HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Անհարկի օպերատիվություն են ցուցաբերել, հիմա էլ հրաժարվում են

Ստեփանավանի դատավոր Արման Թովմասյանի ու դատական կարգադրիչների եւ Վանաձորի բնակիչ Աշոտ Հարությունյանի միջեւ տեղի ունեցած միջադեպից ժամեր անց իրավապահները ներխուժել են Աշոտ Հարությունյանի բնակարան եւ նրան բերման են ենթարկել Ստեփանավանի ոստիկանության բաժին: Այդ մասին վկայում են Աշոտի հարազատները: «Առավոտյան ժամը 8-ին զանգը տվեցին, 5 հոգով էին` քաղաքացիական հագուստով: Ամուսնուս հարցրին. ոչ մի փաստաթուղթ ցույց չտվեցին: Չգիտեի` ովքեր են, հետո խոսակցություններից հասկացա` ինչն ինչոց է: Նրանք ուզում էին, որ ես երեխաների հետ շուտ դուրս գամ, որ մեր մոտ չլինի»,- պատմում է Աշոտի կինը` Հեղինե Փիրուզյանը: Աշոտի հայրն էլ ոստիկաններին հանդիպել է շենքի բակում. «Առավոտյան 8-ին մեր հայաթում էին: Արգելեցին մեքենաս տեղից շարժեմ: Ասին` ոստիկաններ ենք, վկայականը ցույց տվին: Մեքենան տեղում թող արեցի, գնացի: Մինչեւ խանութից էկա, տղիս արդեն տարել էին»,- պատմում է Սամվել Հարությունյանը: ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքի պետ Արման Գալստյանը, սակայն, հերքեց Աշոտ Հարությունյանին բերման ենթարկելու փաստը. «Իրան բերման չեն ենթարկել, այլ ձերբակալել են»,- ասաց: Ըստ նրա` Աշոտ Հարությունյանը տեղում է ձերբակալվել: Իսկ թե ինչպես է նա հայտնվել Ստեփանավանի քննչական բաժանմունքում, քննչականի պետն այս հարցին պատասխան չգտավ. «Չեմ կարող ասել` զանգով ա եկել, թե ոնց: Էդ արդեն իրան պետք ա հարցնեք»,- ասում է Ա. Գալստյանը: Սակայն իրավապահների կողմից Աշոտ Հարությունյանին բերման ենթարկելու փաստը հաստատում է նաեւ մեղադրյալի պաշտպան Անահիտ Ալոյանը` վկայելով, որ այդ հանգամանքը նշվել է նաեւ դատարանում` գործով քննիչ Արայիկ Բերբերյանի կողմից, երբ քննարկվում էր Աշոտ Հարությունյանի նկատմամբ կալանք կիրառելու նրա միջնորդությունը: «Քննիչը հայտարարեց, որ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 9-ին` ժամը 8-ից 10 պակաս, իր բնակարանում հայտնաբերվել է Աշոտ Հարությունյանը եւ բերման ենթարկվել Ստեփանավանի բաժին»,- ասում է փաստաբանը: Վերջինս իր զարմանքն է հայտնել դատարանում, թե ինչ օպերատիվ աշխատանքների մասին է խոսքը, երբ դեպքը մի քանի ժամ առաջ էր տեղի ունեցել, անձն էլ փախուստի մեջ չէր, եւ հավանաբար չէր էլ կասկածում, որ իր դեմ հայտարարություն է տրված: Ըստ փաստաբանի` նման պայմաններում, երբ դեռեւս անկանխատեսելի է` մարդը կթաքնվի, թե ոչ, օպերատիվ միջոցառումների մասին խոսելն ավելորդ է: Առավել եւս, որ հայտնի էր նրա բնակության հասցեն եւ աշխատանքի վայրը: Բայց փաստաբանի զարմանքն անպատասխան է թողնվել դատարանում: «Այսինքն` լավ էլ գիտես տան տեղը, էկել ես, առավոտ շուտ քնից հանել, տարել ես»,- իր հարցին պատասխանում է Ա. Ալոյանը: Նրա համոզմամբ` իրավապահները, ավելորդ շտապողականություն հանդես բերելով, անձին զրկել են դեպքի մասին առաջինը հայտարարություն տալու հնարավորությունից: «Հնարավոր է` արթնանար, ինքը գնար հայտարարություն տար, որ իրեն ծեծել են, ինքն է տուժող»,- ասում է փաստաբանը: Ստեփանավանի քննչական բաժանմունքի պետ Ա.Գալստյանը հաստատում է, որ գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել` Աշոտ Հարությունյանին մեղադրանք առաջադրելու եւ նրան կալանավորելու համար: «Իհարկե, կան հիմքեր, հիմքերի մասին ես ձեզ ոչինչ չեմ ասի: Հիմքերը նախատեսված ա քր.դատ օրենսդրությամբ, ընդամենը»,- ասում է բաժանմունքի պետը: Ա. Ալոյանի խոսքով` «ընդամենը օրենսդրությամբ»` Քրեական դատավարության օրենսգրքի տեսական դրույթներով էլ այդ հիմքերը ներկայացվել են դատարանին («…հաշվի առնելով արարքի բնույթը եւ վտանգավորության աստիճանը, նկատի ունենալով, որ ազատության մեջ մնալով` կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից կամ խոչընդոտել մինչդատական վարույթում…»): «Ոչ մի հիմքի վերաբերյալ ոչ մի ապացույց չկա,- պարզաբանում է փաստաբանը,-հոդվածի նշումներ են: Տվյալ հիմքի համար իրական համոզմունք է պետք, որ այ` եթե քրգործ հարուցվեր, այ այսպես կփախչեր, եթե տեսնեին, որ իրոք փախուստի մեջ է, կամ գտնեին մի քանի օր հետո. դա հիմք կլիներ: Այդ դեպքում նորմալ էլ կլիներ խափանման միջոցի ընտրությունը: Բայց այժմ մարդը անհիմն կալանավորված է»: Փաստաբանի փոխանցմամբ` դատավորի հարցին` կարո՞ղ է իր կողմից բերված տեսական հիմքերը ապացուցել իրական փաստերով, քննիչ Ա. Բերբերյանը ոչ մի պատասխան չի ունեցել: Բայց չնայած դրան` դատարանը` դատավոր Վ. Հովնանյանի նախագահությամբ, բավարարել է քննիչի միջնորդությունը եւ վճիռ կայացրել Աշոտ Հարությունյանին կալանավորելու մասին: Ա. Գալստյանը պնդում է, որ բացի ցուցմունքներից` գործով կան նաեւ այլ ապացույցներ, եւ որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը նույնպես հաշվի է առնվել անձին մեղադրանք առաջադրելիս եւ կալանավորելիս: Այնինչ, ինչպես Աշոտ Հարությունյանի հայրն է ասում, եւ Ա. Գալստյանն էլ հաստատում է, դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն ստացվելուց հետո Աշոտ Հարությունյանի պահանջով նշանակվել է լրացուցիչ փորձաքննություն, որի պատասխանն, ըստ Ա. Գալստյանի, դեռեւս չի ստացվել: Նշանակում է` գործի մեջ ներգրավված է առաջին փորձաքննության պատասխանը, որն, ըստ Աշոտ Հարությունյանի հոր` Սամվել Հարությունյանի, թերի է: «Ստեփանավանում լիարժեք գրված չի եղել, հետո Աշոտին տարել են բանտ, տեսել են որ վնասվածքներ կան, որ չի գրանցված: Էդ էլ են գրանցել, որ հետո իրանց վրա չեպե չըլնի: Մենք էլ պահանջել ենք, նորից փորձաքննություն ա արվել»,- ասում է Աշոտի հայրը: Ըստ Ա. Գալստյանի` ապացույցների համակցության մեջ մեկ առանձին ապացույց է նաեւ տեսագրությունը, որը, նրա ասելով, նույնպես դեռ չի ստացվել: Հետեւաբար` այդ կարեւոր ապացույցը նույնպես ներգրավված չէ գործի մեջ: Այսինքն` Աշոտ Հարությունյանին առաջադրված մեղադրանքն ու նրա կալանավորումը հիմնված են են զուտ դատական կարգադրիչների ցուցմունքների վրա: Իսկ նրանք ցուցմունք են տվել այն մասին, որ Աշոտ Հարությունյանն իբր վիրավորական արտահայտություններ է արել դատավոր Արման Թովմասյանի հասցեին, չի ենթարկվել դատական կարգադրիչների պահանջներին եւ բռնություն է գործադրել նրանց նկատմամբ: Հետաքրքիր է, որ միջադեպին ներկա են գտնվել դատարանի չորս կարգադրիչներ, այնինչ դատավարական օրենսգրքով` յուրաքանչյուր հերթափոխի դատարանում պետք է հերթապահեն երկուսը: Կարգադրիչների անմիջական վերադաս Մերուժան Կյուրեղյանը միանգամայն «նորմալ» է համարում, որ աշխատանքի մեջ չգտնվող կարգադրիչներն այդ պահին հայտնվել են դեպքի վայրում: «Չեն կարողացել կարգի հրավիրեն տղաները, որ կանչել են նրանց»,- աշխատակիցներին արդարացնում է վերադասը: Գործում նշվում է, որ Աշոտ Հարությունյանը մարմնական վնաս է պատճառել կարգադրիչներից մեկին` ճակատի ձախ կեսի ճանկռվածքի եւ աջ դաստակի երկրորդ մատի շրջանի քերծվածքի ձեւով: Նրա վնասվածքների համեմատ` Աշոտ Հարությունյանի կրած վնասը, հարազատների պատմելով, անհամեմատ մեծ է: «Պարզ երեւում ա, որ քցել են ասֆալտին, քացով ու ձեռքերով ծեծել: Ապացույցը` մայկի կեղտն ու ցեխն ա, շալվարի պատռվածը: Եթե իրան քացու տակ չեն գցել ծեծել, կամ եթե հրմշտոց ա եղել, շորերի տակից մայկան ցեխի ու կեղտի մեջ կըլնի՞, շալվարն էլ` պատռվա՞ծ»,- ասում է Աշոտի հայրը: Աշոտի կինն էլ ավելացնում է. «Հագուստը` լրիվ պատռված, լրիվ արյուն: Շալվարը` ճղված, մայկան` լրիվ ճղված: Ու լրիվ կոշիկի հետքեր մայկայի վրա: Նույնիսկ հարցնում էի` հո քեզ տկլո՞ր չեն ծեծել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter