HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

«Անհանգստությունս ավելի է խորացել»

57-ամյա Անատոլի Գորբունովն իր կնոջ հետ ապրում է Ճամբարակ քաղաքում (Գեղարքունիքի մարզ): Նա մի փոքրիկ խանութ ունի: Նախկինում ունեցել Է հացի փուռ, բայց վաճառել է, որովհետեւ Ճամբարակի բնակիչները մի քանի դրամ խնայելու համար տանն են հաց են թխում:

Ասում է, որ Ճամբարակում շատ դժվար է ապրել. աշխատանք չկա, ներդրումներ չեն արվում: «Գուցե մի քանի հոգուց լավ ենք ապրում, մի քանի հոգուց` վատ, բայց, ընդհանուր առմամբ, Ճամբարակի բնակիչները Երեւանի, Սեւանի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի բնակիչների համեմատ շատ սնանկ են»: Ճամբարակցիների մի մասը ստիպված մեկնում է արտագնա աշխատանքի, հիմնականում` Ռուսաստան: «Հիմա Ճամբարակը դատարկ է: Բնակիչների թիվն այնքան է քչացել, որ դա զգացվում է նույնիսկ իմ խանութի առեւտրով»,- ասում է Անատոլին: Նրա կարծիքով` Ճամբարակից մարդկանց հեռանալն ամենասուր խնդիրներից է. «Եթե մարդիկ գնան, վաղն այստեղ մենակ բանակն է մնալու»: 

«Առաջին հերթին ընտանիքիս հոգսերն են ինձ մտահոգում: Շուտով թոշակառու եմ դառնալու եւ հասկանում եմ, որ թոշակով ապրել չի լինի: Մյուս անհանգստությունս կապված է այս շրջանի անապահովության հետ: Այստեղ ջրի, լույսի մատակարարման համակարգերն այնքան մաշված են, որ մի թեթեւ քամուց լույսն անջատվում է, ձմռանն էլ ջուրը` սառչում: Վերջին տարիներին այդ ոլորտներում ներդրումներ չեն արվել, սահմանափակվել են ընթացիկ նորոգումներով: Ջրի որակն էլ ահավոր է, մենք տան ջուրը չենք խմում, ստիպված աղբյուրներից ենք բերում: Ճամբարակում այս համակարգերը պետք է հիմնովին վերանորոգվեն, բայց ոչ ոք դրա մասին չի մտածում:

Մեզ մոտ առաջին հերթին ռազմական անվտանգության խնդիր կա: Ամենակարեւորն այն է, որ մարդիկ պաշտպանված լինեն ու հանգիստ ապրեն, չուզենան իրենց երեխաներին տանել Ճամբարակից: Աստեղ կա նաեւ պարենային անվտանգության խնդիր: Ճամբարակի շրջանը հողագործության գոտի է, առաջ ոռոգում չի եղել, որովհետեւ կլիման անձրեւային էր: Բայց հիմա կլիման փոխվել է, կարծում եմ` անտառների անխնա հատման պատճառով: Արդյունքում մարդիկ ցանում են ու չգիտեն` ինչ- որ բան դուրս կգա՞, թե՞ ոչ: Էլ չասեմ, որ հնարավորություն չունեն նորմալ պարարտանյութ եւ դեղորայք գնելու, տեխնիկան էլ Գավառից են բերում: Իմ ծանոթներից շատերն այլեւս որեւէ բան չեն ցանում, նախընտրում են խանութից գնել: Այսօր Ճամբարակի բնակչությունը վարկերով է սնվում: Վարկ են վերցնում վարկ փակելու համար, հետո էլ ընկնում են անվերջ շրջապտույտի մեջ: Վարկ տալու մեխանիզմն էլ է սխալ. այնպիսի ժամկետով եւ տոկոսադրույքով են տալիս, որ գյուղացին չի հասցնում հորթին կաթնատու կամ մսացու դարձնել, որ եկամուտ ստանա: 

Անվտանգության մասին միշտ եմ մտածել, ուղղակի վերջին տարիներին անհանգստությունս ավելի է խորացել, ամեն ինչ բարդացել է: Ես չեմ տեսնում, որ վիճակը լավանում է: 

Ամենամեծ խնդիրն արտաքին անվտանգությունն է: Ղարաբաղի հարցի նորմալ լուծումից շատ բան է կախված: Երկրորդ սպառնալիքն այն է, որ մեր երկրում չկա արդյունաբերություն, տնտեսությունը չի աճում: Հայաստանում աշխատատեղերի մեծ մասը կապված է մանր առեւտրի եւ սպասարկման ծառայությունների հետ: Մի քանի գործարաններ հիմնականում սննդամթերք են արտադրում: Մի երկիր, որը չի արտադրում ու չի արտահանում, միշտ կմնա սպառողի դերում եւ արտահանման ու ներմուծման հարաբերակցության մեջ բացասական բալանս կունենա: Հետո կոնկրետ ինձ նաեւ շատ անհանգստացնում է պետության հարկային քաղաքականությունը: Եթե այսպես շարունակվի, ապա այս երկիրն այսպես էլ կմնա օլիգարխիկ պետություն: 

Դրսում` Ադրբեջանը եւ Թուրքիան են Հայաստանի համար սպառնալիք ստեղծում, ներսում` գործող իշխանությունները: Օրինակներով խոսեմ. մի քանի ամիս առաջ բարձրացրին թոշակները, բայց դրանից շուտ սկսեցին ապրանքները թանկացնել: Ես ռուսական թերթեր եմ կարդում ու հստակ գիտեմ` ո՞ր ապրանքն ինչքանո՞վ է այնտեղ թանկացել: Եթե դրսում մի բան 10 տոկոսով է թանկանում, մեզ մոտ` 50 տոկոսով: Բա սա սպառնալիք չի՞: Ինչու՞ իշխանությունները որեւէ քայլ չեն ձեռնարկում այս ուղղությամբ: Ընդդիմադիր ուժերն ինձ համար սպառնալիք չեն, որովհետեւ թույլ են: Իսկ վերջին ցույցերը ոչ թե խոսում են ընդդիմադիրների կայացման մասին, այլ ես համարում եմ, որ դա տարերային բողոք էր, ավելի շատ` քաղաքացիական անհնազանդություն:

Հայաստանի անվտանգությունն ի պաշտոնե պետք է ապահովեն իշխանությունները: Նրանք ունեն եւ՛ իրավասություններ, եւ՛ իրավունքներ, եւ՛ պարտավորություններ: Նրանք ի զորու են դա անելու: Այլ հարց է, թե ինչպե՞ս են օգտագործում իրենց հնարավորությունները: 

Ղարաբաղյան խնդիրն այնքան գլոբալ է, որ չի կարող միայն անձամբ ինձ վրա ազդել, ազդում է բոլորի վրա: Չկարգավորված լինելու հետեւանքով առաջանում են ածանցյալ խնդիրներ, որոնցից կարելի է շղթա կազմել: Օրինակ` դրա պատճառով փակ են ճանապարհները, եւ ապրանքը հասնում է երկար ճանապարհ կտրելով: Ոնց որ ծոծրակի վրայով ձախ ձեռքով բռնենք աջ ականջը: Այս խնդիրը նույնիսկ հոգեբանորեն է ճնշում: Ինչքա՞ն կարելի է սրա մասին մտածել ու խոսել: Հոգնել ենք, չէ՞: Ղարաբաղը շատ երկրների համար կարծես դարձել է մեզ վրա ճնշում գործադրելու միջոց` սա չենք անի, նա չենք ստանա եւ այլն: Անձամբ ես լուծման եղանակը չեմ գտնում, բայց կան մասնագետներ եւ քաղաքագետներ: 

Ես այլ երկրներում եղել եմ խորհրդային տարիներին: Այդ պատճառով համեմատություններ կարող եմ անել միայն մամուլից ստացած տեղեկությունների հիման վրա: Հայաստանի համեմատ ապրելու համար ավելի անվտանգ է ինձ թվում արեւմտյան եւ կամաց-կամաց նաեւ արեւելյան Եվրոպան, քանի որ այդ երկրները բարեկեցիկ են, ունեն տնտեսական անկախություն, ժողովրդավարական կայացած համակարգեր, որոնք պաշտպանում են մարդկանց իրավունքները, սեփականությունը, արդար դատավարություն են ապահովում:

Ինձ համար ամենավտանգավորը մնում է Հայաստանը: Մարդիկ ուր էլ այստեղից գնում են, չեն վերադառնում: Պարզվում է, որ հայի համար Բելգիան կամ Իսպանիան ավելի անվտանգ է, քան Հայաստանը:

Ես թշնամի չունեմ, չեմ համարում, որ անգամ ադրբեջանցին իմ թշնամին է: Ժողովուրդներն իրար թշնամի չեն կարող լինել, իրար թշնամի դառնում են ժողովուրդների ղեկավարները, քաղաքական էլիտաները, որոնք ուզում են այդ միջոցով գումարներ վաստակել, իշխանություն ունենալ: Թուրքն ուրիշ է, այդտեղ շատ հարցեր կան, նրանք մեր թշնամիներն են, բայց նաեւ` հարեւանները: Օրինակ` ես համամիտ եմ այն քաղաքական ուժերի հետ, որոնք ձգտում են նորմալ հարաբերություններ հաստատել նրանց հետ. ի վերջո, մենք դատապարտված ենք միասին ապրելու: 

Մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծվի, ես չեմ կարող ասել, որ լավ կլինի: Այդ հարցը մի տեսակ խաղարկում էլ են. հենց չեն կարողանում մի ներքին խնդրի դեմն առնել կամ բացատրել, ասում են` Ղարաբաղի հարց ունենք: 

ԶԼՄ-ներին չեմ վստահում: Ես ուզում եմ, որ ինձ միայն փաստեր ասեն, այլ ոչ թե իրենց ուզած մեկնաբանություններն անեն: Տվեք ինձ փաստ, ես գիտակից մարդ եմ եւ ինքս կարող եմ վերլուծություններ անել, հասկանալ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter