HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փաթեթի հիմքում պարզ լիցենզավորումն է դրված

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց  հեռուստառադիոհեռարձակման ոլորտում թվայնացման վերաբերյալ իրենց այլընտրանքային փաթեթը: Այն նախատեսում են ներկայացնել խորհրդարանի 5 խմբակցություններին, գործադիր իշխանության իրավասու մարմիններին, միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանի հովանու ներքո գործող աշխատանքային խմբին: Դեռեւս մայիս-հունիս ամիսներին քննարկվում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը եւ թվայնացման համակարգին անցնելու հայեցակարգը: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, ի թիվս այլ լրագրողական կազմակերպությունների, սուր քննադատության ենթարկեց երկուսն էլ: Նրանց կարծիքով` այդ փաստաթղթերը չէին լուծում հին խնդիրները, որոնք որ գոյություն ունեին հեռարձակման ոլորտում եւ նոր մարտահրավերներ էին ստեղծում` թվայնացմանը անցնելու հետ կապված: Այն ժամանակ մի շարք հայտարարություններով հանդես եկան լրագրողական կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները, քննարկումներ տեղի ունեցան: Այդ քննարկումներից հետո, սակայն, հաշվի չառնվեցին առաջարկությունները, եւ նախաձեռնողները բավարարվեցին մի քանի կոսմետիկ բնույթի փոփոխություններով, մինչդեռ սկզբունքային բնույթի ոչինչ չարվեց: Երբ հունիսի 10-ին ընդունվեց նոր օրենքը, եւ հայտարարվեցին մրցույթները, ՀՀ նախագահի հանձնարարականով մարդու իրավունքների պաշտպանի հովանու ներքո ստեղծվեց աշխատանքային խումբ, որը պետք է քննարկեր եւ վերլուծեր այդ ամենը: «Դա ցույց տվեց, որ իշխանությունները եւս դժգոհ են գործընթացից եւ անհրաժեշտություն կա բարելավելու գործընթացը»,- ասաց Աշոտ Մելիքյանը: Նրա ղեկավարած կոմիտեն ձեռնպահ մնաց մասնակցությունից, քանի որ դրանից մեկ ամիս առաջ արդեն ստեղծել էին սեփական աշխատանքային խումբ, որն արդեն գործի էր անցել: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, իրավաբան Օլգա Սաֆարյանը, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարտին Այվազյանը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի նախագահ Սուրեն Դեհերյանը եւ Աշոտ Մելիքյանը օգոստոսից սկսած աշխատում են երեք ուղղությամբ` ա. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ, բ. արդյոք ռացիոնալ է օգտագործվում այն հնարավորությունը, որը տալիս է թվայնացման անցումը, գ. հասարակության հետ աշխատանքներին միտված քայլեր: «Մեզանում թվայնացման հետ կապված գործընթացը տպավորություն էր թողնում, որ պետությունը ինչ-որ բան է անում եւ այն փաթաթում է հասարակության վզին, մինչդեռ զարգացած երկրներում պետությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի հանրային համաձայնություն ձեռք բերվի»,- ասաց Աշոտ Մելիքյանը: Օրենսդրական մոդելի հիմքում պարզ լիցենզավորման գաղափարն է դրված: Հեռուստատեսությունը պետք է պարզ ընթացակարգով ստանա լիցենզիա եւ հետո որոշի` արդյոք մասնակցում է ՀՌԱՀ-ի մրցույթին, թե օգտագործում է ինտերնետային հեռարձակման հնարավորությունը կամ կնքում է պայմանագիր արբանյակային հեռարձակման համար, կամ էլ որոշում է կաբելային եղանակով հեռարձակել իր հեռուստառադիոհաղորդումները: Այսինքն`պարզ ընթացակարգով լիցենզիա ստանալու տարբերակով` հեռարձակողն է որոշում, թե ինչ ձեւով եթեր դուրս գա: Պարզ լիցենզիան լիցենզիայի մերժման շատ քիչ տեղ է թողնում: Ինչպես նշեց կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, այսօրվա գործող օրենքը հեռարձակումը իրականացնելը ներկայացրել է այսպես` «լիցենզիան միակ օրինական հիմքն է, որը ՀՀ տարածքում հեռարձակման իրավունք է տալիս», այսինքն` սահմանափակում է դրված: Իսկ իրենց ձեւակերպմամբ «ՀՀ տարածքում» բառերը հանվել են եւ մնացել է «լիցենզիան միակ օրինական հիմքն է, որը հեռարձակման իրավունք է տալիս»: «Ստացվում է այսպես, որ եթե դու լիցենզիա չունես, ուրեմն`հեռարձակում իրականացնելու իրավունք չունես: Պետությունը կամ նրանք, ովքեր աշխատել են այս օրենքի վրա, հնարավորություն են ստեղծել ցանկացած պահի արգելել հեռարձակողին, եթե նա լիցենզիա չունի ՀՀ տարածքում հեռարձակելու»,- ասում է Մեսրոպ Հարությունյանը:  Առաջարկում են նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների ներառման դեպքում կազմակերպել հանրային լսումներ, որպեսզի յուրաքանչյուր անհատ հնարավորություն ունենա կարծիք արտահայտել մրցույթի մասին: «Չէ որ, ի վերջո, հեռուստատեսությունը ոչ թե Գրիգոր Ամալյանի կամ այդ 10 հոգու համար է, այլ հասարակության համար, հետեւաբար հասարակությունը իրավունք ունի իր կարծիքը արտահայտել»,- ասաց Մեսրոպ Հարությունյանը: Փոփոխություններ են առանջարկվել նաեւ բոլոր այն հոդվածներում, որոնք այս կամ այն կերպ առնչվում են լիցենզավորմանը: Առաջարկել են նաեւ փաթեթային լուծում` «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ անելու մասին: Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարտին Այվազյանը նշեց, որ հայեցակարգի մեջ չկա, թե ինչ տեխնոլոգիա ենք կիրառում: Մինչդեռ կարելի է ընտրել տեսաազդանշանի սեղմման հայտնի երկու ստանդարտները`MPEG-2 կամ MPEG-4: Մեկ տարուց ավել է` Հայաստանում քննարկումներ են ընթանում թվային հեռարձակման մասին, որի միակ սպառողը հանրությունն է, մինչդեռ հանրությունը այդքան էլ տեղյակ չէ, թե ինչ է անհրաժեշտ, որպեսզի հեռուսատեսությունը թվային հեռարձակում ստանա: Այդ են վկայում լրագրողական հարցումները 196 անձանց շրջանում: «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի նախագահ Սուրեն Դեհերյանը թվարկեց հարցերը, որոնք առաջադրվել էին հարցմանը մասնակցողներին` ինչպիսի՞ հեռարձակումից եք օգտվում, ի՞նչ  է պետք, որ ձեր հեռուսատեսությունը ընդունի թվային հեռարձակում, կո՞ղմ եք արդյոք թվային հեռարձակմանը, պատրա՞ստ եք հոգալ թվային հեռարձակման համար ծախսերը: Ըստ արդյունքների` 95 տոկոսը օգտվում է անալոգային հեռուստատեսությունից, որոնցից 25-ը կաբելային, 2,1-ը` IPTV հեռարձակումից: Մարդիկ չգիտեն, թե ինչ է անհրաժեշտ թվային հեռարձակում իրականացնելու համար, գումարային առումով` 95 տոկոսը ճիշտ է պատասխանել`` նշելով, որ թվային հեռարձակման համար անհրաժեշտ է թվային հեռուստացույց եւ ազդանշան: Հարցվածները նաեւ չեն կողմնորոշվում, թե արդյոք անհրաժեշտ է թվային հեռարձակումը, թե ոչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter