HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նոր տարվա գիշերը Ծաղկաձորո՞ւմ նշելն է մատչելի, թե՞ Եգիպտոսում

Ամանորը հայերիս համար ընտանեկան տոն է, եւ նախընտրում ենք այն նշել տանը` ընտանեկան եւ ընկերական շրջապատում: Սակայն, ձեւավորված ավանդույթը վերջին մի քանի տարվա ընթացքում խախտվել է, եւ քաղաքացիների մի մասը նախընտրում է տոնը նշել հանգստյան տներում եւ հյուրանոցներում:

Այս «նորամուծությամբ» ոգեւորված են հատկապես կանայք, քանի որ այդպիսով ազատվում են տոլմա փաթաթելու, «բլինչիկ», խոզի բուդ եւ այլ ուտեստներ պատրաստելու հոգնեցնող աշխատանքից: Սակայն, ոչ բոլորն են ի վիճակի Նոր տարին դիմավորել հյուրանոցում` կենդանի համերգային կատարումների եւ հրավառությունների ուղեկցությամբ: Եթե տոնը տանը նշելու համար անհրաժեշտ է 200-300 հազար դրամ, ապա հանգստյան տուն մեկնելու դեպքում դժվար թե այդ գումարով որեւէ մեկը կարողանա ընտանիքի հետ մի քանի օր լիարժեք հանգստանալ: Զրուցեցինք մի քանի հանգստյան տների եւ հյուրանոցների աշխատակիցների հետ` պարզելու համար, թե այս տարի այցելուների համար ինչ ամանորյա փաթեթներ ունեն, եւ ինչ գներ են սահմանված: Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցային համալիրի ադմինիստրատորն ասաց, որ իրենց մոտ Ամանորի փաթեթը 7 օրվա համար է նախատեսված: Կախված սենյակների կարգից` 2 հոգու համար գինը սկսվում է 650 հազար դրամից: Կան նաեւ 1 մլն 600 հազար դրամանոց համարներ: Հյուրանոցի սենյակները նախապես պատվիրվել են դեռեւս 2 ամիս առաջ, այդ թվում` «Պրեզիդենտ Լյուքս» 2 սենյակները: Նախագահների համար նախատեսված համարում ամանորյա 6-օրյա հանգիստը 4 հոգու համար արժե 1 մլն 800 հազար դրամ: Իսկ ոչ տոնական օրերին քաղաքացին իրեն «նախագահ» զգալու համար 1 օրվա համար պետք է վճարի 100.000 դրամ: Ծաղկաձորի «Ռիպա» առողջարանում Նոր տարվա փաթեթները նույնպես վաճառվել են 2 ամիս առաջ: Դեկտեմբերի 31-ի եւ հետագա մի քանի օրերի համար 60 սենյակներից եւ ոչ մեկն ազատ չէ: «Ռիպայում» տոնական փաթեթը 3 օր է, եւ մեկ անձի համար արժեքը սկսվում է 90 հազար դրամից: Կան նաեւ 120 հազ. դրամանոց սենյակներ: Առողջարանի աշխատակից Նարինեն ասաց, որ այդ գումարի մեջ ներառված է նաեւ սնունդը: Ազատ տեղեր չկան Աղվերանի «Ոսկե գետափ» հանգստյան տանը: Մենեջերն ասաց, որ կոնկրետ գին իրենց մոտ չկա, որոշ դեպքերում այցելուներին ցուցաբերվում է անհատական մոտեցում: Սակայն 5 օրվա համար 2 հոգանոց սենյակը Ամանորի օրերին միջինացված գներով արժե 250 հազար դրամ: Աղվերանի մեկ այլ` «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրում տոնական փաթեթը դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 3-ն է: Այստեղ ազատ սենյակներ չկան դեռեւս նոյեմբերից: Երկտեղանոց համարները վաճառվել են 450 հազար դրամով: Ի դեպ, այդ գնի մեջ ներառված չէ ճաշը: «Արթուրս Աղվերան Ռեզորթ»-ում գնի մեջ ներառված են նախաճաշը, բանկետներն ու ընթրիքը, իսկ եթե այցելուին դա չգոհացնի, ստիպված կլինի իր գրպանից հավելյալ գումար ծախսել ճաշելու համար: «Կարելի է ասել` ճաշը մնում է այցելուի վրա, բայց դրա կարիքը չի լինի: Ուշ ժամի է նախաճաշը տրվում, հունվարի 2-ին էլ խաշ է լինելու, եւ ճաշի կարիք չի զգացվի»,- «Հետքի» հետ զրույցում ասաց հյուրանոցի կոմերցիոն բաժնի ղեկավար Վահագն Կայծակյանը: Նրա ասելով` իրենց ամանորյա այցելուները հիմնականում 35-55 տարեկաններն են: Սեւանի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի ադմինիստրատորը` Մարինան, ասաց, որ իրենց ամանորյա փաթեթով հետաքրքրվողները շատ են, այցելուների պակաս այս տարի չունեն: «Հարսնաքարի» երկտեղանոց «մինի» քոթեջում Ամանորն անցկացնելու մեկ օրվա արժեքը 28.000, իսկ 4 տեղանոց քոթեջներում` 90 հազար դրամ: Հյուրանոցի շենքում տեղերն արդեն պատվիրված են: «Էկոնոմ» կարգի սենյակների գները սկսվում են 35-45 հազար դրամից, իսկ «Լյուքս» սենյակի մեկ օրվա վարձը 90 հազար դրամ է: Այդ գնի մեջ ներառված է միայն նախաճաշը: Ադմինիստրատորի ասելով` այցելուներն իրենք են որոշում, թե դեկտեմբերի 31-ից հետո քանի օր մնան հյուրանոցում: Սակայն նշեց, որ համարները նախապես պատվիրելու դեպքում նվազագույնը 3 օր պետք է մնան: Հյուրանոցում Ամանորի գիշերը կլինի նաեւ շոու ծրագիր, որի համար այցելուները պետք է առանձին վճարեն: Մեծերի համար շոուն արժե 45.000 դրամ, իսկ 6-10 տարեկան երեխաների համար` 35.000 դրամ: «Հարսնաքարը» պատկանում է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին: «Այս տարի Ամանորին հանգստացողները հիմնականում հայաստանցիներ են: Նախորդ տարիներին եղել են նաեւ արտասահմանցիներ»,- ավելացրեց Մարինան: Դիլիջանի «Իմպուլս» առողջարանային համալիրի աշխատակից Յուլյա Յակովլեւան հավաստիացնում էր, որ իրենց համալիրի ամանորի փաթեթները չեն թանկացել: «Մենք կոնկրետ գնով ոչ մի անգամ համար չենք վաճառել: Միշտ զեղչեր ենք անում»,- ասում է Յ. Յակովլեւան: Դեկտեմբերի 31-ից սկսած` «Իմպուլսում» 4 օր անցկացնելու համար 2 հոգանոց սենյակների գինը 170 հազար դրամ է, իսկ 6 հոգանոցը` 400 հազար դրամ: «Իմպուլսում» նույնպես Ամանորի համար տեղեր չկան. դրանք սպառվել են դեռեւս հոկտեմբերին: Տոնական եռուզեռից հեռու էր միայն Վանաձորի «Գուգարք» հյուրանոցը: Ադմինիստրատորը հեռախոսով փոխանցեց, որ մեր հարցերին լիարժեք կարող է պատասխանել միայն «տնտեսվար Էդիկը»: Տնտեսվարը պատմեց, որ իրենք ոչ մի տոնական փաթեթ էլ չունեն, քանի որ հյուրանոցում մարդ չկա: Այլ հյուրանոցների համեմատ «Գուգարքում» գները մատչելի են: Երկտեղանոց հյուրանոցային համարն արժե 9.000 դրամ, սակայն սենյակում տաք ջուր չկա, իսկ տաք ջրով սենյակի արժեքը 12.000 դրամ է: «Դրանցից մի քիչ լավ սենյակը 15.000 դրամ է: Այս պահին կարող ենք 36 մարդու տեղավորել, բայց ո՞ւր ա, մարդ չկա»,- դժգոհեց տնտեսվար Էդիկը: Քիչ չեն նաեւ Ամանորը ռեստորանում անցկացնողները: Այստեղ նույնպես սեղանները պետք է նախօրոք պատվիրել: ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանին պատկանող Երեւանի «Բելաջիո» ռեստորանային համալիրի ադմինիստրատորն ասաց, որ Նոր տարին «Բելաջիոյում» դիմավորելու համար յուրաքանչյուր անձ պետք է վճարի 45.000 դրամ: Եթե Ամանորին ընտանիքով են գնում ռեստորան, ապա 2 երեխայի համար վճարվում է մեկի համար նախատեսված գինը: Հյուրերը ժամանակի առումով ռեստորանում կաշկանդված չեն: «Ով ինչքան դիմանա, կարող է մնալ»,- ավելացրեց ադմինիստրատորը:

Իսկ ի՞նչ են առաջարկում զբոսաշրջային ընկերությունները

Այն, որ Հայաստանի հյուրանոցներում եւ հանգստյան տներում Ամանորն անցկացնելն ու մի քանի օր հանգստանալը թանկ հաճույք է, հաստատում են նաեւ տուրօպերատորները: «Լիդերիա տուր» ընկերության տուրմենեջեր Աստղիկ Թաթրյանն ասում է, որ հայաստանցիների ակտիվ մասը հիմնականում նախընտրում է ամանորյա հանգիստն անցկացնել Դուբայում եւ Եգիպտոսում, քանի որ գներն ավելի մատչելի են: «Հայաստանում էլ հանգստացողներ կան, բայց պատկերացրեք, որ այստեղ գները շատ բարձր են, հատկապես` Ծաղկաձորում»,- ասում է Ա. Թաթրյանը: Ըստ նրա` 1000-1500 դոլարով մարդը կարող է 10 օր լիարժեք հանգստանալ Դուբայում եւ Եգիպտոսում: Հավանաբար բարձր գներով պայմանավորված` «Բագրատ տուր» ընկերությունն իր տոնական առաջարկը ներկայացնում է ոչ թե Հայաստանում, այլ Թուրքիայի Անթալիա քաղաքում: Անթալիայի հյուրանոցներում համերգային ծրագրով հանդես են գալու նաեւ հայ երգիչ-երգչուհիներից մի քանիսը: «Բագրատ տուր»-ի մենեջեր Անին «Հետքին» ասաց, որ Ամանորն Անթալիայում անցկացնելու ցանկություն հայտնողներն այնքան շատ են, որ ստիպված են եղել երկրորդ չվերթը պատվիրել, եւ ազատ տեղեր արդեն չկան: 11 օրով Անթալիա մեկնողների համար նախատեսված է 5 աստղանի երկու հյուրանոց: Դրանցից մեկը դելյուքս է, որում մնալն արժե 1500 դոլար, իսկ մյուսում` 1000 դոլար: Գինը ներառում է բոլոր ծախսերը` ճանապարհածախսից մինչեւ հյուրանոցում մնալն ու սնունդը: Այն հարցին, թե ովքեր են Անթալիայում ելույթներով հանդես եկող հայ երգիչները, Անին չկարողացավ պատասխանել. «Հստակ չեմ կարող նշել, թե ովքեր են լինելու, բայց շատ լավ ծրագիր է լինելու` արտասահմանյան եւ հայ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter