HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Անվտանգության հարցերը Հայաստանի բնակչության տեսանկյունից

Ի՞նչն է ամենից շատ մտահոգում այսօր Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում բնակվող մարդկանց, ի՞նչ են նրանք, իրականում, հասկանում «անվտանգության խնդիրներ» ասելով:

Երկրի ո՞ր ուժերին են նրանք համարում իրենց անվտանգության իրական երաշխավորները, եւ հակառակը` ովքե՞ր, ո՞ր ուժերն ու երկրներն են, որ, նրանց կարծիքով, սպառնում են իրենց, Հայաստանի անվտանգությանն ու կայունությանը, ու՞մ նկատի ունեն նրանք «մեր թշնամին» ասելով, արդյո՞ք մարդիկ ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելը համարում են սպառնալիք իրենց համար, ո՞ր երկրներում է, նրանց կարծիքով, Հայաստանի համեմատ ավելի անվտանգ, եւ հակառակը` ավելի վտանգավոր ապրելը, ի՞նչ սպասելիքներ ունեն մարդիկ ապագայում իրենց անվտանգության տեսանկյունից, եւ վերջապես, վստահու՞մ են, արդյոք, նրանք հայաստանյան ԶԼՄ-ների հաղորդած տեղեկատվությանը:

Այս հարցերի շուրջ են եղել երկրի տարբեր բնակավայրերում ապրող մարդկանց հետ մեր զրույցները: Նրանց ընտրել ենք պատահական ընտրանքի սկզբունքով` նպատակ ունենալով ծանոթանալ տարբեր տարիք, մասնագիտություն, սոցիալական դիրք, կենսափորձ ունեցող մարդկանց` իրենց կյանքում եւ երկրի համար նշանակալի իրադարձությունների մասին կարծիքներին ու գնահատականներին: Նրանց, ում քաղաքական գործիչները, կախված իրավիճակից, անվանում են «ժողովուրդ», «հասարակություն», «ազգ», «ընտրազանգված», սոցիոլոգները, հոգեբանները, հասարակագետներն ու այլ մասնագետները` «հետազոտական նյութ», լրագրողները` «պատմության հերոսներ»: 

Կարծում ենք, որ ստորեւ բերվող առաջին երեք, եւ «Հետքի» առաջիկա համարներում տպագրվելիք մնացած բոլոր նյութերն առարկայական եւ հիմնավոր եզրահանգումներ անելու հնարավորություն կտան, ինչի պակասը սուր զգացվում էր վերջերս տեղի ունեցած իրադարձությունների փոխբացառող մեկնաբանությունների տեղատարափից: 

Այսօր իրենց մտահոգությունների մասին պատմում են Ճամբարակ քաղաքի եւ Վահան գյուղի բնակիչները

«Ռեգիոն» կենտրոն

«Հակամարտությունն ազդում է ընտանիքիս միասնության վրա»

Ադրբեջանին սահմանակից Վահան գյուղի բնակիչ 49-ամյա Ազիզ Թորոսյանը մասնագիտությամբ ռադիոինժեներ է, բայց աշխատում է տեղի զորամասի գրադարանում: Տիկին Ազիզի դուստրը եւ երկու որդիները սովորում են Երեւանում: «Գյուղի բնակիչների համեմատ ես լավ վիճակում եմ, քանի որ երեխաներս ուսանող են: Այստեղ ոչ բոլորի երեխաներն են կարողանում ուսում ստանալ: Բայց շատ դժվար է, որովհետեւ ոչ թե աշխատավարձից ենք ուսման վարձ տալիս, այլ վարկեր ենք վերցնում»,- այսպես է նա սկսում պատմել իրեն հուզող խնդիրների մասին: 

«Այսօր շատ եմ մտահոգվում երեխաների ուսման վարձերի պատճառով: Դեռ չեմ մտածում` արդյոք ավարտելուց հետո կունենա՞ն աշխատանք, թե՞ չէ: Նրանք վարձով են ապրում Երեւանում, դա էլ է լրացուցիչ ծախս ընտանիքի համար: Ստիպված վարկեր ենք վերցնում: Քանի որ մեր ամբողջ ուժերը կենտրոնացրել ենք այդ հոգսերի վրա, չենք կարողանում լուծել տան հետ կապված այլ հարցերը: Օրինակ` հիմա գյուղում գազ կա, բայց մենք գումար չունենք գազը տուն հասցնելու համար: Գյուղից մոտակա քաղաք` Ճամբարակ տանող ճանապարհը շատ անմխիթար վիճակում է: Բավականին երկար ժամանակ է պահանջվում հիվանդին հիվանդանոց հասցնելու համար: 

Մենք մի անգամ արդեն տեսել ենք, թե ինչ է պատերազմը, ու հիմա չեմ կարող ասել, որ մենք մեզ լիարժեք անվտանգ ենք զգում: Դարպասի չխկոցն էլ արթնացնում է արկերի պայթյունի հիշողությունը: Մեր գյուղը շատ կարեւոր ռազմավարական խնդիր ունի: Օրինակ` Ադրբեջանի նախագահ Էլչիբեյը ժամանակին ասում էր, որ ոտքերը պետք է Սեւանա լճում լվանա, եւ նա դա ծրագրավորում էր անել Վահան գյուղ մտնելով` նույնիսկ առանց Ճամբարակ հասնելու: Ես լավ եմ ընդունում մեր իշխանությունների կոշտությունն ադրբեջանցիների հարցում: Թուրքի աչքը պիտի վախեցած լինի: Միտինգները որ Երեւանում սկսեցին, անհանգստանում էինք: Մի՞թե մեկը չկար, որ ասեր` ա՛յ ժողովուրդ, ի՞նչ եք անում, դուք թշնամու առաջ ճանապարհ եք բացում: Անհանգստացած էի եւ՛ սահմանի, եւ՛ Երեւանի համար: 

Ազատագրական շարժման օրվանից սկսած` այդ անհանգստությունն իմ մեջ տարբեր չափերով արտահայտվել է: Պահ է եղել` նվազել է, պահ է եղել` շատացել: Ներքին անվտանգության մասին սկսեցի անհանգստանալ ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ: Ես հասկանում եմ, որ մենք պետք է ընդդիմություն ունենանք, բայց ինձ համար ամենակարեւորն այն է, որ հայի արյուն չթափվի, հայը հայի վրա ձեռք չբարձրացնի: 

Ադրբեջանը միշտ սպառնալիք է եղել եւ մնում է մեզ համար: Մտածում եմ, որ ներքին անկայունությունն էլ է սպառնալիք: Քաղաքական լուրջ գնահատականներ չեմ կարող տալ, բայց կարծում եմ, որ իշխանություններն ամեն ինչ կանեն, որ ժողովուրդը կայուն լինի:

Հիմա կան ռուսամետ եւ ամերիկամետ ուժեր: Ես կարծում եմ, որ մեր հայացքը պետք է Ռուսաստանի կողմը լինի: Ես Ամերիկային չեմ վստահում, ու այն քաղաքական ուժերը, որոնք ամերիկամետ են, այս պահին ինձ նույնպես վտանգավոր են թվում: 

Սերժ Սարգսյանի կոշտ քաղաքականությունն ինձ դուր է գալիս, որովհետեւ ես կարծում եմ, որ թուրքի հետ պետք է կոշտ լինել: Ինչքան էլ ուզենք գաղափարական երկխոսություններ ծավալել, միեւնույն է, նրանք չպետք է զգան, որ մենք թույլ ենք: Ես չգիտեմ` ինչքանով եմ ճիշտ, բայց սա սահմանին ապրող մարդու մտածողությունն է: 

Ղարաբաղյան հարցի կարգավորված չլինելն ազդում է իմ ընտանիքի միասնության վրա: Ես չգիտեմ` արդյոք այս պայմաններում իմ երեխաները կուզե՞ն վերադառնալ գյուղ եւ այստեղ ընտանիք կազմել, այստեղ աշխատել, եթե ամեն պահ վտանգի տակ ենք: Բացի այդ, մենք սահմանում հողատարածքներ ունենք: Քանի տարի է` կամ չենք մշակում կամ ահ ու դողով ենք գնում հողամաս: Ոնց որ անընդհատ թիրախ լինենք: Եթե հարցը լուծվի, արդեն խաղաղ, հանգիստ կլինենք: Բայց ես չգիտեմ, թե ինչպե՞ս պետք է լուծել այդ հարցը: 

Թե ո՞ր երկրներում է Հայաստանից ավելի անվտանգ ապրելը կարող եմ ասել իմ աղջկա պատմածով: Նա հինգ ամիս սովորել է Գերմանիայում, հետո նրան տարել են Ֆրանսիա, Բելգիա: Աղջիկս ասում է, որ թեպետ Գերմանիայի նախագահը կին է, բայց նրա համար դժվար չէ երկիր ղեկավարելը, որովհետեւ բոլոր ներքին օղակներն աշխատում են: Նա նաեւ ասում է, որ իր տեսած երկրներում գործում է օրենքը, եւ մարդը պաշտպանված է: 

Մտածում եմ, որ Ադրբեջանում հայը չի կարող ապրել, նույնիսկ մուտք գործել այնտեղ: Ես շատ կուզեի տեսնել Արեւմտյան Հայաստանը, գնալ Մուշ, Վան, Բայազետ, բայց կվախենամ: Ինձ համար ավելի շատ Թուրքիան եւ Ադրբեջանն են սարսափելի: 

Ադրբեջանցին նենգ է, դաժան, կարծում եմ` նա ընդունակ է ամեն ինչի: Իրենց արյան մեջ դա մտած է: Մենք նրանց համար թշնամի ենք: Բայց, օրինակ, ինձ համար շատ զարմանալի էր, որ Թուրքիայում Հրանտ Դինքի սպանությունից հետո թուրքերը, որպես բողոքի նշան, իրենց հայ հայտարարեցին: Ես մինչեւ հիմա չեմ կարողանում հավատալ, որ Թուրքիայում իսկապես կան ուժեր, որոնք դատապարտում են հայի սպանությունը: 

Քանի դեռ հակամարտությունը մնում է չլուծված, եւ ներսում մարդիկ իրար չեն հասկանում, երեւի վաղվա օրն այնքան էլ անվտանգ չի լինի: Մնում է միայն լավատես լինել:

Ես պարտադիր կարդում եմ բոլոր թերթերը: Բայց այդ հանրահավաքների ժամանակ աշխատել եմ ոչ մի ընդդիմադիր թերթ չկարդալ: Մենակ իշխանամետ թերթեր էի կարդում, որովհետեւ շատ էի մտահոգված մեր անվտանգության խնդիրներով եւ չէի ուզում ինքս իմ մեջ լրացուցիչ լարվածություն ստեղծել: Ես շատ եմ կարեւորում խաղաղության խնդիրը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter