Դեկտեմբերի 21-ին` բողոքի ակցիա հանրապետության 4 քաղաքում
Վաղը` ժամը 16-ին, հանրապետության 4 քաղաքում` Երևանում, Գյումրիում, Արմավիրում ու Վանաձորում, միաժամանակ անցկացվելու է բողոքի ակցիա կառավարության ընդունած` ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման որոշման դեմ: Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբում ԶԼՄ-ների հետ հանդիպման ընթացքում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Ռուբեն Հակոբյանը, Արմեն Մարտիրոսյանը և Վահագն Հովհաննիսյանը ներկայացրին այս որոշման վերաբերյալ կուսակցության դիրքորոշումը և առաջիկա ակցիայից իրենց ակնկալիքները:
Վահագն Հովհաննիսյանը նշեց, որ կառավարության կայացրած այս որոշումը հապճեպ է և չի բխում մարդկանց շահերից: «Մենք դեմ չենք ապահովագրությանը (սա գործընթաց է, որ կատարվում է ողջ աշխարհում), այլ համարում ենք, որ աղքատության նման ցուցանիշ ունեցող մեր երկրի համար ոչ ճիշտ քայլ է: Կայացվել է հապճեպ որոշում, որը չի բխում մարդկանց շահերից»,- հայտարարեց Վահագն Հովհաննիսյանը:
ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ կառավարության որոշմամբ հավելյալ ֆինանսական բեռ է դրվում ժողովրդի ուսերին, և օրենքի որոշ դրույթներ չեն համապատասխանում Սահմանադրությանը:
«Օրենքը տարբերակված մոտեցում չի ցուցաբերում մարդկանց: Նախատեսված մուծումները բավականին բարձր են` սկսած 25 հազար դրամից: Ամեն ոք չէ, որ ի վիճակի է այդ մուծումները կատարել: Արևելյան Եվրոպայի մակարդակով էլ որ նայում ենք, մեզ մոտ ամենաբարձր մուծումներն են և ամենացածր ապահովագրական փոխհատուցումները: Համարում ենք, որ օրենքը ժամանակավրեպ է: Այն պետք է կասեցնել և ուղարկել լրամշակման»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Բանախոսներից Ռուբեն Հակոբյանն էլ նշեց, որ այս որոշումը թերևս ամենավատ նվերն էր, որ կարող էր անել կառավարությունը ժողովրդին, մանավանդ որ հունվարի 1-ից ապահովագրական կտրոն չունեցող մեքենաների տերերի նկատմամբ կսկսեն կիրառվել տուգանքներ` 50 հազար դրամի չափով: Ռուբեն Հակոբյանի խոսքերով` ակցիայի ավարտին իրենք ժողովրդի անունից միջնորդագիր են հանձնելու կառավարությանը` պահանջելով պատասխան երկօրյա ժամկետում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել