Ինչպես է նշվելու Ամանորը Երևանում
Ամանորի տոնական միջոցառումների մեկնարկը Երևանում կտրվի մայր տոնածառի լույսերը վառելով: Միաժամանակ տոնական լուսավորություն կլինի ողջ քաղաքում։ 31 մետր բարձրությամբ Հանրապետության գլխավոր տոնածառն այս տարի զարդարվել է 72 աստղիկով և տարբեր գույների 4.000 խաղալիքով: Տոնածառի վրա կվառվի 32.000 լուսադիոդային լամպ: Մայր տոնածառը հավաքվել է եղևնու բնական 6.000 ճյուղով, որոնք բերվել են սանիտարական հատումից հետո:
Վարչական բոլոր շրջաններում նույնպես տեղադրվել են տոնածառեր: Տոնական լուսավորություն կլինի ոչ միայն մայրաքաղաքի կենտրոնում, այլև վարչական մյուս շրջաններում:
Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը Հանրապետության հրապարակում նախատեսում է անցկացնել տոնական համերգային ծրագրեր։
Դեկտեմբերի 31-ին` ժ. 13:00-ից, Հանրապետության հրապարակում կմեկնարկի տոնական համերգը` մանկական համույթների և պարային խմբերի, հեքիաթների հերոսների մասնակցությամբ։ Սիրված հեքիաթների հերոսների մասնակցությամբ կկազմակերպվեն նաև մանկական խաղեր։
Երեկոյան` ժ. 23:00-ից, կսկսվի տոնական համերգը` էստրադայի աստղերի, պարային խմբերի մասնակցությամբ, որը ժ. 24:00-ին կուղեկցվի շքեղ հրավառությամբ: Համերգը կշարունակվի մինչև ուշ գիշեր` ժ. 04:00-ն։
Հունվարի 1-6-ը Հանրապետության հրապարակում կանցկացվեն ցերեկային միջոցառումներ` հեքիաթային հերոսների մասնակցությամբ: Այդ օրերին երեկոյան` ժ. 18:00-ից 22:00-ն, դիջեյները կանցկացնեն տոնական համերգային դիսկոտեկ։
Դեկտեմբերի 6-ից տոնական միջոցառումները մեկնարկել են Ազատության հրապարակում: Ժ. 15:00-ից 18:00-ն այստեղ անցկացվում են ցերեկային համերգային ծրագրեր` մանկական համույթների, պարային խմբերի, անհատ կատարողների մասնակցությամբ։
Տոնական միջոցառումներն Ազատության հրապարակում կշարունակվեն մինչև հունվարի 6-ը:
Սահադաշտի վերածված Կարապի լճում դեկտեմբերի 30-ից մինչև 2011թ. հունվարի 6-ը կանցկացվեն գեղասահքի տոնական ցերեկային ծրագրեր` Ձմեռ պապի և Ձյունանուշի մասնակցությամբ։ Նախատեսվում են խմբակային պարեր հայ և ռուս կոմպոզիտորների ստեղծագործությունների ուղեկցությամբ, մենապարեր, զուգապարեր, <<Բուրատինո>> հեքիաթ-պար` գեղասահքի մարզադպրոցի սաների մասնակցությամբ։
Ամեն օր 30 րոպե տևողությամբ կանցկացվի նաև հոկեյի մրցաշար:
Երևանում քաղաքապետարանի կազմակերպած բոլոր միջոցառումներին կմասնակցեն Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ովքեր կաշխատեն անվճար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ տոնական միջոցառումներ կանցկացվեն նաև մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել