Երկու ժամանոց նվեր՝ տարեցներին
Հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների միջազգային օրը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Երևանի քաղաքապետարանը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Երևանի վարչական շրջանների շուրջ 65 տարեցի համար կազմակերպել էին էքսկուրսիա։
Երևանի քաղաքապետարանի տրամադրած ավտոբուսներով տարեցները մայրաքաղաքին նվիրված երաժշտության նվագակցության ներքո երկու ժամ շրջագայեցին քաղաքի տեսարժան վայրերով։ Տոնական օրվա առթիվ նրանց տրվեցին նաև նվերներ։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ տարեցները մշտապես ուշադրության կենտրոնում են, և երիտասարդները Տարեցների միջազգային օրվա առթիվ որոշել էին յուրօրինակ նվեր մատուցել նրանց։
«Վերջին տարիներին Երևանը բավականին փոխվել է. նոր շինություններ են կառուցվել, քաղաքը գեղեցկացել ու կանաչապատվել է, և շատ մեծահասակներ հնարավորություն չեն ունեցել տեսնել այն բոլոր փոփոխությունները, որ կատարվել են մայրաքաղաքում։ Ուստի որոշեցինք կազմակերպել երկժամյա տուր, որը տոնական տրամադրություն կհաղորդի մեր ծերերին, նրանց միմյանց հետ հաղորդակցվելու, միասին ժամանակ անցկացնելու հնարավորություն կընձեռի»,- ասաց Կարեն Ավագյանը։
Աջափնյակ վարչական շրջանում բնակվող Աստղիկ Ավանեսովան 1990-ականներին է Բաքվից Երևան տեղափոխվել։ Արդեն 20 տարի ապրում է Հայաստանում, մայրաքաղաքում ոչ մի հարազատ չունի, սակայն ինչպես ինքն է ասում, ուշադրության պակաս չի զգում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդմամբ՝ Աստղիկ Ավանեսովան կարևորեց նման ծրագրերը, քանի որ դրանք իրենց միօրինակ կյանքն առավել հետաքրքիր դարձնելու և տարեկիցների ու երիտասարդների հետ շփվելու առիթ են։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել