Ադրբեջանը խեղաթյուրում է և մեղքը բարդում հայկական կողմի վրա
Դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծի հարավարևելյան, արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված իր հենակետերից հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ավելի քան 50 անգամ գնդակոծել է ղարաբաղյան ուժերի առաջապահ դիրքերը:
Հատկանշական է, որ այդքանից հետո պաշտոնական Բաքվի քարոզչամեքենան կատարվածի մեղքն, իր սովորության համաձայն, ոչ միայն փորձում է բարդել հայկական կողմի վրա, այլև մտացածին լուրեր է տարածում առ այն, թե իբր դեկտեմբերի 17-ին` ժամը 21:15-ի սահմանում, Թալիշ գյուղի ուղղությամբ տեղակայված ղարաբաղյան ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում կիրառվել են հրետանային միջոցներ:
ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ տարածված լուրը չի համապատասխանում իրականությանը: «Դա ադրբեջանական պրոպագանդայի հերթական սադրանքն է, որն այլ նպատակ չի հետապնդում, քան միջազգային հանրության շրջանում Պաշտպանության բանակը ներկայացնել նախահարձակի դերում: ԼՂՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ինչպես միշտ, հարգում են հրադադարի ռեժիմի պահանջները:
Ինչ վերաբերում է Թերթերի շրջանի Բորսունլու գյուղի մերձակայքում արձանագրված պայթյուններին, ապա ըստ մեր հետախուզության տվյալների` դրանք ոչ թե հրետակոծության, այլ ադրբեջանական բանակի մերձսահմանային գոտում տեղակայված զինապահեստներից մեկում տեղի ունեցած արտակարգ միջադեպի արդյունք էին»,- մեկնաբանելով հրետակոծության մասին ադրբեջանական լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ դրված լուրը` ասել է ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել