HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լոգո» համակարգչային ուսումնական միջավայրը կներդրվի դպրոցներում

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «LOGO MicroWorlds EX-ը Հայաստանի ու սփյուռքի դպրոցների համար» ծրագրի շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվել են ծրագրավորման LOGO լեզվի հիման վրա ստեղծված հայալեզու առաջին համակարգչային ուսուցողական միջավայրը, ինչպես նաև Հայաստանի և սփյուռքի հայկական դպրոցներում հայալեզու համակարգչային միջավայրի ներդրման եռամյա ծրագիրը: Հանրակրթության ոլորտի ուսումնական գործընթացում «Լոգո» համակարգչային ուսումնական միջավայրի ներդրումն իրականացվում է ՀՀ կառավարության համապատասխան արձանագրային որոշմամբ, համաձայն որի` 4 ուսումնական տարվա ընթացքում նախատեսվում է ձեռք բերել «Լոգո» համակարգչային ուսումնական միջավայրը, տեղայնացնել այն, մշակել ինֆորմատիկայի առարկայական չափորոշիչները և ծրագրերը, ինչպես նաև համապատասխան ուսումնական նյութեր, փորձարկել դրանք, վերապատրաստել ուսուցիչներին և սկսել ծրագրի զանգվածային ներդրումը ՀՀ դպրոցներում: «Լոգո» ծրագրային փաթեթը ժամանակակից համակարգչային ունիվերսալ ուսուցողական միջավայր է, որն ունի գրաֆիկական, անիմացիոն և ծրագրավորման լայն հնարավորություններ: Փաթեթը հատուկ նպատակաուղղված է դպրոցահասակ երեխաներին ինֆորմատիկա առարկան դասավանդելու համար և շատ հարմար է օգտագործել այլ առարկաների (երկրաչափություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և այլն) դասավանդման ժամանակ: Այն իր տեսակի մեջ փաստացի ամենատարածված և ամենահաջողված ուսուցողական միջավայրն է աշխարհում: Աշակերտն այս միջավայրում կարող է գրել, նկարել, ստեղծել իր սցենարով գրված մուլտֆիլմ, հորինել երաժշտություն, խոսեցնել հերոսներին: «Լոգո» ծրագրային փաթեթի տեղայնացված տարբերակը Հայաստանի դպրոցականների համար կարող է ստեղծել բացառիկ հնարավորություն` Սփյուռքի հայկական դպրոցների իրենց հասակակից աշակերտների հետ համատեղ մայրենի լեզվով ստեղծելու ինտերակտիվ կրթական բովանդակություն: ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը հայտնում է, որ նախարարության և «Քվանտ» վարժարանի ջանքերով միջավայրի տեղայնացման աշխատանքների առաջին փուլն ավարտվել է: «Մեր երկիրը մեծ նշանակություն է տալիս էլեկտրոնային հաղորդակցման միջոցներին, և այս համատեքստում կրթության ոլորտն ամենամեծ պատասխանատությունն է կրում հաջորդ սերունդների` նոր տեխնոլոգիաների և միջոցների տիրապետման ուղղությամբ»,- այսօր` շնորհանդեսի ժամանակ, նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter