HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Գետիկը` վարկերի տակ

Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղը Ճամբարակ քաղաքից 13 կմ հեռավորությամբ է գտնվում: Այն հիմնվել է 1920-22 թվականներին: Տեղացիները պատմում են, որ 1915 թ. Արծվաշենի ինքնապաշտպանությունը ղեկավարած Միքայել Աստվածատրյանն ընտրել է Արծվաշենի 4 լավագույն տոհմերին եւ նրանց տեղափոխել գյուղի սարատեղ` հիմնելով Գետիկը:

Գյուղը ձգվում է համանուն գետի աջ ափի երկայնքով: Գետիկում 128 տուն կա, որից 46-ը հիմա դատարկ է: Տեղի միջնակարգ դպրոցում ընդամենը 35 աշակերտ կա, մինչդեռ 1997 թ. այդ կրթօջախում 97 աշակերտ էր սովորում: Գետիկցիների հիմնական զբաղմունքը կարտոֆիլի մշակությունն է, սակայն այս տարի գյուղում կարտոֆիլ չկա:

«Անցյալ տարի կարտոֆիլի բերքն առատ էր, գինը 25 դրամ դարձավ, այդ պատճառով գյուղացիներն այս տարի քիչ ցանեցին, երաշտի պատճառով էլ բերք չեղավ»,- ասում է 2001-ից Գետիկը ղեկավարող Աշոտ Դալլաքյանը: Գյուղի խմելու 2 ջրագծերը կառուցվել են 1948 եւ 1962 թթ.: 7 կմ երկարությամբ այդ ջրագծերը հիմնանորոգման կարիք ունեն: Դրանց մաշվածության պատճառով գյուղի խմելու ջուրը կեղտոտ է: Գյուղացիներին կեղտոտ ջրից առավել հուզում է իրենց ապրուստի, հողից բերք ստանալու հարցը: Գյուղապետի վկայությամբ` հողերը գյուղի դիմաց` բարձունքի վրա են, քարոտ: 336 հա վարելահողից այս տարի մշակվել է ընդամենը 120 հա: «Գյուղացին հոգնել է հող մշակելուց: Սերմեր չկան, 1 կգ կարտոֆիլի բերքի ինքնարժեքը 180 դրամ է»,- ասում է Աշոտ Դալլաքյանը: 58-ամյա Առուստամ Ղուլյանը, ով նախկինում տրակտորիստ է եղել, ասում է, որ Գետիկում գյուղտեխնիկայի պակաս կա: Նա իր տրակտորը վաճառել է, որովհետեւ զույգ թրթուրների գինը 4000 դոլար է: Նախկինում գյուղը 7 տրակտոր ուներ, հիմա` մեկ: 53-ամյա Կարո Կարինյանին ամենից շատ մտահոգում է «վարկի տակ մնացած» համագյուղացիների ճակատագիրը. «Կառավարության որոշմամբ հանրապետության 3 տարածաշրջաններում պետությունը պետք է վարկի երաշխավոր լիներ, վարկի տոկոսների կեսը սուբսիդավորեր: Սակայն փող չտվեցին: Աֆրիկյան ժանտախտից այս տարի գյուղերի խոզերի 30-40 տոկոսը սատկեց: Մեզ չթույլատրեցին հիվանդ կենդանիների միսն ուտել, խոզերին հորեցինք, սակայն անկված անասունների դիմաց գումար չենք ստացել: Մեր գյուղից Իսկանդարյան Պետրոսը «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ից վարկ վերցրածների երաշխավորն էր: Բազմանդամ ընտանիքի տեր այդ մարդը ուրիշի չմարած վարկի պատճառով ստիպված գնաց Երեւան, այլեւս ետ չի գալիս: Նույնպես բազմանդամ ընտանիք ունեցող, «վարկի տակ մնացած» Աբրահամյան Արամայիսը գյուղից հեռացավ, հասցեն չգիտենք: Ղավալյան Մանվելը 3000 դոլար վարկ վերցրեց, 2 կով առավ, սակայն անասունները սատկեցին: Ադամյան Հայկն էլ 650 հազար դրամ վարկ է վերցրել, որի փոխարեն մեկուկես մլն դրամ պիտի վճարի: Նա 8 երեխա ունի, որից 4-ը զույգ են: Հիմա նրա կինը զույգ երեխայի է սպասում, որպեսզի նորածինների համար պետության կողմից տրվելիք աջակցությամբ կարողանա վարկի գումարը փակել: Վարկ վերցնելիս գյուղացին մի քանի անգամ վնաս է անում: Վարկ վերցրին դոլարով, սակայն ստացան դրամով, վարկն էլ մուծեցին դոլարի փոխարժեքով` ամեն անգամ վնաս կրելով: Այդ ընթացքում էլ դոլարի փոխարժեքն աճել էր: Մեր ժողովրդի գլխին սեւ դոլար դարձավ»:

Համայնքապետարանի առաջ խմբված գետիկցիներն ասացին, որ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը» գյուղացներին վարկ է տալիս 20 տոկոսով, նաեւ` 4 տոկոս կանխավճար պահանջում, ստացվում է 24 տոկոս: Նրանք լավ էին հիշում վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, որ գյուղացիական վարկերը թանկ են, էժան վարկերը հասանելի չեն գյուղացուն: Գետիկցիները պատմեցին, որ գյուղից տասնյակ ընտանիքներ վարկի պատճառով դատարանում են հայտնվել, դատական նիստերը կայացել են Սեւանում եւ Ճամբարակում: Համայնքապետ Աշոտ Դալլաքյանը փաստում է, որ գյուղի բնակչության 10-15 տոկոսը` հիմնականում կենսաթոշակառուներ, հրաժարվում են սեփականաշնորհված հողերից: Նա ասաց, որ 5 օր առաջ գյուղ է այցելել այդ ընտրատարածքից Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Մադաթյանը, ում հետ քննարկվել է գյուղացիների վարկային պարտքերի հարցը: Համայնքապետն առաջարկել է գոնե երկու տարով սառեցնել չմարված վարկերի տույժ-տուգանքների աճը: Գետիկի բնակիչների վարկերի եւ Կառավարության կողմից վարկի տոկոսադրույքների կեսի սուբսիդավորման չկատարված խոստումի վերաբերյալ հարց ուղղեցի Գեղարքունիքի մարզպետարանի տարածքային կառավարման վարչության աշխատակից Ռիտա Հովհաննիսյանին, ով, փաստորեն, Ճամբարակի տարածաշրջանում մարզպետարանի ներկայացուցիչն է: Տիկին Հովհաննիսյանն ասաց, որ Ճամբարակի տարածաշրջանի այն բնակիչները, ովքեր «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ից եւ «Կոնվերս» բանկից 2008 եւ 2009 թթ. վարկ են ստացել եւ դրա վերաբերյալ Կառավարության հետ հուշագիր ունեն, վարկային պարտքեր չունեն, պետական սուբսիդավորում են ստացել: Գեղարքունիքի մարզպետն ասել է` ներկայացրեք 2010 թ. վարկառուների ցուցակը: Տիկին Հովհաննիսյանի վկայությամբ` Գետիկի համայնքապետը դեռ ցուցակ չի ներկայացրել: Ի՞նչ է ստացվում. տարին ավարտվում է, մարդիկ «վարկի տակ են մնացել», Կառավարությունն իր խոստմանը տեր չի կանգնում: Իսկ վարկային տոկոսների հաշվիչն անողոք պտտվում է` սննկացնելով գյուղացիներին: Ո՞ւր են էժան վարկերը, որ այդպես էլ գյուղացուն չեն հասնում: Գետիկի բնակիչ Մաթեւոս Դալլաքյանը զարմանում է բանկերի սահմանած տարբեր տոկոսադրույքներից: Նա 3200 դոլարին համարժեք դրամ վարկ է վերցրել «ԱԿԲԱ»-ից եւ կարողացել է ժամանակին մարել:

«Փաստորեն, ես վարկը ստացել եմ 24 տոկոսով: Սակայն երբ երեխաներիս համար ցանկացա ավանդային հաշիվ բացել, ասացին` եկամտի տարեկան տոկոսը 6 է»: Գետիկցիները գյուղում հեռանկար չտեսնելով` հեռանում են: Գետիկի 550 բնակիչներից 150-ն արդեն հեռացել է: «Տեսնո՞ւմ ես այս թաղը, բոլորը լքված տներ են: Ընդամենը երկու տանը ապրող կա, մեկում միայնակ ծեր է, մյուսում` թոշակառու ամուսիններ,- ասաց Գետիկի գյուղամիջում հավաքվածներից մեկը` ցույց տալով համայնքապետարանից ձախ գտնվող թաղամասը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter