HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2011-ի մարդահամարի հետ կապված խնդիրներ են առաջացել

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցավ ՀՀ 2011 թ. մարդահամարի կազմակերպման եւ անցկացման համապետական հանձնաժողովի նիստը: Արձանագրվեց, որ 2010 թ. հոկտեմբերի 21-30-ը Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում եւ Տավուշի մարզի չորս գյուղական համայնքներում անցկացված փորձնական մարդահամարից ակնկալիքները հիմնականում արդարացվել են, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը կայացել է: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կ. Կույումջյանը ներկայացրեց փորձնական մարդահամարի նախապատրաստման եւ անցակացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները` 2011 թ. բուն մարդահամարի գործընթացն իրականացնելիս դրանցից խուսափելու համար: Մասնավորապես նշվեց, որ քաղաքային համայնքում որոշակի դժվարություններ են առաջացել փողոցների անվանացուցակների եւ շինությունների համարանիշների բացակայության պատճառով, բացի այդ, նկատվել է սխեմատիկ հատակագծերում նշված հասցեների եւ համայնքի հասցեատնտեսությունների միջեւ անհամապատասխանություն, ինչը կարգավորելու համար ԱՎԾ-ն ակնկալում է ՏԻՄ-երի աջակցությունը: Գյուղական վայրերում համայնքների կողմից վարվող գրքերում նկատվել են բնակիչների տվյալների անճշտություններ: ԱՎԾ-ն այս խնդրի լուծման հարցում եւս ակնկալում է մարզպետարանների, ՏԻՄ-երի եւ Ոստիկանության անձնագրային բաժինների աջակցությունը: Նշվեց, որ խնդիրներ են ծագել նաեւ հողաչափերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության ստանալու հարցում: Որոշ տնտեսություններ հրաժարվել են տեղեկություններ տրամադրել տնտեսության սեփականություն հանդիսացող հողաչափերի վերաբերյալ` պատճառաբանելով, թե սեփականաշնորհված հողերից հրաժարվելու պահաջ են ներկայացրել: Նիստում պարզաբանվեց, որ քանի դեռ տվյալ հողատարածքն այլ սեփականտիրոջ անունով չի ձեւակերպվել, այն շարունակում է համարվել բնակչի սեփականությունը: Ա. Գեւորգյանը հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել հասցեգրման խնդիրներ ունեցող բնակավայրերի ցանկը, որպեսզի ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն կարողանա համայնքների հետ համատեղ սկսել հասցեագրման աշխատանքները: Որոշվեց 2011 թ. հունվարի երկրորդ կեսին մարզպետների մասնակցությամբ անցկացնել հատուկ խորհրդակցություն, որի ընթացքում կքննարկվեն 2011 թ. հոկտեմբերի 12-21-ը բուն մարդահամարի գործընթացը համագործակցված կազմակերպելու եւ փորձնական մարդահամարի ընթացքում ի հայտ եկած խնդիրները համատեղ լուծելուն, ինչպես նաեւ այդ նպատակով մարզային վարչական հանձնաժողովների ձեւավորմանը վերաբերող հարցեր: Քննարկվեցին նաեւ 2011 թ. մարդահամարի գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հետ կապված հարցեր: Փոխվարչապետ, մարդահամարի կազմակերպման եւ անցկացման համապետական հանձնաժողովի նախագահ Ա. Գեւորգյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց այն պետություններին եւ միջազգային կազմակերպություններին, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերել 2011 թ. բուն մարդահամարի կազմակերպմանը: Մասնավորապես 585 հազ. դոլար է տրամադրել Նորվեգիայի կառավարությունը, 200 հազ. դոլար` ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը, 100 հազ. դոլար` Համաշխարհային բանկը, 400 հազ. շվեյցարական ֆրանկ` Շվեյցարիայի կառավարության զարգացման եւ համագործակցության կազմակերպությունը, 12 հազ. եվրո` Իտալիայի կառավարությունը, 100 հազ. դոլարի նյութական աջակցություն` Հնդկաստանի կառավարությունը: Փոխվարչապետը հույս հայտնեց, որ մի շարք պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ մինչ այժմ եղած կառուցողական համագործակցությունը կշարունակվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter