Է.Նալբանդյանն Իսպանիայում անդրադարձել է արցախյան հարցին
Իսպանիա այցելության շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայ-իսպանական հարաբերությունների, Հայաստան - Եվրամիություն համագործակցության և Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով հանդես է եկել հեղինակավոր Club de Madrid և FRIDE (Foundation of International Relations and Foreign Dialogue - Միջազգային հարաբերությունների և արտաքին երկխոսության հիմնադրամ) քաղաքագիտական կենտրոնների կազմակերպած հանդիպմանը, որին ներկա էին ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ և Մադրիդում հավատարմագրված դեսպաններ:
Նախարար Նալբանդյանն մանրամասն անդրադարձել է արցախյան հիմնախնդրի կարգավորմանը և մասնավորապես ասել է. «Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովը կարևոր հանգրվան էր` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առումով: Գագաթաժողովին ներկա ԵԱՀԿ գրեթե բոլոր պետությունների ղեկավարները իրենց ելույթներում ընդգծում էին ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացարձակ անընդունելիությունը:
Հնգակողմ հայտարարությամբ ամրագրվեց, որ հիմնախնդրի կարգավորման հիմք պետք է լինեն միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները, ՄԱԿ-ի Կանոնադրությունը, Հելսինկյան եզրափակիչ ակտը, 2009թ. հուլիսի 10-ի Լ’Ակվիլայի և 2010 թ. հունիսի 26-ի Մուսկոկայի հայտարարությունները:
Աստանայում ևս մեկ անգամ հստակ նշվեց, որ կարգավորման համար առաջարկվող սկզբունքներն ու տարրերը կազմում են մեկ ամբողջություն, և որևէ մեկի` մյուսների նկատմամբ գերակայություն տալու փորձը անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը:
ԵԱՀԿ գագաթաժողովին վերահաստատվեց, որ Հայաստանի մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշմանը, ինչն ակնհայտ էր նաև Հելսինկիում, Աթենքում և Ալմաթիում կայացած ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների մակարդակով հանդիպումների ժամանակ»:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ չնայած Աստրախանի հռչակագրին և Աստանայի հայտարարությանը` Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը, ինչի մասին են վկայում Բաքվում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող վերջին հայտարարությունները:
«Առնվազն տարակուսանք է առաջացնում նաև այն, որ Աստանայի հնգակողմ հայտարարության ընդունումից ժամեր անց Ադրբեջանի պատվիրակությունը մերժում էր ներառել և նույնիսկ հիշատակել այն գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթերում»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը:
Ելույթից առաջ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել աշխարհի 50 երկրի շուրջ 70 պետության և կառավարության նախկին ղեկավարներ միավորող Club de Madrid-ի գլխավոր քարտուղար, Իսպանիայի նախկին արտգործնախարար Կարլոս Վեստենդորպի հետ և հանգնամանալից զրույցել միջազգային և տարածաշրջանային օրակարգի խնդիրների մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել