«Հետքի» լրագրողը զբաղեցրեց 1-ին տեղը
Նախօրեին «People in need» (Մարդիկ` կարիքի մեջ) չեխական կազմակերպության հայաստանյան գրասենյակի կազմակերպած «Ճամպրուկ» լրագրողական մրցույթում «Հետքի» Վանաձորի թղթակից Ադրինե Թորոսյանը զբաղեցրել է առաջին տեղը` իր «Ովքեր են վանաձորցի տղամարդկանց շահագործողները. խոպանչիները զոհ են դարձել Գինոսյաններին» հրապարակման համար:
Նույն տեղն է զբաղեցրել նաև Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասի լրատու»-ի թղթակից Ալին Օզինյանը:
Տպագիր մամուլի դեպքում երկրորդ տեղը զբաղեցրել է «Արմենիանաու»-ի թղթակից Գայանե Մկրտչյանը, երրորդ տեղը կիսեցին «Հրապարակ»-ի թղթակիցներ Արմեն Դավթյանը եւ Սոնա Հարությունյանը:
Հեռուսատառեպորտաժներից ոչ մեկին առաջին տեղ չտրվեց: Երկրորդ տեղում «Անկյուն գումարած երեք»-ի հեռուստալրագրող Նատալյա Օսյանն ու «ԳԱԼԱ»-ից Արմենուհի Վարդանյանն էին, երրորդում` Արմանուշ Նիյազյանը:
Մրցանակակիրներին տրվեցին դրամական պարգեւներ: Հանրային ռադիոյի եւ «Ռադիո-Հայի» լրատվականի ծրագրերն արժանացան հատուկ մրցանակի: «Սեւան» թերթից Պապ Հայրապետյանն ու «Երեւան» ամսագրից Նարինե Կիրակոսյանը ստացան խրախուսական մրցանակներ, իսկ բոլոր մասնակիցներին տրվեցին մասնակցության վկայականներ:
Մրցանակաբաշխությանն աջակցել էին ՄԱԿ-ի հայաստանյան ասոցիացիան եւ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել