HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Կարի ֆաբրիկաները չեն կարողանում զարգանալ

Վանաձորում չորս գործող կարի ֆաբրիկա կա՝ «Բազում», «Գլորիա», «Սարտոն» եւ «Դավգար»։ Չորսն էլ նախկին «Վանաձորի Բազում կարի արտադրական միավորման» մասնաճյուղերն են, որոնք, հանրապետության անկախացումից հետո ձեռք բերելով իրավաբանական անձի կարգավիճակ, դարձել են առանձին ձեռնարկություններ։ 1988-ի երկրաշարժից հետո ֆաբրիկաները չեն դադարել գործել, բայց աշխատել են տարբեր հզորություններով։

Ինչպես պարզվում է ֆաբրիկաների տնօրենների հետ զրույցից, ամենից մեծ հաջողություն ունի «Գլորիան»։ Այդ է վկայում նաեւ տնօրենի՝ ֆաբրիկային տված գնահատականը, ըստ որի՝ «Գլորիան» հանրապետության առաջատարն է կարի արտադրության ոլորտում։ «Բազում» կարի ֆաբրիկան 1000 աշխատատեղից այս պահին ապահովում է 60-70 աշխատատեղ՝ 50 հազար դրամ միջին աշխատավարձով, «Սարտոնը»՝ հնարավոր 550-ից՝ 270 աշխատատեղ՝ 40-52 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ «Գլորիան» մոտ 600 աշխատող ունի, որոնց ամսական միջին աշխատավարձը 50-55 հազար դրամ է։ Բանվորական արտահագուստից ընկերությունը անցել է բրենդային հագուստի արտադրության. արտադրանք է թողարկում արտասահմանյան հայտնի ապրանքանիշների համար։

«Նույնիսկ «Աուդի» արտահագուստն ենք այստեղ արտադրում։ Գալիս են տեսնում «Աուդի», ասում են` երեւի կոպիա եք անում, ասում եմ` չէ, «Աուդիի» համար մենք ենք կարում,- հպարտանում է «Գլորիա» ՍՊԸ-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Բագրատ Դարբինյանը։

Տնօրենը մեծ ձեռքբերում է համարում նաեւ իր աշխատակիցների կողմից աշխատանքային կուլտուրայի յուրացումը. «Ճաշ էին ուտում, ձեռքերը կեղտոտ գնում կար անելու, օճառները գողանում, տանում էին, թել էին գողանում։ Թելը հաշվով տանում էինք, չկար. հենց գիտեին՝ կոմունիստական ժամանակներն են՝ 10-ի տեղ 100 տա, 110 հատ հաշվել, բերել ա։ Եվրոպացիների հետ շփվելով՝ զարգացան, մակարդակը բարձրացավ»։

Տեղական ֆաբրիկաները գոյատեւում են արտասահմանյան պատվերների շնորհիվ։ Պատվիրատուի բացակայության դեպքում ֆաբրիկայի գործունեությունը ժամանակավորապես դադարում է։ Օրինակ` 2005-ին ամերիկացի գործընկերների հետ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո «Սարտոնը» գրեթե երկու տարի արտադրանք չտվեց։ Հետո գտնելով իտալական գործընկեր մի կազմակերպություն՝ վերսկսեց իր աշխատանքը։ Այժմ էլ նոր պայմանագիր ունի իտալական մեկ այլ կազմակերպության հետ։ «Սարտոն» ֆաբրիկայի տնօրեն Ռոբերտ Ղուբաթյանի համոզմամբ՝ ավելի շահավետ կլինի համագործակցությունը միաժամանակ մի քանի գործընկերների հետ։ «Եթե մեկը տալիս է 2 եվրո, ասում եմ՝ քիչ ա, ասում ա՝ քիչ ա, մի աշխատի։ Եթե երկրորդ, երրորդ գործընկերներն ունենամ, արդեն ստիպված չեմ լինի նրա պայմանն ընդունել, բայց էս պահին չունեմ»,- ասում է տնօրենը։ Այս առումով էլ է «Գլորիան» գերազանցում մյուսներին. միաժամանակ համագործակցում է 4 գերմանական, 2 իտալական եւ 1 ռուսական կազմակերպությունների հետ։

Պետական պատվեր է կատարում նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության համար. նրա արտադրանքի 10%-ը սպայական արտահագուստ է։ Արտասահմանցի պատվիրատուների հետ աշխատելը ձեռնտու է գործարարներին մի շարք առումներով։ Պատվերը տալով՝ պատվիրատուն տալիս է նաեւ հագուստի ձեւանմուշը, ներկրում է արտադրության համար անհրաժեշտ հումք, օժանդակ նյութեր, իսկ վերջում արտահանում պատրաստի արտադրանքը՝ գործարարին ազատելով բոլոր ֆինանսական ծախսերից։ Կան կառավարական երկկողմ համաձայնագրեր, որոնք ազատում են հարկային պարտավորություններից. հումքի ժամանակավոր ներմուծման, վերամշակման եւ արտահանման դեպքում չեն հարկվում մաքսավճարները եւ որոշ հարկատեսակներ, օրինակ՝ ավելացված արժեքի հարկը։ Տեղացի գործարարը վճարում է միայն տեղական մաքսատուրքերը (Վանաձորի մաքսակետում), որը, կախված բեռնափոխադրումներից, կազմում է 35-100 հազար դրամ։ Տեղափոխության ծախսն ամբողջությամբ հոգում է պատվիրատուն։ Տեղացի արտադրողը միայն արտադրանք է տալիս եւ վարձատրվում իր աշխատանքի համար։

«Մենք ծառաներ ենք, մենք ծառայություն ենք անում»,- ասում է Ռ. Ղուբաթյանը՝ համոզված, որ Հայաստանում իրենց «ծառայությունը» 10 անգամ էժան է գնահատվում, քան պատվիրատուի երկրում։ Գործարարների խոսքով՝ Հայաստանում արտասահմանցուն գրավողը էժան աշխատուժն է։ «Բազում»-ի տնօրեն Յուրի Միքայելյանը, Հայաստանը համեմատելով Եվրամիության երկրների հետ, նկատում է, որ այնտեղ աշխատուժը 3-4 անգամ թանկ է։ Ռ. Դարբինյանի տեղեկություններով՝ Գերմանիայում կոնկրետ կարը ժամով է վճարվում՝ ժամը 8 եվրո։

Ավելին, ըստ նրա՝ Գերմանիան ընդհանրապես չունի կարի արտադրություն. փորձնական արտադրություններ են, ձեւանմուշներ են ստանում. «100% գիտեմ, որ չկա կար։ Հագուստն էլ շատ թանկ է,- ասում է նա եւ ավելացնում,- մեր արտադրանքն էլ շատ մեծ գումարներ ա այնտեղ՝ միլիարդներ: Մեզ տալիս ա 2 եվրո, ինքը վաճառում ա 100 եվրոյով»։ Իսկ սեփական արտադրանք տալու, այն ներքին շուկայում իրացնելու կամ միջազգային շուկա արտահանելու համար գործարարները հնարավորություններ չունեն, դա նրանց ձեռնտու էլ չէ։ Տեղում սեփական արտադրանք կազմակերպելու համար գործարարը պետք է ներկրի հումքը՝ այդ դեպքում կատարելով նաեւ տրանսպորտային փոխադրումների հետ կապված բոլոր ծախսերը։

«Հայաստանում ոչ մի կտոր արտադրող ֆաբրիկա չկա, հումքն ամբողջությամբ ներկրվում է։ Չինաստանից Վանաձոր մի բեռնարկղ հասցնելու համար 5 հազար եվրոյին մոտ գումար է պետք, իսկ եվրոպական պետություն արտահանելու համար՝ 13 հազար եվրո։ Տրանսպորտային ծախսերը շատ մեծ են։ Այս ամենն ազդում է արտադրանքի ինքնարժեքի վրա»,- ասում է Յ. Միքայելյանը։ Պատրաստի արտադրանքը միջազգային շուկա արտահանելու դեպքում դարձյալ իրացման խնդիրը չի լուծվի. այն չի կարող մրցունակ լինել միջազգային շուկայում։ «Ներքին շուկա հասկացություն չկա,- ասում է Ռ. Ղուբաթյանը,- ես էսօր ի վիճակի չեմ Հայաստանում առեւտուր անել, չեմ էլ կարող դուրս գալ. մեծ հարցեր կան՝ կապված մեծ շուկայի հետ»։

Ներքին շուկայում էլ տեղական արտադրանքը պահանջարկ չունի բարձր գնի պատճառով։ Պահանջարկ ունեցող արտադրատեսակները մեծ խմբաքանակներով ներկրվում են Թուրքիայից, Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից եւ տեղական արտադրանքից մի քանի անգամ էժան են։ «Կարող ա ինքնաթիռով բերում են, մաքսեր, հարկեր չեն մուծում, էժան ա նստում, ո՞վ գիտի։ Մենք էլ հարկեր ենք մուծում, մաքսավճար, ապրանքի գինը բարձրանում ա»,- ասում Բ. Դարբինյանը։

«Տեղականը չեն առնում, որովհետեւ թուրքական զիբիլն են առնում 5 անգամ պակաս գնով,- ասում է Ղուբաթյանը եւ ավելացնում,- թուրքական պադպոլնի կարում են, մի երեք ձեռքով հասնում ա ըստեղ ու էլի էժան գնով վաճառվում ա, կոպեկներ են»։

Տեղական կարի արտադրամասերից միայն «Բազումն» է, որ բավարարում է նաեւ ներքին պահանջարկը։ Ֆաբրիկան իր արտադրանքի կեսը տեղական շուկայում է իրացնում՝ մայրաքաղաքի խանութներում կամ տոնավաճառներում։ «Սարտոնի» տնօրենը փորձել է սեփական արտադրանք տալ եւ սեփական խանութ բացել, բայց ձեռնարկումը չի հաջողվել, չի արդարացրել իրեն։ Իրենց գործունեության ընթացքում գործարարները տարբեր խնդիրների են առնչվում։

Հարկային քաղաքականությունից միայն Յ. Միքայելյանն է դժգոհում. «Հազիվ պետական հարկերը, կենսաթոշակայինի վճարումներն եմ անում՝ 6-8 մլն դրամ, մնացածն էլ նույնիսկ աշխատավարձի չի բավարարում»։ Բայց որպեսզի պետական հարկերն ուշացնելու համար տուգանք չվճարի, ժամանակին է կատարում վճարումները, նույնիսկ՝ վարկով։

Ներքին շուկայի համար արտադրող Յ. Միքայելյանը դժգոհում է նաեւ արտադրանքի համար նախատեսված հարկերից. «Նայած` ինչ հզորությամբ ես աշխատել, արտադրանք տվել, եթե 10 մլն-ի, 2 մլն պետությանն ա գնում, գումարած` 20% շահութահարկ»։ Բողոքում է նաեւ Կենսաթոշակային հիմնադրամի «վայրագ տոկոսադրույքներից». «Եթե 100 հազար աշխատավարձ տվեցիր, 28%-ը պետք ա տաս Կենսաթոշակային հիմնադրամին։ Ոչ մի պետությունում նման բարձր դրույքներ չկան»,- ասում է նա։ Գործարարի մյուս բողոքն այն մասին է, որ բեռների զննությունն ու ապրանքների ձեւակերպումը միայն Երեւանում է կատարվում։ «Մեքենայի փաստաթղթերի մեջ գրված է` Հայաստան-Վանաձոր, ինչի՞ պետք ա գնա Երեւան։ Նույնը կարող է արվել նաեւ Վանաձորի մաքսատանը։ Սպիտակ կտորներ են, թափվում են, կեղտոտվում են»,- ասում է տնօրենը։

Ռ. Ղուբաթյանն էլ պատվիրատուների բացակայությունից է դժգոհում. «Պետությանը պիտի հարկ տաս, դա նորմալ ա։ Ուղղակի լավ պատվիրատու լինի, շատ պատվեր ստանանք, շատ կարենք»,- ասում է նա։ Բ. Դարբինյանը տարբեր տեսչությունների վերահսկողությունից է սրտնեղում. «Էնքան ներքին հսկող օրգաններ կան, որ գլուխ չես հանում. էլ լիֆտի տեսչություն, որ լիֆտ չունեմ, բայց տեսչություն կա, բնապահպանական տեսչություն, ասում եմ՝ ոչ քիմիական արտադրություն ա, ոչ արտանետումներ կան. մի հատ պրիբոր են վերցնում, գալիս»։

Նաեւ հավաստագրի հետ կապված քաշքշուկներն են նրան անհանգստացնում. «Թուղթ ա, որ իրենից բան չի ներկայացնում. Եվրոպան ուզում ա ցույց տաս, որ ապրանքը, իրոք, հայկական ա։ Վարչապետ Տ. Սարգսյանը եկել էր, ասեց՝ վերջինը երբ ստանալու լինես, իրար հետ գնանք ստանանք։ Ասի՝ էդ պահին կտան, բայց որ երկրորդ օրը մենակ գնամ, էլի կձգձգեն»։ Արտասահմանյան գործընկերների հետ Բ. Դարբինյանը խնդիրներ չունի, խնդիրներն, ըստ նրա, երկրի ներսում են. «Մենակ Վրաստանն ա մեկ-մեկ դժվարություններ ստեղծում։ Էդ առաջ էր պրոբլեմային` կաշառքներ, բաներ։ Հիմա սովորել ենք»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter