենավարներից շարժակազմը մինչև օրս ընդունել են Սանահին կայարանում, այն վարել Այրում-Սանահին երթուղով, վերադարձին շարժակազմը Սանահինում կրկին հանձնել են Գյումրիի մեքենավարներին` բեռները Գյումրի հասցնելու համար:
Դեպոն շրջադարձային դառնալու դեպքում Սանահին կայարանում չի նախատեսվում գնացքների կանգառ, հետևապես նաև մեքենավարների փոփոխություն:
Այս դեպքում շատերին անհասկանալի է մնում, թե ինչպես է Շայդուլինը նրանց պահելու իրենց աշխատատեղերում:
Շայդուլինի խոստումների նկատմամբ մտահոգություններ ուներ նաև ԱԺ պատգամավորը. «Ես ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հարցը բարձրացրել եմ ՀՀ կառավարության առջև: Հարցին տեղյակ է նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նրանք համաձայնել են հարցը լուծել հօգուտ երկաթուղայինների»,- ասաց Կարեն Սարիբեկյանը:
«Հետքի» հետ զրույցում Կարեն Սարիբեկյանն ասաց, որ պայմանագրերը երկաթուղայինների պահանջներին չբավարարելու դեպքում իր միջամտությամբ երկաթուղայինների խնդիրներով կզբաղվի միջկառավարական հանձնաժողովը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել