Դեր ծովակալն ու ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը` ՊՆ-ում
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է խորհրդատվական առաքելությամբ Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմակրթական ոլորտի փորձագիտական խմբին: Ներկայացնելով ռազմական կրթության բնագավառում ՀՀ ՊՆ կողմից վարվող քաղաքականությունը` Օհանյանը նշել է այդ ուղղությամբ իրականացված բարեփոխումները, ինչպես նաև դրանց արդյունքում ստեղծված ՀՀ ռազմական կրթության հայեցակարգի նախագծի առանձնահատկությունները:
Կարևորելով ռազմական կրթության ոլորտում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը` Նախարարն ասել է, որ այն բխում է ՀՀ ռազմական կրթության հայեցակարգը կյանքի կոչելու համար փորձագիտական խորհրդատվության անհրաժեշտությունից և ՀՀ կողմից վարվող թափանցիկ պաշտպանական քաղաքականության տրամաբանությունից:
Ինչպես հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փորձագիտական խմբի անդամները բարձր են գնահատել ռազմական կրթության ոլորտում վերջին տարիներին Հայաստանում կատարված աշխատանքները, որոնց արդյունքում եկող տարի կգործի ՀՀ ռազմական կրթության հայեցակարգը` միջազգային չափանիշներով կանոնակարգելով ռազմական կրթության համակարգը:
Նույն աղբյուրը նաեւ հայտնում է, որ նախարար Օհանյանն ընդունել է նաեւ ԱՄՆ եվրոպական հրամանատարության ռազմավարական պլանավորման վարչության պետի տեղակալ, դեր ծովակալ Մարկ Մոնտգոմերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը:
Կարևորելով պաշտպանության ռազմավարական վերանայման, ռազմական կրթության, խաղաղապահության, ականազերծման և պաշտպանության այլ ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցությունը` Ս. Օհանյանը նշել է, որ այն ՀՀ պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության կարևոր ուղղություններից է:
Իսկ դեր ծովակալ Մարկ Մոնտգոմերը, բարձր գնահատելով միջազգային խաղաղապահ առաքելություններին ՀՀ մասնակցությունը և ԱՄՆ-ի հետ արդյունավետ համագործակցությունը, նշել է, որ ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը և ընդլայնել նրա շրջանակները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել