HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստան. անցանկալի փոփոխություններ կրթական համակարգում

Վրաստանի կրթության եւ գիտության նախարարի` դպրոցների կրթական համակարգում նախաձեռնած փոփոխությունների արդյունքում խիստ կանոններ են սահմանվել, որոնց իրագործման նկատմամբ վերահսկողությունը վստահվել է հատուկ նշանակված տեսուչներին եւ թաքնված տեսախցիկներին: Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունը խստացրել է դպրոցական կրթական համակարգում գործող կանոնները` չվարանելով անգամ թաքնված տեսախցիկներ տեղադրել դասարաններում. այս քայլերը կրթական համակարգի բարելավմանն ուղղված բարեփոխումների մասն են կազմում: Բարեփոխումների հակառակորդները պնդում են, որ դրանք կնպաստեն կրթության քաղաքականացմանը, եւ սա այն դեպքում, երբ կառավարությունն արդեն իսկ հայրենասիրություն առարկան է ներառել դպրոցական ծրագրում: Կրթական նոր քաղաքականության նախաձեռնողը Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Դմիտրի Շաշկինն է, ով նախկինում ղեկավարել է երկրի բանտային համակարգը: Մեկ տարի առաջ նախարարի պաշտոնը ստանձնելով` Շաշկինը սահմանափակեց դպրոցների տնօրենների եւ կրթական ռեսուրս-կենտրոնների լայն լիազորությունները, ինչի հաշվին ընդլայնվեցին նախարարության իրավասությունները: Շաշկինը քննադատում էր նախկին համակարգը` պնդելով, որ այն չափազանց լիբերալ է: Դեկտեմբերի 8-ին կայացած խորհրդակցության ընթացքում քննարկելով այս տարվա ընթացքում գրանցված առաջընթացը` նա հայտարարել էր. «Ուսուցիչներից մեկն ինձ ասաց մի օր, որ դպրոցը նման է ջունգլիների: Բարեբախտաբար, մեզ հաջողվեց դուրս գալ ջունգլիներից»: Խստացված կանոնների համաձայն` դասերից բացակայող աշակերտները պարտավորվում են մաքրել խաղահրապարակը, իսկ կանոնների կրկնակի խախտման դեպքում, նրանք Վրաստանի արեւմուտքում գործող հատուկ գիշերօթիկ դպրոց կտեղափոխվեն: 2011 թվականի սեպտեմբերից որոշ դասարանների կրթական ծրագրերում հայրենասիրության դասեր կընդգրկվեն, բացի այդ, հաջորդ տարվա հունվարից որոշ դպրոցների կրթական ծրագրի մեջ պարի պարտադիր դասեր կներառվեն: Նոր կանոնների պահպանման գործընթացը վերահսկելու նպատակով` Թբիլիսիի եւ Վրաստանի այլ շրջանների դպրոցներում թաքնված տեսախցիկներ կտեղադրվեն, բացի այդ, գործընթացին կհետեւեն հատուկ նշանակված տեսուչները: Կրթության եւ գիտության նախարարությունն արգելել է ուսուցիչներին լրագրողներին հարցազրույց տալ առանց հատուկ թույլտվության: Ոլորտի մասնագետները, սակայն, դեմ են այս փոփոխություններին, որոնք ամենայն մանրամասնությամբ լուսաբանվել են լրատվամիջոցների կողմից: Կրթության ոլորտում տեղի ունեցած վերջին սկանդալային պատմությունը կապված էր ութ դպրոցների տնօրենների պաշտոնազրկման հետ, երբ պարզվել էր, որ աշակերտները բողոքել էին ավարտական 4 քննությունների թիվը կրկնապատկելու` նրանց որոշման դեմ: Ավարտական դասարանի աշակերտները պնդում էին, որ մեկ տարվա ընթացքում ի վիճակի չէին լինի պատրաստվել հավելյալ 4 քննություններին: Աշակերտների բողոքներին նախարարությունն արձագանքեց` այդ դպրոցների ուսմասվարներին աշխատանքից հեռացնելով: «Մեզ կանչեցին գլխավոր տեսչություն: Տնօրենների համար նախատեսված միանման տեքստով պաշտոնական հաղորդագրություններն արդեն պատրաստ էին: Այս փաստաթղթերում նշվում էր, որ մենք ցանկանում ենք ազատվել աշխատանքից, առանց որեւէ պատճառաբանության: Մենք պարզապես պետք է ստորագրեինք փաստաթղթերը», - պատմում է աշխատանքից հեռացված ուսմասվարներից մեկը` Մայա Գեորգաձեն: Նույն օրը վրացական լրատվամիջոցներում հայտնվեց անհայտ պաշտոնյաներից մեկի հայտարարությունը. «Կրթության եւ գիտության նախարարը հստակ նախազգուշացրել էր տնօրեններին եւ ուսուցիչներին… որ եթե նման դեպքեր կրկնվեն… դպրոցները 12 ժամվա ընթացքում կզրկվեն արտոնագրերից»: Այնուամենայնիվ, կրթության եւ գիտության նախարար Շաշկինը հերքել է աշխատանքից հեռացնելու նպատակով ուսուցիչների վրա ճնշում գործադրելու մասին լուրերը: «Նախարարությունը չի միջամտել այս գործընթացին: Այդ դպրոցների տնօրեններին աշխատանքից ազատելու վերաբերյալ որոշումները կայացվել են ղեկավար խորհուրդների կողմից», - հայտարարել է նա: Նախագահ Միխայիլ Սահակաշվիլին աշակերտների բողոքները «թույլ սովորողների հեղափոխություն» էր որակել: 2003-ին իշխանության գալով` Սահակաշվիլին ինքը նախաձեռնեց դպրոցական համակարգի ապակենտրոնացումը` լայն իրավասություններ եւ նշանակումների առումով ազատություն տրամադրելով: Ըստ երեւույթին, կրթական համակարգում փոփոխությունների համար հիմք հանդիսացան 2007-ի նոյեմբերին տեղի ունեցած բողոքի լայնամասշտաբ ցույցերը, որոնց ալիքի ներքո նախագահը վաղաժամկետ ընտրություններ նշանակեց` իր իշխանությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու նպատակով: Ընտրությունների նախօրեին Սահակաշվիլին խոստացավ ուսուցիչներին այլեւս դադարեցնել պարտադիր ատեստավորումը, փոխել դպրոցների տնօրենների նշանակման կարգը, բարձրացնել աշխատավարձերը եւ սոցիալական նպաստները, բարելավել տոնական օրերի օրացույցը: Այս միջոցները հաջող քայլեր էին, սակայն ոչ բոլորն իրականություն դարձան: Այնուամենայնիվ, Շաշկինին կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը վստահելով` Վրաստանի իշխանությունները որոշել են «մտրակի եւ բլիթի» սկզբունքը կիրառելիս նախապատվությունը տալ «մտրակին»`համարելով, որ այն ավելի արդյունավետ կլինի: Սոֆո Բուկիա` Վրաստանի «Liberali» ամսագրի խմբագիր Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter