HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Կարեն Կարապետյանի երդմնակալության արարողությունը

Այսօր հրավիրված Երևանի ավագանու հանդիսավոր նիստում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանի երդմնակալության արարողությունը։ Ներկա էին երկրի նախագաը, Ամենայն հայոց կաթողիկոսը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Երևանի նախկին քաղաքապետներ, քաղաքական և մշակութային գործիչներ։ Համաձայն «Երևան քաղաքում տեղական  ինքնակառավարման մասին» օրենքի` ավագանու նիստը վարում էր Երևանի ավագանու տարիքով ամենամեծ անդամ Աստղիկ Գևորգյանը։ Արարողությունն սկսվեց պետական օրհներգով։ Աջ ձեռքը «Երևանի մասին» օրենքի վրա դնելով՝ Երևանի 53-րդ քաղաքապետ Կարեն Կարապետյանը երդվեց քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների: Այնուհետև հնչեց մայրաքաղաքի օրհներգը։ Երևանի պատվավոր քաղաքացի, Երևանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը Հայաստանի բոլոր մայրաքաղաքների անվանատառերով Երևանի քաղաքապետի խորհրդանիշ լանջաշղթան հանձնեց Կարեն Կարապետյանին։ Նախագահ Սերժ Սարգսյանը, շնորհավորելով նորընտիր քաղաքապետին և բոլորին, մասնավորապես նշեց. «Հայտնի է, որ պարոն Կարապետյանը լավ կառավարիչ է, հարգանք է վայելում Երևանում, ունի բարոյական լավ նկարագիր: Պարոն Կարապետյան, մաղթում եմ, որ Դուք արդարացնեք բոլորիս հույսերը և հուսախաբ չանեք բոլոր այն մարդկանց, ովքեր որպես կառավարիչ` տարբեր բարձր պաշտոններում նախընտրում են հենց Ձեր տեսակը: Իմ ակնկալիքները կապված են, առաջին հերթին, Ձեր գործելաոճի հետ: Երեկ չէ առաջին օրը մենք ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում հանգամանորեն խոսել ենք այն որակների և մոտեցումների մասին, որ պետք է դրսևորի պետական պաշտոնյան: Ես իրոք լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման առաջին իսկ օրերից բոլորին ակնհայտ է լինելու, որ Դուք սկսել եք այդ պահանջների իրականացումը: Ավելին ասելու անհրաժեշտություն չկա: Կարծում եմ, որ մի քանի ամիս հետո պարզապես պետք է արդյունքներն ի մի բերենք` մենք կարողանո՞ւմ ենք արդյոք դրված չափանիշները կատարել, թե՞ ուղղակի ամեն անգամ ավելի բարձր նշաձող ենք դնում: Եթե մենք ի վիճակի ենք կատարելու մեր իսկ պահանջները, ապա մենք ի վիճակի ենք մեր երկիրն առաջ տանելու»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter