HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու բժշկական կենտրոնը վերանորոգվում է

Յոթամսյա ընդմիջումից հետո` նոյեմբերի 24-ին, վերսկսվել են Ալավերդու առողջապահական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի 2-րդ փուլի շինարարական աշխատանքները: Մասնաշենքի վերանորոգման աշխատանքների առաջին փուլը  սոցիալական ներդրումների հիմնադրամի 108 մլն դրամ ներդրմամբ իրականացվել է 2009 թ.-ի սեպտեմբերի 1-ից 2010 թ.-ի ապրիլը:

Առաջին փուլում վերանորոգվել են մասնաշենքի տանիքը, 2-րդ և 3-րդ հարկերը: Ինչպես «Հետքին» տեղեկացրեց առողջապահական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը, 2-րդ փուլում կապիտալ վերանորոգման կենթարկվի մասնաշենքի առաջին հարկը, կվերականգվեն խմելու ջրի և կոյուղաջրերի ներքին կոմունիկացիաները, կկառուցվի շենքի ջեռուցման կաթսայատուն և թթվածնային բաք: Այս պահին  իրականացվում են մասնաշենքի արտաքին կոմունիկացիոն գծերի վերանորոգման աշխատանքներ: Շինարարական աշխատանքների համար սոցիալական ներդրումների հիմնադրամը տրամադրել է 98 մլն դրամ: Շինարարական աշխատանքները կատարելու իրավունքը մրցութային կարգով կրկին շահել է Վանաձորում գրանցված «Կանակա» շինարարական ՍՊԸ-ն: Վերանորոգման աշխատանքների համար նախատեսված է չորս ամիս. «Սակայն շինարարության ավարտը դեռ չի նշանակում, թե հիվանդանոցը կարող ենք շահագործել, որովհետև լիովին հիմնանորոգված շենքի համար անհրաժեշտ է ձեռք բերել նոր չոր ու փափուկ գույք և որոշակի բժշկական սարքավորումներ, որոնց պակասը մենք ունենք»,- ասաց առողջապահական կենտրոնի տնօրենը: Շինարարական աշխատանքների 4 ամիսը  տնօրենին չեն բավականացնի` անհրաժեշտ գույքն ու սարքավորումները ձեռք բերելու համար: Նա գտնում է, որ հիվանդանոցի շահագործումը այդ  պատճառով կհետաձգվի շինարարության ավարտից դեռ մի 2-3 ամիս հետո: Ստեփան Մոսինյանը դժվարացավ հստակորեն հայտնել, թե որքան գումար է հարկավոր` գույք և բժշկական սարքավորումներ ձեռք բերելու համար: Տնօրենի համար դեռևս անորոշ էին նաև դրանց ձեռք բերման աղբյուրները: Սակայն նա  ակնկալում էր, որ 2011 թ.-ի ապրիլին հիվանդանոցի մասնաշենքի վերանորոգման աշխատանքները լիովին ավարտված կլինեն: Վերանորոգված հիվանդանոցի առաջին հարկում պետք է տեղավորվի առողջապահական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքը` իր դիագնոստիկ լաբորատորիաներով: Ս. Մոսինյանը «Հետքին» տեղեկացրեց, որ հիվանդանոցի մասնաշենքի վերանորոգումից հետո կսկսվի առողջապահական կենտրոնի պոլիկլինիկայի մասնաշենքի վերանորոգումը, որի նախագծային աշխատանքները ընթացքի մեջ են: Վերանորոգված պոլիկլինիկական մասնաշենքում հետագայում պետք է տեղավորվի  կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքը: «Առողջապահական կենտրոնը նեղ բժշկական մասնագետների կարիք այս պահին չունի: Արդեն մեկ շաբաթ է` ՀՀ առողջապահության նախարարության ուղեգրով Ալավերդիում են գտնվում ուղեգրված մանկաբարձ-գինեկոլոգ և վիրաբույժ: Բարձր որակավորում ունեցող բժիշկներ են, հիմա տեսնենք, թե նրանք ինչպիսի ծանրաբեռնվածությամբ են աշխատելու Ալավերդիում»,- ասաց Ս. Մոսինյանը: Վերջինս նաև տեղեկացրեց, որ 2010 թ.-ին հիվանդանոցում բուժումներ են ստացել շուրջ 1360 հիվանդներ, որից 230-ը բուժվել են վճարովի հիմունքներով, շուրջ 1150-ը` պետպատվերով: Առողջապահական կենտրոնի ֆինանսական հոսքերը 2010 թ.-ին կազմել են 245 մլն դրամ, այդ թվում` 210 մլն դրամը կազմում են պետպատվերով վճարումները, շուրջ 35 մլն դրամ` հիվանդների կողմից կատարված վճարումները: Թեև պատկառելի վճարումներին` Ալավերդիում հիվանդները օգտվել են ողորմելի վիճակում գտնվող հիվանդանոցային պայմաններից: Ստեփան Մոսինյանը նաև հայտնեց, որ առողջապահական կենտրոնի 2010 թ.-ի բյուջեում, կապված հիվանդանոցի մասնաշենքի վերանորոգման առաջին փուլի ներդրումային վճարների հետ, 3 ամիս առաջ առաջացել է կրեդիտորական 11,5 մլն դրամ պարտք: Դեռ մեկ տարի առաջ այդ գումարները խոստացել էր վճարել Ալավերդու հունական համայնքը, սակայն Հունաստանում սկսված տնտեսական ճգնաժամի պատճառով համայնքը չի կարողացել կատարել խոստումը: Սոցիալական ներդրումների հիմնադրամը  մասնաշենքի 2-րդ փուլի իրականացման նախապայման է դրել 10,8 մլն դրամ ներդրումային գումարների անհապաղ վճարումը: Առողջապահական կենտրոնը, թերի շինարարությունը վերսկսելու անհրաժեշտությունից դրդված, 3 ամիս առաջ 11 մլն դրամ կարճաժամկետ փոխառություն է վերցրել Վանաձորի Արեշյանի անվան հիվանդանոցից` դեկտեմբերի 23-ին վերադարձնելու պայմանով: Երկրորդ փուլի ներդրումային 4,9 մլն դրամից 4,2 մլն դրամը վճարվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից: «Առաջիկա օրերին կփակենք մեր պարտքը, ես հավատացած եմ, որ 2011 թ.-ը մենք կդիմավորենք առանց կրեդիտորական պարտքի»,- ասաց Ստեփան Մոսինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter