
Ընտանիքի ջեռուցման և սննդի հոգսը մնացել է 78-ամյա կնոջ ուսերին
Օձունեցի 78-ամյա Էմմա Խեչումյանը հոգում է իր 6 անձից կազմված ընտանիքի բնակարանի տաքացման համար փայտ մատակարարելու և սնունդ հայթայթելու խնդիրները: Նրան ամեն օր կարելի է հանդիպել Օձուն-Այգեհատ ճանապարհահատավածում:
78-ամյա կինը ծանրորեն, համակ վիշտ դարձած, որպես իր խաչ` քարշ է տալիս դաշտերի եզրերից հավաքած փայտի խուրձը, որով բնակարանը կարելի է ջեռուցել հազիվ մեկ ժամ: «Վեց ջան ենք տանը, որբեր եմ պահում, բալա ջան: Թոռներիս մերը մահացել ա, հերներուն էլ` տղես, 50 տարեկանումը բերդումը նստած ա: Մի բան էլ ա չի արել, իսանի մինը շառի բերուց երեխիս»,- ասաց Էմման: Օձունում, սակայն, պատմեցին, որ Էմմա Խեչումյանի որդին` Սաքոն, բանտում է հայտնվել թմրանյութերի գործով: Հոգնածությունից, թե լարվածությունից Էմմա մայրիկը չկարողացավ ըմբռնելի ներկայացնել իր վիշտը: Սակայն ասաց, որ իր ընտանիքն ապրում է 18 տարեկան «ճռներիցը հիվանդ» թոռնուհու 13 հազար դրամ նպաստով: «Սօրվա դրությամբ մեր տանը ուտելու բան չունենք, էսա, պիվի շիշ եմ ճարել, որ տանեմ 2 կոպեկի տամ, հաց առնեմ, բալա ջան: Ես սենց եմ ապրում»,- ասաց Էմմա մայրիկը: Մեծ թոռան մասին ասաց, որ բանակից նոր է վերադարձել. «Թոռս խրամատներում ա ծառայել, գովասանագրերով եկավ բանակից, աշխատանք չկա»: Թոռը ճողվածք ունի, ինչի պատճառով չի կարող փայտի գնալ: Օձունում Էմմա Խեչումյանի մասին մեր հարցումներին կարճ պատասխանեցին. «Տանջված կին ա»:
Հ.Գ. Հուսով ենք, որ հրապարակումից հետո Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանը համայնքի բյուջեի սոցիալական օգնության միջոցներով կլուծի սոցիալական ծայրահեղ ծանր պայմաններում ապրող Էմմա Խեչումյանի ընտանիքին մի քանի կուբամետր փայտով աջակցելու խնդիրը` 78-ամյա կնոջն ազատելով ամեն օր փայտ քարշ տալու տառապանքից:
Մեկնաբանել