Ադրբեջանի իշխանություններին համեմատել են մաֆիոզ կլանի հետ
Ադրբեջանի իշխանությունները մեղադրում են ընդդիմության ներկայացուցիչներին Wikileaks կազմակերպությանը տեղեկատվություն տրամադրելու մեջ. այս կայքի հրապարակումներում երկրի ղեկավար օղակներին համեմատում են «Կնքահայրը» ֆիլմի հերոսների հետ:
Ադրբեջանի կառավարական օղակներն, արձագանքելով WikiLeaks-ի կայքում` ԱՄՆ-ի դիվանագիտական խողովակների միջոցով հրապարակված շփոթեցնող տեղեկություններին, որոնք համեմատում են երկրի նախագահին մաֆիայի պարագլխի հետ, այս ամենում մեղադրել են ընդդիմությանը:
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետներից մեկի ծավալուն հուշագրի համաձայն` հանգուցյալ Հեյդար Ալիեւին նախագահի պաշտոնում փոխարինած նրա որդին` Իլհամ Ալիեւը, իր մեջ մարմնավորում է Հոլիվուդյան հայտնի «Կնքահայրը» ֆիլմի երկու հերոսներին` Դոն Վիտո Կորլեոնեի որդիներ Սոննի եւ Մայքլ Կորլեոնեների որակները:
«Բաքվում ընդունված է «Կնքահոր» հետ զուգահեռներ անցկացնել` այս համեմատությունների միջոցով բուն ճշմարտություններ հայտնաբերելով ոչ միայն Իլհամ Ալիեւի, այլ նրա հոր` Հեյդար Ալիեւի մասին, ով մարմնավորում էր Ադրբեջանի «կնքահորը»», - նշվում է հուշագրում:
Հուշագիրը պատմում է նաեւ այն մասին, որ արտաքին քաղաքականության հարցերում կրտսեր Ալիեւը Մայքլ Կորլեոնեի պես զգուշավորություն էր ցուցաբերում, սակայն ներքին քննադատության նկատմամբ նրա զգայունությունը ստիպում է Ալիեւին նմանեցնել նաեւ Մայքլի տաքարյուն եղբորը` Սոննիին:
«Կնքահայրը» ֆիլմը ժողովրդականություն է վայելում Ադրբեջանում, եւ Կորլեոնեների կլանի հետ համեմատության վրա հիմնված քննադատությունը ճիշտ նշանակետին էր դիպել:
Իշխանություններն այս ամենին արձագանքեցին` ակնարկելով, որ տարածաշրջանն ապակայունացնելուն ձգտող անհայտ ուժերն են նախաձեռնել փաստաթղթերի արտահոսքը, մեղադրելով ընդդիմությանը Wikileaks կայքում տեղ գտած տեղեկատվությունը տրամադրելու մեջ:
«Այս նյութը ոչ մի հիմք չունի: Դրա նպատակն է համաշխարհային առաջնորդների միջեւ անհաշտություն սերմանել Հարավային Կովկասում: Հավանաբար, այս ամենի ետեւում որոշակի ուժեր են կանգնած: Ժամանակի ընթացքում այդ ուժերի բնույթը կպարզվի», - հայտարարել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը:
Իսկ իշխանական «Ենի Ազերբայջան» կուսակցության քարտուղար Ալի Ահմեդովը մեղադրել էր ընդդիմությանն Ադրբեջանին վարկաբեկելու մեջ:
«ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչների ամփոփ կարծիքների համար հիմք են հանդիսացել ընդդիմադիր թերթերի հրապարակումները, որոնք դժվարին կացության մեջ են դրել իրենց երկիրը», - համոզված է նա:
Wikileaks-ի տարածած տեղեկատվության մի մասն էլ վերաբերում էր Ադրբեջանի նախարարներին եւ նրանց լայնամասշտաբ գործարար հետաքրքրություններին:
Կայքի տարածած տեղեկատվությունը մեծ բավականությամբ են ողջունել ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր բազմիցս են հայտարարել, թե կառավարությունը կոռումպացված է եւ թույլ:
Դեկտեմբերի 6-ին «Մուսավաթ» կուսակցությունը, ցնծությամբ ընդունելով իշխանությունների շփոթմունքը, հանդես էր եկել հետեւյալ հայտարարությամբ.
«Չնայած իշխանությունները հերքում են Wikileaks-ի հրապարակումները, այդ տեղեկատվության մեծ մասը քաջ հայտնի է ադրբեջանական հասարակությանը եւ դրա ճշգրտությունը կասկած չի հարուցում: Wikileaks կայքում հրապարակված գաղտնի փաստաթղթերը կրկին ապացուցեցին, որ կառավարական բարձրաստիճան պաշտոնյաներն են գլխավորում կոռուպցիան եւ կողոպուտը»:
Բազմաթիվ անկախ վերլուծաբաններ եւս համաձայն են Ադրբեջանի ներկայիս իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատության հետ:
«Կարելի է այս տեղեկատվությունը հերքող հայտարարություններ հրապարակել, ինչպես իշխանություններն են անում: Սակայն արդյունքում` գլուխն ավազի մեջ թաղող ջայլամի կնմանվենք: Փաստը մնում է փաստ: Գործարար ոլորտում եղած ամենամեծ ընկերությունները կամ պատկանում են կամ վերահսկվում են իշխանության բարձրագույն օղակների ներկայացուցիչների կամ նրանց բարեկամների կողմից: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Մի՞թե միայն բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքների անդամներն են ընդունակ մեծ բիզնես ղեկավարել: Հնարավո՞ր է դրան որեւէ տրամաբանական բացատրություն տալ», - տարակուսում է «Ռեալ» ՀԿ-ի տնտեսագետ Նաթիկ Ջաֆարլին:
Wikileaks-ի հրապարակումների արդյունքում անհարմար դրության մեջ էր հայտնվել նաեւ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը, որի խոսնակը հայտարարել էր, թե իրենց դիվանագիտական ներկայացուցիչն արդեն իսկ հանդիպել է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ` իրադրությունը պարզաբանելու նպատակով:
Բաքվում ԱՄՆ դեսպանատան մամլո խոսնակ Թերրի Դեւիդսոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մտահոգված էր տեղեկատվության արտահոսքով, որը վնասում էր դիվանագիտական աշխատանքին եւ միջազգային հարաբերությունների զարգացման փորձերին:
«Ադրբեջանը շատ կարեւոր գործընկեր է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար: Մեր երկրների միջեւ սերտ ռազմավարական համագործակցություն է ընթանում բոլոր բնագավառներում` ներառյալ անվտանգության, տնտեսության եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ոլորտները», - հայտարարել է նա:
Սաբուհի Մամեդլի
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել