HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չհայտնվեցին Վիշապի այգու մասին հասարակական լսումներին

ՀՀ բնապահպանության նախարարության նշանակած, Վիշապի այգու կառուցապատման վերաբերյալ հասարակական լսումները կարելի է համարել չկայացած: Դեկտեմբերի 18-ին քննարկմանը մասնակցելու համար Վիշապի այգի էին եկել շրջակա տների բնակիչներ, բնապահպանության նախարարության, քաղաքական կուսակցությունների («Ժառանգություն» և Կանաչների կուսակցություն), հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Սակայն քննարկմանը չհայտնվեցին ոչ «ԿԱԷՌ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, որը սկսել էր այգու կառուցապատումը, ոչ էլ Նոր Նորքի թաղապետարանը: Հիշեցնենք, որ բնակիչների և հասարակության պահանջով ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը կանգնեցրեց Վիշապի այգում բազմահարկ կառույցի ապօրինի շինարարությունը և հայտարարեց. «Մենք կանցկացնենք հասարակական լսումներ այն մարդկանց հետ, ովքեր այստեղ ապրում են, կլսենք նրանց: Իսկ դուք կպատմեք, թե ինչ եք ուզում կառուցել, ինչ փաստաթղթեր ունեք: Եթե ստանաք փորձաքննության դրական եզրակացություն, ապա կշարունակեք շինարարությունը»: Վիշապի այգու համար հասարակության պայքարը շարունակվում է մեկ ամսից ավելի: «Այս քարե վիշապը ավելի քան 4 հազար տարեկան է: Նրանք (ընկերությունը) գերեվարել էին այն, ահա և մենք նրան ազատ ենք արձակում»,- «ԷկոԼուր»-ին ասաց բնակիչներից մեկը: Մեկ այլ բնակիչ ավելացրեց. «Ծառերը կտրել են ու այրել»: Իսկապես, այգու բարեկարգման ակցիայի ժամանակ տնկված ծառերի միջև նկատելի էին ծառերի մնացորդներ և այված արմատներ: Փաստաթղթերը, որոնց հիման վրա ընկերությունը սկսել է շինարարությունը, վկայում են, որ թույլտվությունը տրված է այգու բարեկարգման, այլ ոչ թե բնակելի շենքի կառուցման համար: Ինչպես «ԷկոԼուր»-ին ասաց ճարտարապետ Մարինա Փափազյանը, 2002թ. Երևանի քաղաքապետի որոշմամբ հանրային տարածքը մրցույթի է հանվել և փոխանցվել ոմն Զադոյանի: Հետո այդ տարածքը վերավաճառվել է, և վերջապես վերջին սեփականատերը որոշել է բնակելի շենք կառուցել` չունենալով դրա համար օրինական հիմք: «Օրինական հիմք չի եղել նաև տարածքը օտարելու որոշման համար»,- կարծում են բնակիչները և հասարակական կազմակերպությունները: «Բնապահպանության փորձաքննության ներկայացուցիչներն այստեղ ներկա էին և պետք է ամրագրեն, որ մենք դեմ ենք»,- «ԷկոԼուր»-ին ասացին հավաքվածները: Ավելի քան 200 հոգի մասնակցեց կառուցապատման դեմ ստորագրահավաքին: Անօրինական որոշումը հետ կանչելու դիմումով բնակիչներն ու ակտիվիստները մտադիր են դիմել Երևանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանին, ինչպես նաև ՀՀ կառավարությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter