Չնայած դժվարություններին` Սյունիք համայնքում բնակչության թիվն աճում է
Կապանի տարածաշրջանի ամենամեծ համայնքն է Սյունիքը, որի մեջ մտնում են Սյունիք, Արզնակ, Դիցմայրի, Խորձոր եւ Բարգուշատ գյուղերը: Բնակչության թիվն այստեղ տարեկան աճում է միջինը 25-ով: Ներկայումս համայնքում ընդհանուր ապրում է 1500 բնակիչ, ովքեր հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, հողագործությամբ: Սակայն գյուղական համայնքների հողատարածքների մի մասը չի մշակվում` ոռոգման համար անհրաժեշտ ջրի բացակայության պատճառով:
Գյուղի ոռոգման համակարգը, որ կառուցվել է 70-ական թվականներին, այժմ տեղ-տեղ լիովին քայքայվել է, եւ մայր առուն սնուցող ջրերի 20 տոկոսն է միայն հնարավոր լինում օգտագործել ոռոգման նպատակով: Ջրատարի երկարությունը 7 կմ է, ինչի նորոգման համար անհրաժեշտ է 200 մլն դրամ, սակայն Սյունիք համայնքի բյուջեն, ինչպես պատասխանատուներն են հավաստիացնում, դրա հնարավությունը չունի:
Համայնքապետ Սամվել Սարգսյանը ոռոգման համակարգի հիմնանորոգման այս հարցը բարձրացրել է մարզխորհրդի նիստում, որպեսզի հնարավոր քայլերն արվեն այն «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրում ընդգրկելու համար: «ԻՖԱԴ» գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջոցներով Սյունիք գյուղի համար Նորոշենիկ եւ Աճանան գյուղերի հատվածում ջրամբար էր կառուցվել, բայց ջրատարը չհասցրին կառուցել, քանի որ միջազգային այդ կազմակերպությունը հետագայում այլեւս հանրապետությունում չշարունակեց ծրագրեր իրականացնել. նախագծային պլանն այդպես էլ կիսատ մնաց: Այժմ կրկին միջազգային կազմակերպությունների աջակցության անհրաժեշտությունը կա, քանի որ այդ աշխատանքները համայնքը միայնակ չի կարող անել: Համակարգի նորոգումից հետո Սյունիք, Արզնակ, Դիցմայրի գյուղերի ու հարեւան Աճանան համայնքի շուրջ 150-200 հա հողատարածքները հնարավոր կլինի դնել ոռոգման տակ»,- ասում է պարոն Սարգսյանը:
Այժմ այդ հողատարածքները ոռոգման ջրի անհրաժեշտ պաշարի բացակայության պատճառով ծառայում են միայն որպես ցորենի արտեր եւ խոտհարքեր, սակայն ոռոգման ջրի լիարժեք ապահովումից հետո, ըստ գյուղացիների` այդ եւ մի շարք այլ հողակտորները իրենք կարող են ծառայեցնել` կրկին բանջարեղեն եւ այլ գյուղատնտեսական մթերքներ մշակելու համար:
Գյուղամիջում մեզ հանդիպած Անուշը պատմեց, թե ինչպես է ամեն անգամ իր այգում ստացած բանջարեղենով ու կանաչեղենով լի տոպրակը բերում Կապան` իր այգուց ստացած բարիքները վաճառելու եւ դրանից եկամուտ ստանալու համար: «Պտահում ա` տարած ապրանքներս սաղ ծախվում ա, պտահում էլ ա, որ որոշ բաներ հետ եմ պերում: Կլոր տարի ես հողակտորաս ստացված բերքը ծախելավ ըմ յոլա քինում: Նայած սեզոնին հինչ ա լինում, էթ ալ ծախում ըմ: Ալա հողակտոր օնիմ, բայց ջուրը քչություն ա անում, որ նորմալ մշակիմ, ջրիմ: Որ ջուրը բոլ-բոլ ջուր նի, էթ ալ կմշակիմ ու ավելի շատ պեն կծախիմ, 2 կոպեկ ավել փող կկա տոնս, հինչ, փիս կնի՞»,- մեզ հետ ունեցած զրույցում անկեղծացավ Անուշը:
Սյունիք գյուղը նաեւ խմելու ջրագծի նորացման խնդիր ունի, որի համար անհրաժեշտ 10 մլն դրամը համայնքը իր բյուջեից պատրաստակամ է տրամադրել: Իսկ ահա խմելու ջրի հետ կապված մեծ դժվարություն ունի Սյունիք համայնքի Դիցմայրի գյուղը: Խմելու ջուրն այստեղ պետք է բերվի հեռավոր թուրքական գյուղի մոտակայքից, որը կրկին մեծ ֆինանսների հետ է կապված: Գյուղում այժմ բնակվում է 250 բնակիչ, ովքեր ամեն օր բախվում են խմելու ջրի կարեւոր խնդրին: «Շատ կատաստրոֆիկ վիճակ է Դիցմայրիում` խմելու ջրի հետ կապված: Ջրհորների միջոցով են լուծում այդ հարցը: Մշտական խմելու ջրով ապահովելու համար պետք է ջրագիծ կառուցվի, իսկ ջուրը շատ մեծ հեռավորությունից պիտի բերվի, ինչը շատ մեծ ֆինանսներ է պահանջում, մենք էդքան միջոց չունենք: Նախկինում էլ ենք փորձել հարցը լուծել: Միջազգային կազմակերպությունները չէին համաձայնվում ներդրումներ անել, քանի որ ասում էին` բնակչությունը քիչ է, բացի դա էլ` համայնքն էլ ներդրում պետք է աներ, իսկ մենք նախկինում դրա հնարավորությունը չունեինք: Բարեբախտաբար, ներկայումս համայնքի բյուջեն կարող է իր ներդրումն անել, սակայն այսօր մենք միջազգային կազմակերպությունների օգնության կարիքն ունենք նաեւ»,- ավելացնում է զրուցակիցս:
Սյունիք համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանի հավաստմամբ` 3 տարիների ընթացքում տեղական բյուջեով մոտ 100 մլն դրամի աշխատանքներ են տարվել համայնքում: Ընթացիկ տարում նորոգվել է Սյունիք գյուղի մշակույթի տունը: Արզնակ գյուղում համայնքապետարանի կողմից գնվել է նախկին խանութի շենքը, հիմնանորոգվել, եւ այժմ այն օգտագործվում է որպես ակումբ, որի մի հատվածում էլ տեղակայվել է գյուղի բուժկետը: Սյունիք գյուղում նորոգվել են երկու բազմաբնակարան շենքերի տանիքներ, իրականցվել են ասֆալտապատման աշխատանքներ, անցկացվել է փողոցային լուսավորություն, կարգավորվել է աղբահանությունը: Մասամբ նորոգվել է Դիցմայրի գյուղի ոռոգման համակարգը: Ըստ համայնքապետի` համայնքում դեռեւս չլուծված հիմնախնդիրներ կան: Անհրաժեշտություն է առաջացել գազիֆիկացնել Դիցմայրի եւ Արզնակ գյուղերը, որոնցից գազամուղը հեռու է ընդամենը 1,5 կմ:
Չնայած այս դժվարություններին` համայքնում, այնուամենայնիվ, տարեցտարի աճում է բնակչության թիվը:
Մերի Սողոմոնյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել