HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Մեզանում դեռեւս առկա է միջազգային ստանդարտներին չհամապատասխանելու վտանգը

Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ինստիտուտի 2011-2015 թթ. նոր ստանդարտների ծրագիրը` ուղղված տեղական արտադրողին, որի նպատակը եվրոպական շուկայում տեղ գտնելն է: «Սա Հայաստանի ազգային ստանդարտների ներդաշնակեցման ծրագիր է: Մեզ մոտ բավականին խոչընդոտներ կան` կապված ստանդարտների հետ, որոնք խորհրդային ժամանակ են ներդրվել: Սակայն նոր ռազմավարությունում հիմք ենք ընդունել Եվրոպական հարևանության քաղաքականությունը`  մեր գործընկերների` ISO-ում ներառված 160 երկրների հետ»,- ասաց Ենոք Ազարյանը: Ստանդարտների ազգային ինստիտուտը գոյություն ունի 1922թ.-ից: Նախկինում Ստանդարտների ինստիտուտում հավանության մեթոդով են աշխատել, ինչն այդքան էլ ճիշտ չէ: Բանախոսը նշում է, որ ստանդարտն առևտրի լեզուն է. բոլոր ոլորտները կարգավորվում են ստանդարտներով` միեւնույն ժամանակ շեշտելով, որ մեզանում դեռեւս առկա է միջազգային ստանդարտներին չհամապատասխանելու վտանգը: Խորհրդային միության փլուզումից հետո մոտ 3500 ստանադարտ է ընդունվել, որից 1500 միջազգային ստանդարտներ են: Ստանդարտները պահպանելու համար որոշակի ծախսեր է անհրաժեշտ: Բանախոսի ներկայացմամբ` շատ գործարարներ մեծ շահույթ են ուզում ստանալ: Ազգային ֆոնդում կա 20 հազար ստանդարտ, որոնցից իրականությանը համապատասխանում են 5000-ը, դրանք ճկուն են եւ աշխատում են: «Մենք շահույթ հետապնդող ընկերություն ենք: Մեզ են դիմում ապրանքը ստուգելու համար, բայց մենք որևէ լծակ չունենք այդ ապրանքների նկատմամբ, եթե դրանք չհամապատասխանեն ստանդարտներին»,- նշեց Ենոք Ազարյանը և հավելեց, որ այսօր իրենք կարող են ստուգել գինու ստանդարտը, քանի որ ունեն միջազգային չափանիշների թույլտվություն և հայկական տեղական արտադրողների գինին կարող է արտահանվել: Բայց մյուս ապրանքների դեպքում նման բան չկա: Ստանդարտների ազգային ինստիտուտը չի կարող գնալ արտադրողին ստիպել եւ ստուգել նրա արտադրանքի համապատասխանությունը ստանդարտներին: Իրենք ստուգելու գործառույթներ չունեն. կամավոր սկզբունքով է ամեն ինչ. «Ես ստուգող չեմ, ես չեմ կարող տուգանել: Մենք ուղղակի ասում ենք, որ ստանդարտը սա է, ինչից պետք է բաղկացած լինի, որ առողջությանը, շրջակա միջավայրին վնաս չհասցնի»: Ենոք Ազարյանն այդպես էլ չնշեց, թե մեզանում որ ապրանքներն են, որ չեն համապատասխանում ստանդարտներին: Եթե արտադրողն ունի սեփական լաբորատորիա, ապա պետության միջամտության կարիքը չկա, քանի որ հենց իր լաբորատորիայում էլ կորոշի` ինչքանով է ապրանքը համապատասխանում ստանդարտներին: Կան նաեւ տարբեր ոլորտների ապրանքների համապատասխանությունը ստանդարտներին ստուգող կազմակերպություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter