
Երևանի նախկին քաղաքապետի հրաժարականը, ապա դրան հաջորդած Կառավարությում կատարված կադրային տեղաշարժերը իշխանությունը ներկայացրեց որպես իրենց օրենքից վեր դասողների, զոռբայության դեմ սկսած անհաշտ պայքարի դրսևորում: Այդ միտքը ավելի ուշ զարգացրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ՀՀԿ 20-ամյակի հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարելով. «Անարդյունավետ աշխատանքը, թերություններն ու բացթողումները հաստատապես դառնալու են քննարկման առարկա: Անբարեխիղճ պաշտոնյաներ մեզ պետք չեն»: Այսպիսի մեկնաբանությունները վկայում են, որ տեղի ուենցող գործընթացները հասարակական սպասելիքներին, պահանջներին համահունչ մատուցելու խնդիր է դրված:
Սակայն իրական շարժառիթներն ու միտումները բոլորովին այլ են: Եթե իշխանությունն իսկապես օլիգարխիկ զոռբաների դեմ պայքար սկսած լիներ, ապա նախքան արդարադատության արդեն նախկին նախարար Գևորգ Դանիելյանը պաշտոնանկ կարվեր, զբաղեցրած պաշտոնից պետք է անհապաղ ազատվեր ընդամենը ձևականորեն նախարարի ենթակայության տակ գտնվող ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը, որը ծեծել էր իր ենթակային:
Մոտ երկու տարի առաջ լուրեր տարածվեցին այն մասին, որ նույն Գագիկ Բեգլարյանի թիկնազորը դաժանաբար ծեծել էր քաղաքապետի` Երևանի թիվ 114 դպրոցում սովորող որդու համադասարանցուն: Սակայն այն ժամանակ ոչ միայն գործ չհարուցվեց, այլև հարցն ուշադրության չարժանացավ: Ընդ որում, այդ դեպքից ընդամենը երեք ամիս առաջ էր հանապետության նախագահը զգուշացրել, թե «իր համար հասկանալի չեն» նման դրսևորումները:
Իրական մոտիվացիա
Գագիկ Բեգլարյանը չպատժվեց նրա համար, որ մարդ էր ծեծել: Նա պատժվեց նրա համար, որ ձեռք էր բարձրացրել նախագահականի ներկայացուցչի վրա: Այսինքն` անցել էր թույլատրելիի սահմանը` ներխուժել անձամբ հանրապետության նախագահի «տարածք»: Բեգլարյանին այսպես հրապարակավ պատժելն ուներ առանցքային նշանակություն:
Վերջինս պատահական, շարքային օլիգարխ չէր: Նա մոտ մեկ միլիոնանոց բնակչություն ունեցող Երևանի քաղաքապետն էր, ով հսկայական ազդեցություն ուներ հատկապես քաղաքի ստվերային ֆինանսական հոսքերի և թաղային հեղինակությունների վրա: Վերջիններս Բեգլարյանին ընդունում էին որպես յուրային: Ընդ որում` շատ ավելի յուրային, քան իշխանության ցանկացած այլ ներկայացուցչի: Իշխանությանը նրանց հավատարմությունը, օժանդակությունը միջնորդավորված էին, և այդ միջնորդի, կապող օղակի դերը կատարում էր հենց Գագիկ Բեգլարյանը:
Թե ֆինանսական հոսքերի, թե այս շրջանակների նկատմամբ քաղաքապետի ունեցած ազդեցությունը նրան օժտում էին զգալի անկախությամբ կամ առնվազն ինքնուրույնությամբ: Եթե տեղի ունեցած «դոմինգոյական» միջադեպն իրականությանը համապատասխանում է, ապա հասկանալի է, որ Բեգլարյանն, իրեն այդքան ինքնուրույն չզգալու դեպքում, երբեք նման քայլի չէր դիմի: Ահա սա էր, որ անհանգստացնում է նախագահին: Նա Բեգլարյանի մեջ տեսավ այնպիսի մի ֆիգուրի, ով անհրաժեշտ պահին կարող էր շրջվել ու սեփական խաղն սկսել, այսինքն` իշխանության համար դառնալ անվերահսկելի:
Սա կարող էր նաև շղթայական ռեակցիայի էֆեկտ ստեղծել: Եթե Բեգլարյանը չպատժվեր, ապա մյուս օլիգարխները կարող էին դրա մեջ տեսնել նախագահի թուլության նշանը ու իրենց հերթին ավելի ինքնուրույն դառնալու հավակնություններ ունենալ: Իսկ եթե նկատի ունենանք Երևանում Բեգլարյանի ունեցած հսկայական ազդեցությունը, ապա չէր բացառվում, որ ի դեմ նրա` այդ շրջանակները կարող էին տեսնել իրենց բիզնեսի, կապիտալի պաշտպանության երաշխավորի և նրա շուրջ էլ փորձել համախմբվել:
Դա իշխանության համար անընդունելի էր սկզբունքորեն, իսկ խորհրդարանական ընտրություններից ընդամենը մեկուկես տարի առաջ` առավելևս: Այս իմաստով նախագահի հարվածն ուղղված էր նաև այս շրջանակների հնարավոր կենտրոնախույս նկրտումները հօդս ցնդեցնելուն, և մեծ հաշվով նա այդ հարցը լուծեց: Ըստ էության` նախագահը հենց բնում խեղդեց ներքին դիմադրողական բևեռի ձևավորման անգամ տեսական հնարավորությունը` ցույց տալով, որ ցանկացած մանևր չի հանդուրժվելու, իսկ իրենք` օլիգարխները, չեն կարող գոյություն ունենալ իշխանությունից անկախ և պարտավոր են գործել նրա գծած սահմանների ու պայմանների շրջանակներում, ինչպիսիք էլ այդ սահմանները լինեն:
Մյուս կողմից սա անուղղակի ուղերձ էր Գագիկ Ծառուկյանին: Եվ վերջինս հասկացավ այդ ուղերձի էությունը: ՀՀԿ 20-ամյակի արարողության ժամանակ Ծառուկյանը լրագրողներին ասաց, թե ոչ միայն կոալիցիայից դուրս գալու, այլև իրենց նախարարներին հետ կանչելու մտադրություն չունեն: Դրանից առաջ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը մեկ մարդու պես կողմ քվեարկեց ՀՀԿ-ի, ավելի ճիշտ Սերժ Սարգսյանի միանձնյա որոշմամբ ներկայացված միակ թեկնածուի` Կարեն Կարապետյանի թեկնածությանը: Դրա համար էլ ՀՀԿ 20-ամյակին ունեցած ելույթի ժամանակ Սերժ Սարգսյանը հատուկ ընդգծեց, որ կոալիցիոն գործընկերներին (հասկանալ` ԲՀԿ-ին) ոչ թե վերջնագրեր, այլ միայն պահանջներ կարող է ներկայացնել:
Ինչո՞ւ Կարեն Կարապետյանը
Անգամ Երևանի քաղաքապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածությունն առաջադրելով` ՀՀ նախագահը հասկացրեց, թե որն է իր ակնկալիքը թե քաղաքապետից, թե ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից: Ստվերային լծակներ ու քաղաքական կշիռ ունեցող Բեգլարյանին փոխարինեց էությամբ, տեսակով ու գործունեության բնույթով ապաքաղաքական ֆիգուր` «Հայռուսգազարդի» գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը: Լինելով պրոֆեսիոնալ տնտեսագետ և մենեջեր` նա մայրաքաղաքը ղեկավարելու է ավելի շատ վարչարարության հիմունքներով, քան` քաղաքական: Դրան զուգահեռ նախկին պաշտոնում նա բավարար փորձ է ձեռք բերել իրենից ունեցած ակնկալիքներն ու պահանջները բավարարելու իմաստով և շատ լավ կարողանում է հասկանալ քաղաքական իրողությունները: Այնպես որ ակնհայտ է` նա հենվելու է աշխատանքային մեթոդների, հմտությունների վրա և դուրս չի գալու իր համար գծված սահմաններից:
Բայց այս ամենին զուգահեռ կա ևս մեկ հանգամանք: Կարապետյանի թեկնածությունն առաջադրեց Սերժ Սարգսյանն անձամբ` անգամ ի հեճուկս Հանրապետական կուսակցության: Վերջինիս համար քաղաքապետի ամենահարմար կամ նախընտրելի թեկնածուն միանշանակ ՀՀԿ վաղամեռիկ առաջնորդ Անդրանիկ Մարգարյանի որդին`Տարոն Մարգարյանն էր, ով մոտ 5 տարի արդյունավետ ղեկավարել էր Երևանի Ավան համայնքը, կուտակել բավականաչափ փորձ ու հմտություն և գործնականում պատրաստ էր ստանձնելու նաև քաղաքապետի պաշտոնը:
Սակայն այս անգամ էլ նախագահը իր ղեկավարած կուսակցության ձգտումներն անտեսեց և դա արեց ակնհայտ մեկ մղումով. թույլ չտալ քաղաքապետի պաշտոնում հերթական քաղաքական ֆուգուրի հայտնվելը: Նախագահի հետ խնդիրներ ունենալու պարագայում, Տարոն Մարգարյան քաղաքապետի գործոնով պայմանավորված, «հին հանրապետական գվարդիան» կդառնար շատ ավելի ինքնուրույն: Այսպիսով, նախագահն ապահովեց, որ Երևանը քաղաքական մեխանիզմներով ընտրված ապաքաղաքական քաղաքապետ ունենա:
Կադրային փոփոխությունների իմաստը
Այն, ինչ տեղի ունեցավ քաղաքապետի պաշտոնի հետ, որևէ տրամաբանական աղերս չունի Կառավարությունում կատարված և ակնհայտորեն շարունակության միտումներ ունեցող փոփոխությունների հետ:
Ուշադրության է արժանի հատկապես այն փաստը, որ գործադիրից հեռացվեց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ով համարվում կամ դիտարկվում էր որպես այս կառավարության տնտեսական նոր քաղաքականության ճարտարապետ: Սակայն 2009թ. տնտեսական ճգնաժամի արդյունքում ակնհայտ դարձավ, որ այս կառավարությունը մարտահրավերներին դիմակայելու բավարար ներուժ ու հնարավորություն չունի: Արդյունքում` տնտեսության անկում մինչև 14 տոկոս, արտաքին պարտքի մեծացում գրեթե եռակի անգամ, դրան հետևած աննախադեպ գնաճ, սոցիալական բևեռացման խորացում:
Ներսես Երիցյանի գործունեությունից դեռ անցյալ տարի հրապարակավ դժգոհեց կոալիցիայի մաս կազմող ԲՀԿ-ն, և իրականում դա դժգոհություն էր առհասարակ Կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից: Փաստորեն, փոփոխություններ կատարելով հենց ֆինանսատնտեսական բլոկում` նախագահն առաջին հերթին փորձեց սրբագրել կառավարության ձախողումները, լիցքաթափել հասարակական ու ներիշխանական դժգոհությունը, այդպիսով կանխել լրիվ իրատեսական սոցիալական հնարավոր պայթյունը:
Դրա համար ավելի հարմար պահ նախագահը դժվար թե գտներ երկու պատճառով: Նախ` բյուջետային տարին գործնականում ավարտված էր, հաջորդ տարվա բյուջեն` ընդունված: Այսինքն` որևէ վտանգ չկար, որ կադրային այս փոփոխությունները կարող էին վնասել Կառավարության գործունեությանը: Այսպիսով, նախագահը նաև գալիք տարվա հետ կապված նոր հույսեր է ուզում արթնացնել հանրության մեջ:
Երկրորդ` ներկա պահին հարաբերական անդորր է նաև արտաքին ճակատում: ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովից հետո իշխանությունն ավելի վստահ դարձավ, որ պատերազմն այս պահին դժվար թե վերսկսվի: Չափազանց խոսուն է այն փաստը, որ նախագահի դիրքորոշումներն ու քաղաքականությունը` թե արտաքին և թե ներքին հարցերի հետ կապված, կոշտացան նոյեմբերի վերջերին Մոսկվա կատարած աշխատանքային այցից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե հայրենիք է վերադառնում ապագայի նկատմամբ ավելի մեծ վստահությամբ:
Ինչևէ, Կառավարությունում կատարելով միայն ռոտացիոն բնույթի տեղաշարժեր` նախագահը հասկացրեց, որ դեռ հավատում ու վստահում է գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ավելին, ամեն ինչ ցույց է տալիս, որ նախագահը ձգտում է ավելի ամրապնդել Տիգրան Սարգսյանի դիրքերը: Նա ոչ միայն չցրեց Կառավարությունը, այլև ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակեց Տիգրան Սարգսյանի հերթական «կադրին»` ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանին: Կառավարության հենակետային դիրքերում այսօր արդեն գրեթե ամբողջությամբ Տիգրան Սարգսյանի վստահելի մարդիկ են:
Բացի դրանից` Սերժ Սարգսյանը վարչապետի ձեռքերն արձակել է կառավարման միջին օղակներում վստահության ռեսուրսներ կուտակելու հարցում: Վարչապետը ձգտում է մեծացնել աշխատակազմերի վրա իր անմիջական ազդեցությունը: Դա մի մեխանիզմ է, որը վարչապետին հնարավորություն կտա ավելի քիչ կաշկանդված լինել ՀՀԿ կոալիցիոն պայմանավորվածություններով:
Նախագահը նրան անգամ չխանգարեց «անցնել» մի քանի, նույնիսկ հանրապետական քվետա ունեցող նախարարությունների վրայով: Մի քանի շաբաթ առաջ վարչապետը կրթության և գիտության, առողջապահության, ֆինանսների և գյուղատնտեսության նախարարություններին մեղադրեց կոռուպցիայի մեջ և կադրային փոփոխություններ անելու ուղղակի հրահանգներ տվեց: Դժվար է պատկերացնել, որ Տիգրան Սարգսյանը դա արեց` առանց նախագահի գիտության:
Իսկ ինչո՞վ է պայմանավորված Տիգրան Սարգսյանի նկատմամբ նախագահի ունեցած այս վերաբերմունքը: Կա, թերևս, երկու պատճառ: Նախ`ինչպես և Երևանի նորընտիր քաղաքապետը, գործող վարչապետը ևս քաղաքական ֆիգուր չէ:
Երկրորդ` նա բանկային ոլորտի մասնագետ է, տնտեսությանը և տնտեսական քաղաքականությանը վերաբերվում է որպես բանկիր: ՀՅԴ խմբակցության անդամ, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը դա բացատրում է հետևյալ կերպ. «Այսօր մեզ մոտ շարունակում է բանկային հոգեբանությամբ տնտեսության կառավարման կադրային քաղաքականություն: Բանկային հոգեբանությունը տնտեսական զարգացման հոգեբանության հետ համահունչ չէ: Բանկային հոգեբանությամբ կառավարիչը մտածում է համակարգին առավելագույն շահ ապահովելու մասին, տնտեսական զարգացման ուղղությամբ մտածողը` առավելագույն շահ տնտեսությանը: Սրանք էականորեն և իրար հակադրվող մոտեցումներ են»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել