Գործարկվել է ՀՀ գլխավոր դատախազության կայքի «Սումգայիթ» բաժինը
Գործարկվել է ՀՀ գլխավոր դատախազության կայքի «Սումգայիթ» բաժինը (www.genproc.am/sumgait), որում կարելի է ծանոթանալ 1980-ականների վերջերին Խորհրդային Ադրբեջանի տարածքում և 1990-ականների սկզբներին Արցախում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի առթիվ հարուցված քրեական գործերի նյութերին:
Մասնավորապես, կայքում տեղադրվել են ականատեսների, տուժողների, նրանց հարազատների և իրավահաջորդների վկայությունները, իրեղեն ապացույց ճանաչված լուսանկարներ ու փաստաթղթեր, սպանվածների, առևանգվածների և անհայտ կորածների ցուցակները: Ինտերնետային էջում հրապարակվել են նաև այն անձանց, այդ թվում` Ադրբեջանի իրավապահ մարմինների աշխատակիցների ցուցակները, որոնք մեղադրվում են հայկական գյուղերում հայերի բնաջնջման քաղաքականությանը մասնակցելու, հայերի նկատմամբ վայրագություններն անմիջականորեն իրագործելու մեջ և հետախուզման մեջ են:
«Սումգայիթ» էջն ունի 4 բաժին՝ իր ենթաբաժիններով՝ ըստ մարդկության դեմ կատարված հանցագործությունների տեսակների և վարչական տարածքների: Մասնավորապես, «Սումգայիթ» բաժնում կարելի է ծանոթանալ հայերի սպանությունների, բռնաբարությունների, կիրառված բռնությունների և հափշտակությունների վերաբերյալ ականատեսների վկայություններին, տուժածների և իրավահաջորդների ցուցմունքներին, «Փաստաթղթեր» բաժնում՝ քրեական գործի նյութերն ամփոփող արդեն իսկ գաղտնազերծված տեղեկանքներին, «Գետաշեն» բաժնում՝ տուժածների և վկաների ցուցմունքներին: «Լեռնային Ղարաբաղ» բաժնում քրեական գործի նյութերը տեղադրվել են` ըստ վարչատարածքային միավորների:
1980-ականների վերջերին Խորհրդային Ադրբեջանի տարածքում և 1990-ականների սկզբներին Արցախում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նյութերի հիման վրա էլեկտրոնային արխիվի ստեղծման աշխատանքներն սկսվել էին 2009թ. սեպտեմբերին, և ներառում են մի քանի հազար փաստաթուղթ:
Էլեկտրոնային արխիվի ստեղծման աշխատանքներն իրականացվել են «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ, որին աջակցել են նաև մի շարք կամավորներ, իսկ ինտերնետային էջը մշակել է ծրագրավորող Արամ Մխիթարյանը:
Կայքէջի տեղեկատվությունը պարբերաբար կհամալրվի քրեական գործերի նյութերով, փաստաթղթերով, ինչպես նաև բաժիններով: Մասնավորապես, առաջիկայում էջում կավելանա «Բաքու» բաժինը, որում կտեղադրվեն Բաքվից գաղթած հայ փախստականների դիմումներն ու վկայությունները՝ Ադրբեջանի մայրաքաղաքում հայերի նկատմամբ իրականացված վայրագությունների վերաբերյալ:
Վկայություններն ու ցուցմունքները տեղադրված են մասնակի կրճատումներով: Համաձայն քրեական գործերի նյութերի` հայերի նկատմամբ իրականացված ջարդերը կրել են կազմակերպված բնույթ, այդ թվում` Ադրբեջանի իրավապահ մարմինների աշխատակիցների անմիջական մասնակցությամբ, որոնք տեղի ազգաբնակչությանը նախազգուշացրել են չպատսպարել և չթաքցնել ազգությամբ հայ հարևաններին՝ սպառնալով հակառակ պարագայում վրեժխնդիր լինել: Նկատի ունենալով, որ ըստ վկայությունների` առանձին դեպքերում հայերին հաջողվել է փրկվել ադրբեջանցի կամ ռուս հարևանների շնորհիվ և օգնությամբ` չեն հրապարակվում Ադրբեջանում բռնությունների ենթարկված հայերի կոնկրետ հասցեները և նրանց օգնության ձեռք մեկնած ադրբեջանցիների անունները՝ վերջինների անվտանգությունից ելնելով:
«Կարծում ենք` արխիվային այս նյութերը օգտակար կլինեն ինչպես պատմագիրների, այնպես էլ քաղաքական գործիչների և ընդհանրապես հասարակության լայն շրջանակների համար, որ յուրաքանչյուր ոք կարողանա ճիշտ ըմբռնել և գնահատել պատմական իրադարձությունները»,- նշվում է Գլխավոր դատախազության կայքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել